Նյութը՝ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամից
Լուսանկարները՝ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամից
Տեղադրվել է 13-12-2017
«Ծրագրավորման ժամ» Տավուշի եւ Լոռու մարզերում
«Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոն Հայաստանի» եւ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի (COAF) նախաձեռնությամբ այս տարի «Ծրագրավորման ժամ» (Hour of Code) միջոցառումն անցկացվեց նաեւ Տավուշի եւ Լոռու մարզերի 7 համայնքներում։

Հայաստանում արդեն 4-րդ անգամ կազմակերպվող այդ միջոցառումն ընդլայնում է իր աշխարհագրությունը եւ ընդգրկում Տավուշի մարզի Կոթի, Այգեհովիտ եւ Լոռու մարզի Վանաձոր, Մեծ Այրում, Քարինջ, Թումանյան եւ Արեւածագ համայնքները։ Միջին եւ ավագ դպրոցի 80-ից ավելի աշակերտներ «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի կողմից հիմնված ՍՄԱՐԹ սենյակներում ծանոթացան ծրագրավորմանը, բացահայտեցին «ծրագրավորող», «ծրագրավորման կոդ» եւ նմանաբնույթ հասկացությունները եւ կյանքում առաջին անգամ գրեցին իրական կոդ։ Եվ այդ ամենը մասնակիցները խաղերի միջոցով սովորեցին ընդամենը մի քանի ժամում՝ իրենց կցված մենթորների օգնությամբ: 

«Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացումը մարզերում կնպաստի տնտեսական ակտիվությանը, եւ անկախ նրանից, թե ինչքան հեռու են նրանք մայրաքաղաքից, այդ համայնքներում ապրող երիտասարդները պետք է հնարավորություն ունենան օգտվելու նմանատիպ միջոցառումներից, ծանոթանալու ծրագրավորման ոլորտի հնարավորություններին եւ, գուցե, հետագայում դառնան ծրագրավորողներ եւ հիմնեն ՏՏ ընկերություններ իրենց իսկ համայնքներում։ «Մայքրոսոֆթ ինովացիոն կենտրոնը» իր գործունեությունը փորձում է ընդլայնել եւ տարբեր գործընկերների միջոցով աշխատել հեռավոր համայնքներում»,- նշեց կենտրոնի տնօրեն Արտաշես Վարդանյանը:

Hour of Code-ը համախմբում է ավելի քան 280 մլն մասնակցի աշխարհի 180 երկրից: Հայաստանյան երիտասարդների շրջանում ՏՏ ոլորտի նկատմամբ հետաքրքրությունը գնալով աճում է, եւ այդ միջոցառումը ծրագրավորմանը ծանոթանալու հիանալի հնարավորություն է։ «Ծրագրավորման ժամ» միջոցառման հայաստանյան գործընկերն է «Մայքրոսոֆթ ԱրԷյը»։

«Նախաձեռնությունը շատ համահունչ է եւ հարիր «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ՍՄԱՐԹ մոտեցումներին։ ՔՈԱՖՍՄԱՐԹ կենտրոնի բացումից հետո երեխաներին, ի թիվս այլ հմտությունների, նաեւ տեղեկատվական տեխնոլոգիաների գիտելիքներ ենք փոխանցելու։ Եվ այսօրվա նախաձեռնությունն առաջին քայլն է՝ որպես ծանոթություն ծրագրավորման ոլորտին»,- ասաց «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ծրագրերի տնօրեն Էսթեր Հակոբյանը։  

Պաշտոնական հեշթեգն է #HourofCodeREG17: