Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 21-12-2017
«Ձմեռային հրաշք». տոնական համերգ՝ նվիրված հայ-ամերիկյան հարաբերությունների 25-ամյակին
Դեկտեմբերի 20-ին Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում կայացավ ԱՄՆ դեսպանատան հովանու ներքո կազմակերպված տոնական «Ձմեռային հրաշք» խորագիրը կրող համերգը:

Միջոցառմամբ ոչ միայն տոնվեց գալիք 2018 թվականը, այլեւ եզրափակվեց անկախ, ինքնիշխան Հայաստանի Հանրապետության հետ Միացյալ Նահանգների 25-ամյա գործունեության եւ բարեկամության հոբելյանական տարվա միջոցառումների շարքը:

Միջոցառմանը ներկա էին ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը, ԱՄՆ դեսպանատան պաշտոնյաներ, ՀՀ Կառավարության ներկայացուցիչներ եւ այլ պաշտոնատար անձինք:

Տոնական համերգից առաջ ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ անցնող տարվա ընթացքում ԱՄՆ դեսպանությունը ներկայացնում էր երկու երկրների միջեւ առկա ամուր գործընկերությունը եւ այն ձեռքբերումները, որոնք գրանցվել են ՀՀ-ի եւ ԱՄՆ քառորդդարյա համագործակցության արդյունքում. ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից 1 միլիարդից ավելի ցուցաբերված օժանդակությունից մինչեւ ամուր ռազմական համագործակցություն, տարաբնույթ կրթական եւ մշակութային փոխանակումներ, անգլերենի ուսուցման ծրագրեր, հետզհետե խորացող առեւտրային եւ ներդրումային գործընկերություն:

«Անշուշտ, Միացյալ Նահանգները նկատելի ազդեցություն է ունեցել Հայաստանի զարգացման գործում: Ես դեռեւս հստակ չգիտեմ, թե երբ կավարտվի իմ պաշտոնավարման ժամկետը, սակայն վստահ եմ՝ ինձ հաջորդող դեսպանը եւս կշարունակի իմ որդեգրած քաղաքականությունը: Այս համատեքստում կարեւորում եմ ներդրումների եւ առեւտրի խորացումը ՀՀ-ի եւ ԱՄՆ-ի միջեւ, մարդու իրավունքների պաշտպանության խթանումը, կոռուպցիայի դեմ պայքարը եւ առհասարակ այն բոլոր աշխատանքներն ու գործընթացները, որոնք նպատակ ունեն առավել սերտացնել ԱՄՆ-ՀՀ հարաբերությունները: Այս տոնական համերգի միջոցով էլ մենք փորձում ենք շնորհակալություն հայտնել մեր գործընկերներին, կառավարությանը, գործարար դաշտին, քաղաքացիական հասարակությանը եւ լրատվական դաշտին»,- նշեց դեսպանը:

Անդրադառնալով «Ֆլեքս» փոխանակման կրթական ծրագրին՝ դեսպանը փաստեց, որ անցյալ տարի ծրագրի շրջանակում ԱՄՆ է մեկնել 1000-րդ հայ աշակերտը. «Դա հիանալի ծրագիր է, որը թույլ է տալիս ավագ դպրոցի աշակերտներին 1 տարի կրթություն ստանալ ԱՄՆ-ում, շփվել, ծանոթանալ ամերիկյան մշակույթին: Փոխարենը նրանք էլ ներկայացնում են հայկականը եւ ինչ կապված է Հայաստանի հետ: Այդպիսով նրանք դառնում են ԱՄՆ-ում ՀՀ ինքնատիպ դեսպաններ»,- նշեց ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը: 

Ռիչարդ Միլսը նաեւ հավելեց, որ գոհ է հայ-ամերիկյան հարաբերություններից, սակայն շեշտեց, որ այդ հարաբերությունները մշտապես զարգացնելու եւ խորացնելու տեղ ունեն: 

Նշենք, որ տոնական համերգին իրենց կատարումներով փայլեցին Սոնա Ռուբենյանը, Մաշա Մնջոյանը, Նարինե Դովլաթյանը, Գրիգոր Կյոքչյանը, Գոռ Սուջյանը, Միքայել Ոսկանյանը, «Կամերտոն» մանկական երգչախումբը, «Օլդ բենդը», իսկ համերգային ծրագրի հումորային մասն ապահովեցին Հայկ Պետրոսյանը եւ Սամվել Թոփալյանը: 

Պատկերասրահ՝ «Ձմեռային հրաշք». տոնական համերգ