Նյութը՝ Հովհաննես Կարապետյանի, Լեհաստանում «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի» կամավոր
Լուսանկարները՝ «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոն» ՊՈԱԿ-ից
Տեղադրվել է 13-12-2017
Շիմանկայի գաղտնիքը
Միգուցե ոմանց համար վաղուց նորություն չէ, բայց նորից պետք է փաստել. CWM՝ Երիտասարդական համագործակցության եւ շարժունակության կենտրոն, որն անում է գրեթե ամեն ինչ, որպեսզի թե՛ աշխատակիցները, թե՛ մենթորները եւ թե՛ հատկապես կամավորներս մեզ բավարարված զգանք աշխատանքի վայրում: Ըստ այդմ՝ ժամանակ առ ժամանակ մեր լիարժեք հանգիստն է կազմակերպում՝ քաղաքից դուրս անմոռանալի շրջագայություններ կազմակերպելով:

Նոյեմբեր ամիսը սկսվեց շատ տպավորիչ. երեք հանգստյան օրեր, որոնք վայելեցինք Գդինիայից ոչ շատ հեռու գտնվող մի գողտրիկ անկյունում` Շիմանկա կոչվող ամառանոցում` շրջապատված սաղարթախիտ անտառով՝ իր ողջ հմայքով եւ լռության մեջ թաքնված իր խորհրդավորությամբ: Հարյուրամյա հնության ամառանոցը մեզ ուղղակի ապշեցրեց իր հնադարյան գերազանց պահպանված ճարտարապետությամբ եւ կահավորանքով: Հագեցած գրաֆիկը երեք օրերն ուղղակի մեկ ակնթարթ դարձրեց: Տարաբնույթ քննարկումները, խաղերն ու համակարգողների պրոֆեսիոնալ աշխատանքը տվեցին իրենց արդյունքը: 

Բազմաթիվ activity-ներից նշեմ թեպետ մեկը. այն կապված էր կարծրատիպերի եւ մշակութային տարբերությունների հետ: Յուրաքանչյուր մասնակցի մեջքին փակցված էր մի անուն (սեւամորթ, միայնակ մայր, թմրամոլ, թափառաշրջիկ, մուսուլման, նույնասեռական եւ այլն): Մասնակիցներս պետք է շրջեինք յուրաքանչյուր մասնակցի կողքով, կարդայինք մեջքին գրվածը եւ փորձեինք բացատրել, թե մեր երկրում մարդիկ ինչպես են վերաբերում այդ մարդկանց: 

Վերջում ամեն մեկս պետք է ասեինք, թե`

●Ի՞նչ ենք հասկացել դիմացինի նկարագրությունից. ի՞նչ բառ էր փակցված:
●Ի՞նչ զգացինք դիմացինի նկարագրությունից եւ այլն...

Խաղի իմաստն այն էր, որ մենք հասկանայինք, թե ինչ  կարծրատիպեր եւ նախապաշարմունքներ կան տարբեր երկրներում, եւ փորձեինք հասկանալ դրանց պատճառները եւ փորձեինք ընդհանուր լուծումներ գտնել:

Խաղն իր նպատակին ծառայեց, քանի որ գրեթե բոլոր մասնակիցները չունեին ոչ մի նախապաշարմունք եւ կարծրատիպ: