Նյութը՝ «Վորլդ Վիժն»-ից
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 14-12-2017
Մեկնարկեց ավանդական «Հավաքենք ջերմության փազլը» արշավը
Դեկտեմբերի 8-ին մեկնարկեց Վորլդ Վիժն Հայաստանի «Հավաքենք ջերմության փազլը» նվիրատվական արշավը:

Երեւան Մոլի առաջին հարկում մեկում տեղադրվել է հսկայական երկկողմանի փազլ, որը հավաքվելու է մոլի այցելուների կողմից. նրանք կգնեն փազլի մասնիկները եւ կտեղադրեն յուրաքանչյուրն իր տեղում: Արշավի միջոցով հանգանակված գումարը թույլ կտա տաք հագուստով ապահովել Հայաստանի քաղաքային եւ սահմանամերձ գյուղական համայնքներում ապրող մոտ 100 երեխայի:

Արշավը տեւելու է երկու շաբաթ, այս ընթացքում մոլի այցելուները հնարավորություն կունենան մասնակցել ակցիային եւ ջերմ ձմեռ պարգեւել կարիքի մեջ ապրող երեխաների: 

Նախորդ տարի նույն արշավի շնորհիվ Վորլդ Վիժնը հավաքեց 1.718.380 դրամ, ինչի շնորհիվ տաք հագուստ ստացավ 95 երեխա: 

Հայաստանում յուրաքանչյուր երրորդ երեխան թե՛ աղքատ է, թե՛ կարիքավոր (28%):  Այս երեխաները ամենախոցելին են, ինչո՞ւ.

Երեխաների աղքատությունը խորությամբ հասկանալու համար մասնագետներն այն չափում են՝ հաշվի առնելով ոչ միայն դրամական աղքատությունը, այլ նաեւ դիտարկելով երեխաների այն տարրական կարիքները, որոնք մեծապես սահմանափակում են նրանց լիարժեք ներուժի զարգացումը ապագայում: 

ՅՈՒՆԻՍԵՖ-ի վերջին ուսումնասիրությունը դրամական աղքատության կողքին սահմանում է նաեւ կարիքավորության հետեւյալ չափիչները՝ սնուցում, հագուստ, վաղ մանկական տարիքի կրթություն եւ խնամք, կրթություն, ժամանց, սոցիալական փոխհարաբերություններ, տեղեկատվություն, նյութական/կոմունալ պայմաններ, կացարանային պայմաններ:

Կարիքավոր է համարվում այն երեխան, որը զրկված է թվարկված առնվազն երկու պայմանից: