Նյութը՝ Դավիթ Գրիգորյանից
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 19-12-2017
Ժորա Սարգսյանը նոր տեսահոլովակ է ներկայացրել
Երեւանյան միջազգային կիթառի փառատոնի գեղարվեստական ղեկավար, Գերմանիայի Վուպպերտալի կիթառահարների եւ Երեւանի կիթառահարների միջազգային ասոցիացիաների նախագահ, արվեստագիտության դոկտոր Ժորա Սարգսյանը ներկայացրել է նոր տեսահոլովակ:

Միջազգային մրցույթների դափնեկիրը «Արամ Խաչատրյան» համերգասրահում կատարում է Յ. Ս. Բախի Պրելյուդն առաջին դաշնամուրային պարտիտայից (Prelude from First keyboard Partita BWV825 by J.S. Bach):

Նշենք, որ այդ գեղեցիկ եւ ինքնատիպ ստեղծագործությունը գրված չէ կիթառի համար, այն հատուկ այդ գործիքի համար փոխադրել է հենց Ժորա Սարգսյանը:

Հոլովակի ռեժիսորն է Քրիստինա Մալխասյանը, ձայնագրությունն իրականացրել է Author's Studio-ն: Պրոդյուսերական աշխատանքներին ներգրավված են եղել Երեւանի կիթառահարների միջազգային ասոցիացիայի, «Արամ Խաչատրյան» համերգասրահի, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի անձնակազմերը:

Ժորա Սարգսյանն այս տարվա ընթացքում հասցրել է համերգներ ունենալ հանրահայտ փառատոների շրջանակում, որոնք անցկացվել են տարբեր երկրներում՝ Ռուսաստանում, Գերմանիայում, Բելգիայում, Հոլանդիայում, Ավստրիայում, Լիտվայում եւ այլուր:

Ի դեպ, օրերս կայացած Թբիլիսիի կիթառի միջազգային մրցույթում (Tbilisi International Guitar Competition) Ժորա Սարգսյանի ուսանողները հաղթական դափնիների են արժանացել:

Մրցույթի 1-ին եւ 2-րդ տեղերը գրավել են հենց նրա աշակերտները. փոքրերի խմբում՝ Դավիթ Առաքելյանն ու Վահագն Գրիգորյանը, մեծերի խմբում՝ Էդուարդ Հրմուշյանն ու Լիլի Առաքելյանը: Բացի դրանից՝ նրանք արժանացել են հատուկ մրցանակների, ստացել Թբիլիսիի պետական կամերային նվագախմբի հետ հանդես գալու հնարավորություն, շահել են կիթառ եւ դրամական պարգեւներ:

Նշենք նաեւ, որ Ժորա Սարգսյանն առաջիկայում եւս հանդես կգա տարաբնույթ ծրագրերով: Կիթառահարը ելույթներ կունենա մի շարք երկրներում, պատրաստվում է Երեւանյան միջազգային կիթառի հաջորդ փառատոնին: Հաջորդ տարի եւս Սարգսյանի աշակերտները հանդես կգան միջազգային փառատոներում՝ հաղթական դափնիները հայրենիք բերելու ձգտումով:

Կիթառահարը նախատեսում է ծրագրերով, վարպետության դասերով հանդես գալ հանրապետության մարզերում եւ Արցախում:

Տեսահոլովակի հղումը՝