Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 12-12-2017
Հայաստանի լավագույն 10 մարզիկ դառնալու թեկնածուների նվաճումները 2017-ին
Ներկայացնում ենք ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից հայտարարված «Լավագույն 10 մարզիկներ» մրցույթի մասնակիցների նվաճումները մարզիկ առ մարզիկ կողմնորոշվելու համար, թե ովքեր կարող են հայտնվել լավագույն 10-յակում։

Իհարկե, դեռ մի քիչ վաղ է ամփոփելու մարզական տարին, քանի որ որոշ մարզաձեւերում մրցաշրջանը նոր-նոր է մեկնարկում, սակայն պետք է փաստել, որ 2017 թ.-ին Հայաստանը ներկայացնող մարզիկներից շատերը բացառիկ նվաճումներ ունեցան ինչպես անհատական, այնպես էլ թիմային մարզաձեւերում։ Պատահական չէ, որ Սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության կողմից անցկացվող «Լավագույն 10 մարզիկներ» մրցույթում 25 թեկնածու է ընդգրկված։ Իհարկե, այդ ցանկը կարող էր նաեւ ավելի ընդլայնված լինել։

Այբբենական կարգով անդրադառնանք թեկնածուներից յուրաքանչյուրի` 2017 թ.-ին գրանցած նվաճումներին։ Իհարկե, բոլոր մանր ու միջին նվաճումներին անդրադառնալը իրոք բարդ է, այդ պատճառով ներկայացնում ենք այն նվաճումները, որոնք ամենից շատը քննարկվեց հայ մարզասերների շրջանում։


Հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանի համար 2017 թվականը լավագույններից մեկն է մրցանակների առումով, թեեւ, իհարկե, 2016-ին նվաճած Օլիմպիական ոսկե մեդալին ոչինչ չի կարող հավասարվել։ Այսպես, ըմբիշը գարնանը դարձավ Եվրոպայի առաջնության րոնզե մեդալակիր, իսկ արդեն ամռանը Փարիզում կայացած Աշխարհի առաջնությունում հաղթեց բոլոր մրցակիցներին եւ ցույց տվեց, որ իր քաշային կարգում լավագույնն է։



Ծանրորդ Ռուբեն Ալեքսանյանը Խորվաթիայում կայացած Եվրոպայի առաջնությանը նվաճեց բրոնզե մեդալ։ Այն թերեւս միակ ու գլխավոր արդյունքն է հայ մարզիկ համար 2017 թ.-ի ընթացքում, քանի որ Աշխարհի առաջնությանը մասնակցել հայ ծանրորդները չկարողացան դոպինգ-սկանդալի պատճառով, որը թույլ չտվեց Հայաստանի ծանրամարտի հավաքականին մասնակցել Անահայմում վերջերս ավարտված խոշոր մրցաշարին։


Գրոսմեյստեր Լեւոն Արոնյանը 2017 թ.-ին շախմատում հասավ մի քանի կարեւոր եւ որոշակի բացառիկ նվաճումների, այդ թվում նաեւ պաշտոնականացրեց հարաբերությունները սիրելիի հետ։ Արոնյանին հաջողվեց դառնալ պատմության մեջ առաջին շախմատիստը, ում հաջողվել է կարիերայի ընթացքում երկու անգամ նվաճել Աշխարհի գավաթը։ Հայ գրոսմայստերը ուժեղ էր մրցակիցներից նաեւ «Նորվեյ Չեսս» եւ «Գրանկե Չեսս Կլասիկ» մրցաշարերում։ Բացի նշյալ բարձր նվաճումներից Լեւոն Արոնյանը հաղթեց նաեւ երկարամյա ընդմիջումից հետո պրոֆեսիոնալ շախմատ վերադարձած Գարի Կասպարովին եւ լավագույնը ճանաչվեց «Սինգֆիլդի Գավաթ» գերմրցաշարում:



Բռնցքամարտիկ Հովհաննես Բաչկովը որոշեց չհետեւել իր մի քանի գործընկերներին եւ չսկսեց պրոֆեսիոնալ բռնցքամարտիկի կարիերա։ Արդյունքում Բաչկովը 2017 թ.-ին երկու կարեւոր նվաճումների հասավ. Եվրոպայի առաջնությունում նա հաղթեց հնարավոր բոլոր մրցակիցներին, իսկ Աշխարհի առաջնությունում գրավեց 3-րդ տեղը։


