Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 19-12-2017
ԵՊԼՀ-ում կայացավ «Սուրբ Ծննդյան տոնը տարբեր երկրներում» միջոցառումը
Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Կարիերայի կենտրոնը դեկտեմբերի 19-ին կազմակերպել էր «Սուրբ Ծննդյան տոնը տարբեր երկրներում» խորագրով միջոցառումը:



Ներկայացված էին Սլովակիան, Գերմանիան, Իտալիան, Ֆրանսիան, Լեհաստանը, Ռումինիան, Ավստրիան եւ իհարկե Հայաստանը: Յուրաքանչյուր երկրի ներկայացուցիչ հոլովակի միջոցով պատմում էր, թե ինչպես են նշում Սուրբ Ծնունդն իրենց երկրում, ինչպես նաեւ ներկայացնում այն ուտեստները, որոնք այդ օրը դրվում են սեղաններին կամ հայտնի են իրենց տարածաշրջանում: 



Հայ ուսանողները եվրոպացի ուսանողներին եւս շատ հետաքրքիր ավանդույթներով եւ ուտեստներով կարողացան զարմացնել: Հայկական փախլավան անմասն չէր մնացել սեղանը զարդարելուց: 

Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանի Կարիերայի կենտրոնի ղեկավար Լեւոն Բաբամյանը Eritasard.am-ի թղթակցի հետ զրույցում մի շարք մանրամասներ ներկայացրեց միջոցառման մասին: 



«Ինչպես հայտնի է, Երեւանի Վ. Բրյուսովի անվան պետական լեզվահասարակագիտական համալսարանն իրականացնում է մի շարք ոչ ֆորմալ ծրագրեր՝ «IVS» եվրոպական կամավորական ծրագիրը եւ Քաղաքացիական ծառայություն ծրագիրը: Բացի դրանից՝ համալսարանում կան օտարերկրացի աշխատակիցներ, ովքեր մեր համալսարանում դասավանդում են իրենց մայրենի լեզուները: Մեր կամավորների կողմից առաջարկ եղավ Սուրբ Ծննդյան ավանդույթները ներկայացնել հայ երիտասարդներին, մեր ուսանողներին եւ շրջանավարտներին»,- նշեց Լեւոն Բաբամյանը եւ հավելեց, որ այդպիսով օտարազգի ուսանողները եւ դասախոսները ծանոթանում են մեր ավանդույթներին, իսկ մենք՝ նրանց:



Լեւոն Բաբամյանի խոսքով՝ կամավորները պետք է մեկնեն Հայաստանից, որպեսզի իրենց երկրներում դիմավորեն Սուրբ Ծնունդն ու Ամանորը, սակայն խոստացել են հունվարին վերադառնալ: 

«Նրանց համար պատրաստել ենք տոնական անակնկալներ՝ քաղցրավենիքի տեսքով: Հրավիրել ենք Ձմեռ պապ եւ Սանտա Կլաուս՝ փորձելով միքսել ավանդույթները: Կարող եմ ասել՝ սա հիանալի միջոց է թե՛ տեսական, թե՛ գործնական առումով»,- ասաց Լեւոն Բաբամյանը եւ հավելեց, որ համալսարանը մեծ կարեւորություն է տալիս միջազգային միջոցառումների անցկացմանը: