Նյութը՝ Միլենա Մկրտչյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 16-12-2017
Կանաչ տնտեսություն, կայուն զարգացում
2010 թ.-ին Արարատ քաղաքում հիմնադրվել է «Երիտասարդներ առանց սահմանների» հասարակական կազմակերպությունը: Այն այսօր իր գործունեությունը ծավալում է հիմնականում բնապահպանության ոլորտում:

Կանաչ տնտեսությունը ենթադրում է կայուն զարգացում: Այդ գաղափարն են փորձում իրականություն դարձնել ՀԿ-ի անդամները ոչ ֆորմալ երիտասարդական աշխատանքի եւ երիտասարդական կրթության միջոցով: 

«Հայաստանի ապագա զարգացման համար անհրաժեշտ է, որ ունենանք էներգետիկ անկախություն, որը ցանկացած պետության զարգացման հիմքն է: 21-րդ դարում կարելի է այսպես որակել. չկա էներգիա, հետեւապես չկա տնտեսություն: Դա մեզ բերելու է անկախ գործունեություն ծավալելուն եւ դրանով իսկ մեր իշխանությունն ամրապնդելուն: Սա է մեր գործունեության հիմնական նպատակը»,- նշում է «Երիտասարդներ առանց սահմանների» ՀԿ-ի հիմնադիր Հայկ Համբարձումյանը: 



Երիտասարդները նորարարական ճանապարհներով, նոր լուծումների միջոցով իրականացնում են մի շարք ծրագրեր: Հիմնականում դրանք միտված են կանաչ տնտեսություն ստեղծելուն: Կանաչ տնտեսությունը ենթադրում է վերականգնվող ռեսուրսներ եւ անթափոն տնտեսություն:  Օրինակ՝ Հայաստան ներմուծվող ապրանքների տուփերից՝ փայտանյութից, պատրաստվում է կահույք: Բացի դրանից՝ ՀԿ-ի նախաձեռնությամբ պլաստիկ շշերից ծաղկամաններ են պատրաստվում, պլաստիկ թափոններից՝ տարատեսակ տարաներ: 

«Երիտասարդներ առանց սահմանների» ՀԿ-ի անդամները նաեւ Սեւանի Արդանիշ թերակղզում մաքրման աշխատանքներ են իրականացրել. «Մենք մեկնել էինք Արդանիշ, որպեսզի մաքրենք այդ միջավայրը եւ վայելեինք այդ պտուղները: Երբ առաջին անգամ եղանք այնտեղ, մի ցանկություն կար՝ րոպե առաջ փախչել այդտեղից, քանի որ ահավոր հակահիգիենիկ, հակասանիտարական վիճակ էր տիրում: Սակայն մենք ցույց տվեցինք, թե ինչպես կարելի է ամենաանմխիթար միջավայրը վերածել մաքուր հանգստի գոտու»:



Հայկ Համբարձումյանը նշում է, որ արդյունավետ աշխատանքի տարբերակ է խնամել, վերականգնել եւ պահպանել շրջակա միջավայրը, պատմամշակութային արժեքները, ազգային ժառանգությունը, հին ապրելատեղիները, ամրոցները, քանի որ այդ ամենն ինքնին կարող է դառնալ եկամտի աղբյուր (տուրիզմի զարգացմամբ):

ՀԿ-ն կարեւորում է նաեւ համագործակցությունը միջազգային կազմակերպությունների հետ: Էրիկ Հայրապետյանը «Երիտասարդներ առանց սահմանների» ՀԿ-ի անդամ է: Նա 2017 թ.-ի ամռանը՝ հուլիսի 13-ին, Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիում մասնակցել է «Youth and Environment Europe» (YEE) կազմակերպության կողմից իրականացվող եւ շրջակա միջավայրի պահպանմանը նվիրված միջազգային հավաքին: Այն ծրագրի եւ կոնֆերանսի հիբրիդային տարբերակ է եղել: Հավաքի շրջանակում տեղի են ունեցել ժողովներ եւ միջոցառումներ: Ամեն տարի ՀԿ-ն մասնակցում է տարեկան ժողովներին, որոնք տեղի են ունենում տարբեր երկրներում, ինչպես նաեւ հանդիպումներին՝ տարբեր ծրագրերի շրջանակում:



«Համագործակցությունը շատ կարեւոր է աշխարհի ցանկացած երկրում, ցանկացած ՀԿ-ի հետ, որը շրջակա միջավայրը պահպանելու, կանաչ տնտեսություն զարգացնելու նպատակ է հետապնդում: Սա դաստիարակչական եւ կրթական ծրագրերը ներկայացնելու եւ իրագործելու մի փորձ է՝ շրջակա միջավայրը պահպանելու համար»,- ասում է Էրիկ Հայրապետյանը եւ հավելում, որ նմանօրինակ յուրաքանչյուր հանդիպում մեծ փորձ է տալիս հաղորդակցության զարգացման առումով: Հնարավորություն է ընձեռվում նաեւ շփվելու օտարերկրյա մասնագետների հետ եւ հետագայում այդ կապերը պահպանելով՝ խորհրդակցել նրանց հետ, նորանոր լուծումներ առաջարկել, մասնակցել տարբեր նախագծերի, ինչպես նաեւ ձեռք բերել ինքնավստահություն, գիտելիք եւ փորձառություն:

Խոսելով ՀԿ-ի հետագա ծրագրերի մասին՝ հիմնադիր Հայկ Համբարձումյանը փաստում է, որ այն շարունակելու է կարծիքների փոխանակման հարթակ լինել երիտասարդների համար, որտեղ նրանք կկարողանան բանավիճել, առաջարկներով հանդես գալ, դրանք իրականացնելու եղանակներ գտնել եւ այլն: 



«Եթե առաջին տասնամյակում մեր կազմակերպությունը կանաչ տնտեսության եւ կայուն զարգացմանը միտված ծրագրեր էր իրականացնում, ապա այսօր մենք եւ մեր երիտասարդությունը էլ ավելի ենք հասունացել: Փորձելու ենք մեր ջանքերը ներդնել մեր երկրի զարգացման այլ ոլորտներում, մասնավորապես կազմակերպչական կամ կազմակերպչաիրավական առաջարկների քննարկումներով եւ ծրագրերի մշակմամբ»,- ասաց Հայկ Համբարձումյանը: