Նյութը՝ Հովհաննես Կարապետյանի, Լեհաստանում «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի» կամավոր
Լուսանկարները՝ «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ից
Տեղադրվել է 13-12-2017
Կոտրելով կարծրատիպերը…
«Study visits»-ը (ուսումնական այցեր) CWM-ի հերթական հաջողված նախագծերից մեկն է: Այն մի հարկի ներքո համախմբում է տարբեր երկրների աշակերտներին, ուսանողներին եւ երկշաբաթյա ուսումնական այցեր կազմակերպում շուրջ 20 երիտասարդների համար:

Այս անգամ հերթը սլավոնական երկրներինն էր` Բելառուս, Ուկրաինա եւ Մոլդովա: Ուսումնական այցերից մեկը տեղի ունեցավ Սլուպսկում: Քաղաքով շրջելու առաջին իսկ րոպեներից զգացինք, որ քաղաքը տարբերվում է ինչ-որ անբացատրելի դրական էներգետիկայով. պատահական անցորդները ժպտում էին մեզ, ինչը միաժամանակ ե՛ւ շատ անսովոր էր, ե՛ւ շատ հաճելի: Քաղաքը շատ կոլորիտային էր, մաքուր եւ  բուսականությամբ լի:

Հատկապես տպավորիչ էր Սլուպսկի քաղաքապետ պարոն Ռոբերտ Բեդրոնի հետ հանդիպումը: Նրա`  հանդիպումների սենյակ մուտք գործելու առաջին իսկ վայրկյաններից մասնակիցների լարվածությունը փոխվեց, եւ տիրեց ոչ պաշտոնական, հաճելի մթնոլորտ: 

Հ.Գ.: Ստորեւ ներկայացնում եմ մի քանի դրվագներ հարցազրույցից:

- Պարո՛ն քաղաքապետ, քաղաքով շրջելիս մենք նկատեցինք, որ ամեն քայլափոխին այգիներ եւ կանաչ գոտիներ են: Ինչո՞վ է դա պայմանավորված:

- Նախ նշեմ, որ Սլուպսկը Լեհաստանի միակ քաղաքն է, որտեղ օդի աղտոտվածությունը հասցված է նվազագույնի: Մենք չունենք գործարաններ, որոնք վնասակար արտանետումներ են անում, միայն մեզ մոտ դուք կարող եք ծորակը բացել եւ սովորական ջուր խմել, այլ ոչ թե գնել այն: Մենք աշխատում ենք մաքուր տեխնոլոգիաների ներդրման ուղղությամբ, իսկ շատ բուսականությունը մեր եւ բնակիչների հետեւողական ու բարձր գիտակցական մակարդակի մասին է փաստում. որքան շատ բուսականություն, այնքան մաքուր օդ եւ հետեւաբար կյանքի բարձր որակ:

- Պարո՛ն քաղաքապետ, որքանո՞վ է Ձեր սեռական կողմնորոշումը խանգարում Ձեր աշխատանքին, եթե հաշվի առնենք այն, որ Լեհաստանում մարդիկ այնքան էլ հանդուրժողական չեն:

- Եթե ասեմ, որ որեւէ խնդրի չեմ հանդիպել, անկեղծ չի լինի, բայց ինչպես տեսնում եք, ես մինչեւ այսօր քաղաքապետ եմ եւ կարծում եմ, որ հատկապես Սլուպսկում մարդիկ հասկացել են, որ մարդու սեռական կողմնորոշումը մարդկային հատկանիշ չէ, այլ մարդու բնության անբաժանելի մասը, եւ լավ քաղաքական գործիչ լինելու համար պարտադիր չէ լինել հետերոսեքսուալ:

- Պարո՛ն քաղաքապետ, գրանցվե՞լ են դեպքեր, թե աշխատանքի դիմելիս ինչ խտրական վերաբերմունքի են հանդիպել հաշմանդամություն ունեցող անձինք:

- Մեզ համար բոլորը հավասար են՝ անկախ ֆիզիկական կարողություններից: Եթե կա մտավոր աշխատանքը, ինչի մասին է խոսքը: Նաեւ նշեմ, որ Սլուպսկը Լեհաստանի միակ քաղաքն է, որտեղ գործազրկությունը հասցված է 4%-ի, իսկ ինչ վերաբերում է Ձեր ասած դեպքերին, ապա՝ ո՛չ, այդպիսի դեպքեր չեն գրանցվել: