Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 13-12-2017
Կայացավ Արթուր Մեսրոպյանի «Թռչող տունը» գրքի շնորհանդեսը
Երիտասարդ գրող Արթուր Մեսրոպյանն այսօր ընթերցասերների դատին հանձնեց «Թռչող տունը» բանաստեղծությունների ժողովածուն:

Դա գրողի առաջին գիրքն է, որում ներառված են վերջին շրջանում գրված ստեղծագործությունները: Բանաստեղծական փնտրտուքներն ընթերցողին առաջնորդում են նախ դեպի իր ներսում ապրող անորոշ աղջիկը եւ իրենից դուրս գոյավորվող օտար էությունները, ապա տանում դեպի բնության ու բնազդների արական աշխարհ, որտեղ էլ ինքնաճանաչմամբ աստիճանաբար միս ու արյուն է ստանում ու հստակվում աշխարհի հետ ամեն հարաբերություն՝ սեր, կիրք, ցավ, ուժ, ընդվզում, պարտություն ու հաղթանակ: Աստիճանաբար հայտնվում են հեթանոսական գեղագիտությանն ու ֆուտուրիստական պոեզիային բնորոշ լեյտմոտիվներ:

Eritasard.am-ի թղթակցի հետ զրույցում Արթուր Մեսրոպյանը նշեց, որ գրքում զետեղված են ամենահոգեհարազատ, հետաքրքիր եւ ներկայանալի բանաստեղծությունները՝ 2014 թվականից սկսած. «Գրում եմ տարբեր թեմաներով: Գիրքը  5 թեմայի է բաժանված, սակայն բոլոր թեմաներն էլ հոգեհարազատ են եւ կապված միմյանց հետ»:

Այն հարցին, թե ինչն է ոգեշնչում, Արթուր Մեսրոպյանը պատասխանեց. «Այն, ինչ ինձ մտահոգում է, անհանգստացնում, դուր չի գալիս ու երբեմն նաեւ զզվեցնում: Սակայն չեմ կարող ասել, որ շեշտը դրված է կոնկրետ բացասական կողմնորոշվածության վրա: Ինձ համար կան նաեւ առանձնացող ստեղծագործություններ, որոնք յուրահատուկ են ինձ համար: Կարծում եմ, որ ընթերցողը կհավանի բանաստեղծությունները»:

Այն հարցին էլ, թե, ի վերջո, ուր է թռչում այդ տունը, երիտասարդ գրողն անկեղծացավ՝ նշելով, որ իրականում չգիտի, թե ուր է թռչում տունը. «Մենք պարզապես գնում ենք նրա հետեւից եւ ցանկանում բռնել»:

Գրականագետ, գրքի խմբագիր եւ առաջաբանի հեղինակ Հայկ Համբարձումյանը մեզ հետ զրույցում փաստեց, որ գրքի ռոմանտիկ վերնագիրը, որ կարծես պետք է կապված լինի երազների աշխարհի հետ, որովհետեւ նրա վրայով երազներն են թռչում, եւ երիտասարդներն էլ ունեն իրենց երազները, իրականում այդքան էլ այդպես չէ. «Այստեղ առկա է որոշակի խաղ, քանի որ ժողովածուն ընթերցելու ժամանակ տեսնելու ենք երիտասարդական երազների կործանում, սակայն նաեւ կրկին վերածնվող նոր մարդ: Ժողովածուն կազմելիս փորձել ենք, մասերի բաժանելով, այդ գիծը պահպանել: Առկա են մարդու կորսված ես, վերելքներ, վայրէջքներ, սակայն՝ կրկին այդ «ես»-ի վերագտման հանգուցալուծմամբ»: 

Նշենք նաեւ, որ գիրքը ՀՀ մշակույթի նախարարության աջակցությամբ հրատարակել է «Զանգակ» հրատարակչությունը: 

Պատկերասրահ՝ «Թռչող տունը» գրքի շնորհանդեսը