Ազատ ոճի ըմբիշ Լեւան Բերիանիձեն թե՛ Աշխարհի, թե՛ Եվրոպայի առաջնություններում կարող էր ավելի բարձր հարկի մեդալ նվաճել, սակայն այդպիսի խոշոր մրցաշարերում պատվո հարթակին կանգնելն արդեն իսկ պատվաբեր է ցանկացած մարզիկի համար։ Երկու դեպքում էլ ըմբիշը բրոնզե մեդալ նվաճեց Հայաստանի համար։


Գեղասահքում խոշոր ու բացառիկ հաջողություններ հայ գեղասահորդները չունեցան 2017 թ.-ի ընթացքում, սակայն Անաստասիա Գալուստյանի՝ Եվրոպայի առաջնությունում գրաված 12-րդ տեղն իսկ վատ արդյունք չէ մերօրյա հայկական գեղասահքի համար։ Ինչեւէ, դեռեւս շատ հնարավորություններ կլինեն, որպեսզի Գալուստյանը կարողանա օգտագործել իր մեծ պոտենցիալը։ Մնում է ձախողումներից հետո չհուսահատվել ու շարունակել պայքարը, ինչը շատ դժվար է հատկապես երիտասարդ մարզիկների համար։



Ազատ ոճի մեկ այլ ըմբիշի՝ Գրիգոր Գրիգորյանին եւս հաջողվեց բարձր պահել Հայաստանի մարզական պատիվը 2017 թ.-ի ընթացքում։ Ըմբիշը բրոնզե մեդալ նվաճեց Եվրոպայի առաջնությունում։


Մարմնամարզությունում հայ մարզիկների ցուցանիշները մշտապես մեծ ուշադրության են արժանանում հատկապես հաշվի առնելով այժմ առկա դժվարին մարզումային պայմանները, որոնք մի քանի անգամ զիջում են լավագույնի կոչման համար պայքարող մարզիկների մոտ առկա պայմաններին։ Արթուր Թովմասյանը Համաշխարհային ունիվերսիադայի ժամանակ ապացուցեց, որ անգամ դժվարին պայմաններում մարզումները կարող են արդյունք բերել։ Ուսանողական խաղերում Թովմասյանը ոսկե մեդալ նվաճեց։



2016 թ.-ին ծանրորդ Անդրանիկ Կարապետյանը ծանր վնասվածք ստացավ Ռիոյի ամառային Օլիմպիական խաղերի ժամանակ։ Դժվար էր ակնկալել, որ ընդամենը հաշված ամիսներ անց հայ ծանրորդը կպայքարի Եվրոպայի ուժեղագույնի կոչման համար։ Փոխելով նաեւ քաշային կարգը եւ երկար վերականգնողական փուլ անցնելով՝ Կարապետյանին հաջողվեց կանգնել պատվո հարթակի առաջին աստիճանին Ալբանիայում, որտեղ կայացավ ծանրամարտի երիտասարդների Եվոպայի առաջնությունը։ Անդրանիկ Կարապետյանը 2017 թ.-ին նաեւ արծաթե մեդալ նվաճեց Համաշխարհային ունիվերսիադայի ժամանակ։ Ցավոք, ծանրամարտում առկա դոպինգային սկանդալի պատճառով Կարապետյանը եւս չկարողացավ մասնակցել Աշխարհի առաջնությանը։


Ազատ ոճի ըմբիշ Գեորգի Կետոեւից ակնկալիքները մեծ էին, երբ վերջինս համալրեց Հայաստանի հավաքականի կազմը։ Ժամանակը ցույց տվեց, որ փորձառու մարզիկից մեդալներ կարելի է սպասել։ Աշխարհի առաջնությունում Կետոեւը բրոնզե մեդալ նվաճեց՝ բարձր պահելով Հայաստանի մարզական պատիվը։


2017 թ.-ը հաջողակ տարի կարելի է համարել Հայաստանը ներկայացնող սամբիստների համար։ Թերեւս լավագույն հաջողությունները սամբոյում գրանցեց Տիգրան Կիրակոսյանը։ Հայ մարզիկը լավագույնն էր թե՛ Եվրոպայի, թե՛ Աշխարհի առաջնություններում, բացի այդ էլ կարողացավ հաղթել Աշխարհի սուպերգավաթում։



