Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 15-12-2017
Շրջանավարտները «Սինոփսիս»-ի կողմից վկայագրեր ստացան
Առնո Բաբաջանյանի անվան համերգասրահում դեկտեմբերի 15-ին «Սինոփսիս» ընկերությունը ներկայացրեց տեխնոլոգիական կրթության զարգացմանն աջակցող իր ծրագրերը, որոնք իրականացվել են Հայաստանի առաջատար բուհերի հետ:

Միջոցառմանը ներկա էր նաեւ ՀՀ կրթության եւ գիտության նախարար Լեւոն Մկրտչյանը, մի շարք բուհերի ռեկտորներ եւ այլ հյուրեր: 

ԿԳ նախարար Լեւոն Մկրտչյանի խոսքով՝ «Սինոփսիս»-ի ծրագրերը հաճելի ավանդույթ են ձեւավորում. «Ես շատ լավ հիշում եմ, երբ իրականացվում էր առաջին ծրագիրը, եւ կրկին հավաստագրեր էին հանձնվում: Այդ նույն ժամանակ խոսում էինք տարբեր ծրագրերի մասին, որոնք ոգեւորում էին բոլորիս: Եվ այսօր՝ տարիներ անց, վստահորեն կարելի է ասել, որ ծրագրերն իրականացվել են եւ շարունակվում են իրականացվել»:

Նախարարի խոսքով՝ բիզնեսի եւ կրթության փոխկապակցման մասին խոսելիս մշտապես օրինակ է ծառայում «Սինոփսիս»-ը: Որպես վառ ապացույց՝ «Սինոփսիս»-ի համակարգում եւ այլ հայտնի ընկերություններում որակյալ աշխատուժի համալրումն է:

«Սինոփսիս Արմենիա» ընկերության գործադիր տնօրեն Հովիկ Մուսայելյանն իր հերթին փաստեց, որ ամբողջ աշխարհում շեշտը դրվում է որակյալ կրթական համակարգ ունենալու վրա. ««Սինոփսիս»-ի հիմնական առավելությունը հենց որակյալ կրթության ապահովումն է՝ աշխարհի զարգացմանը զուգընթաց: Կրթությունն առաջնային է մեզ համար, իսկ պարգեւների շնորհումն ամենեւին էլ ինքնանպատակ չէ, այլ որակյալ կրթության հավաստում»:

Հավելենք նաեւ, որ բուհ-արդյունաբերություն կրթական մոդելով իրականացվող ծրագրերի 129 շրջանավարտ ստացան ավարտական վկայագրեր: 

Պատկերասրահ՝ «Սինոփսիս»-ի կողմից վկայագրեր հանձնվեցին շրջանավարտներին