Մեկ այլ սամբիստ Մաքսիմ Մանուկյանը բրոնզե մեդալներ նվաճեց։ Նա պատվո հարթակի երրորդ աստիճանին կանգնեց ինչպես Աշխարհի, այնպես էլ Եվրոպայի առաջնությունում։ 



Հունհռոմեական ոճի ըմբիշ Մաքսիմ Մանուկյանը իր անվանակից սամբիստից ավելի մեծ նվաճման հասավ։ Բազմաթիվ փորձերից հետո ըմբիշը հաղթեց Աշխարհի առաջնությունում՝ դառնալով Հայաստանի երկրորդ չեմպիոնը Փարիզում։


Ռիոյի ամառային Օլիմպիական խաղերում արծաթե մեդալ նվաճած Սիմոն Մարտիրոսյանի համար 2017 թ.-ը եւս հաջողված տարի էր։ Ծանրորդը լավագույն արդյունքը ցույց տվեց թե՛ երիտասարդների, թե՛ մեծահասակների Եվրոպայի առաջնությունում, ոսկե մեդալ նվաճեց նաեւ երիտասարդների աշխարհի առաջնությունում, հաղթեց 2017 թ.-ի Համաշխարհային ունիվերսիադիայում։ Հայաստանի ծանրամարտի հավաքականի որակազրկման արդյունքում չմասնակցեց մեծահասակների աշխարհի առաջնությանը։


Վերջին տարիներին մարմնամարզիկ Հարություն Մերդինյանը բարձրագույն նվաճումների է հասնում։ Այս տարին եւս բացառություն չէր։ Եվրոպայի առաջնությունում նժույգաթափեր մրցաձեւում Մերդինյանը կանգնեց պատվո հարթակի երրորդ աստիճանին։


Ծանրամարտում հաջողություններ է գրանցում նաեւ Գոռ Մինասյանը։ Ռիոյի ամառային Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակրին հաջողվեց 2017 թ.-ին արծաթե մեդալ նվաճել մեծահասակների Եվրոպայի առաջնությունում։ Երիտասարդների Հին աշխարհամասի առաջնությունում Մինասյանը լավագույնն էր։ Հայ ծանրորդը ոսկե մեդալ նվաճեց նաեւ Համաշխարհային ունիվերսիադայի ժամանակ։



Դահուկային սպորտը Հայաստանում ամենեւին էլ մեծ տարածում չունի եւ չկան խոշոր հաջողություններ, որոնք պարբերաբար կրկնվում են, այնպես որ Սերգեյ Միքայելյանի նվաճումը՝ 3-րդ տեղ ձմեռային Համաշխարհային ունիվերսիադայում բացառիկ է։ Պետք է նշել նաեւ, որ Միքայելյանը գրեթե 90 տոկոսով ապահովել է իր տեղը 2018 թ.-ի ձմեռային Օլիմպիական խաղերում։



Սամբիստ Գրիգոր Մխիթարյանը 2017 թ.-ին կարողացավ երկու անգամ կանգնել պատվո հարթակին։ Մի դեպքում հայ սամբիստը ոսկե մեդալ նվաճեց Աշխարհի առաջնությունում, մյուս դեպքում էլ՝ Եվրոպայի առաջնությունում Մխիթարյանը արծաթե մեդալ ստացավ։


Հենրիխ Մխիթարյանի նվաճումները ոչ միայն պատիվ են բերում Հայաստանին, այլեւ երկիրը ճանաչելի են դարձնում ամբողջ աշխարհում։ Այսօր Հայաստանը ճանաչելի է մեծապես նաեւ Մխիթարյանի շնորհիվ։ Հայ ֆուտբոլիստը 2017 թ.-ին երկարատեւ ու բարդ պայքարից հետո հայտնվեց անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում եւ թիմի հետ հաղթեց Եվրոպա լիգա մրցաշարում՝ հայտնվելով առաջնության խորհրդանշական թիմում։ «Յունայթեդի» հետ Մխիթարյանը հաղթեց նաեւ Անգլիայի լիգայի գավաթի խաղարկությունում, իսկ նրա խփած գնդակը մրցաշրջանի արդյունքում ճանաչվեց «Մրցաշրջանի լավագույն գոլ»։ Մխիթարյանը դարձավ նաեւ UNICEF-ի «Բարի կամքի դեսպան»՝ մասնակցելով տարատեսակ բարեգործական միջոցառումների։ Հայ ֆուտբոլիստը իր համեստությամբ ու խաղով կարճ ժամկետում նվաճեց «Յունայթեդի» երկրպագուների սրտերը՝ դառնալով հետխորհրդային տարածաշրջանի առաջին ֆուտբոլիստը անգլիական Պրեմիեր լիգայում, ում մասին ակումբային հեռուստաընկերությունը կենսագրական ֆիլմ է պատրաստել։ Չնայած այսօր Մխիթարյանը կրկին բարդ իրավիճակում է հայտնվել՝ վերջին 7 խաղերից 6-ում չհայտավորվելով «Յունայթեդի» կազմում, սակայն շարունակում է մնալ մեծ ապագա ունեցող ու համաշխարհային ֆուտբոլի լավագույն 100-յակում մշտապես տեղ ունեցող խաղացող։


Հրաձգությունում հայ մարզիկները վերջին շրջանում կարողանում են կանոնավոր ելույթներ ունենալ ու մեդալներ նվաճել։ Մեծահասակների Եվրոպայի առաջնությունում Լիլիթ Մկրտչյանի հաջողությունը՝ 2-րդ տեղ «վազող թիրախ» մրցաձեւում բացառիկ է եւ կարեւոր՝ հաշվի առնելով մարզիկի երիտասարդ ու խոստումնալից լինելը։ Մարզիկը ակտիվորեն նաեւ սոցիալական ծրագրերի է մասնակցում։ Տարվա ընթացքում նա նպաստել է հրաձգության զարգացմանը ՀՀ սահմանամերձ շրջաններում։


Ուշու մարզաձեւը վերջերս ամփոփեց Հայաստանում իր գործունեության հոբելյանը։ Ուշուի վարպետները երկրում քիչ չեն, սակայն 2017 թ.-ին առանձնահատուկ է Սարգիս Սարգսյանի արդյունքը։ Մարզիկը 3-րդ տեղը գրավեց մեծահասակների Աշխարհի առաջնությունում։



Հեծանվային սպորտում տարեցտարի շարունակում է հաջողությունները զարգացնել երիտասարդ ու խոստումնալից Էդգար Ստեփանյանը։ Հեծանվորդն այս տարի 2-րդն էր Աշխարհի գավաթի խաղարկությունում եւ 11-րդը Եվրոպայի առաջնությունում։ Եթե մի փոքր ավելի մրցակցությունը մեծանա երկրում, գուցե եւ Ստեփանյանի արդյունքները շատ ավելի լավը դառնան մոտակա տարիներին։


Թեքվանդո մարզաձեւում տարին հաջող էր Սերգեյ Վարդազարյանի համար։ Մարզիկը մասնակցեց Համաշխարհային ունիվերսիադային եւ կանգնեց պատվո հարթակի երրորդ աստիճանին։



Եվս մեկ սամբիստ՝ Վաչիկ Վարդանյանը, նույնպես «Լավագույն 10 մարզիկներ» մրցույթի մասնակիցների թվում է։ Մարզիկը մեծահասակների Աշխարհի առաջնությունում 2-րդ տեղը զբաղեցրեց՝ բարձր պահելով հայկական սամբոյի պատիվը։


Թեկնածուների ցանկը եզրափակում է Վալոդյա Ֆրանգուլյանը։ Ազատ ոճի ըմբիշը Եվրոպայի առաջնությունում գրավեց 3-րդ տեղը եւ արժանացավ բրոնզե մեդալի։


Ի դեպ, վերոնշյալ 25 մարզիկների օգտին կարող են քվերակել ինչպես ՀՀ քաղաքացիները, այնպես էլ լրագրողները։ Լրագրողների քվերակությունը տեղի է ունենալու դեկտեմբերի 25-ին։ Վերջնարդյունքում էլ կկազմվի առանց հերթականության ցանկ՝ բաղկացած 10 մարզիկից, որը կամփոփի «Լավագույն 10 մարզիկներ» մրցույթը։ Ասել է թե հաղթողներ ու պարտվողներ չեն լինելու, առաջնահերթ է ուղղակի 10-յակում հայտնվելը։