Նյութը՝ Հայկ Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 23-12-2017
Ի՞նչ է տալիս Մեսսիի նոր պայմանագիրը «Բարսելոնային»
Կատալոնական «Բարսելոնան» պաշտոնապես վերջերս հաստատեց, որ երկարաձգվել է պայմանագիրը թիմի առաջատար Լիոնել Մեսսիի հետ:
Չնայած անընդհատ ու տարբեր աղբյուրներից բազմաթիվ ասեկոսեներ, լուրեր էին շրջանառվում, թե Արգենտինայի հավաքականի ավագը կարող է հեռանալ թիմից, սակայն ամեն ինչ շատ պարզ ու հստակ է. կնքվեց նոր պայմանագիր՝ նախատեսված չորս տարով՝ մինչեւ 2021 թվականի հուլիս: Չնայած սպասելի էր, որ Մեսսիի՝ արդեն թարմացված պայմանագրում միլիարդի կհասնի ֆուտբոլիստի հրաժարագինը, սակայն այն կազմում է ընդամենը 700 միլիոն եվրո (Կրիշտիանու Ռոնալդուն մնում է աշխարհի ամենախոշոր հրաժարագինն ունեցող ֆուտբոլիստն աշխարհում):
 
Լիոնել Մեսսիի հետ կնքված պայմանագրով կատալոնական «Բարսելոնայի» ղեկավարությունը կարողացավ մի քիչ հանգստացնել թիմի երկրպագուներին, որոնք խիստ դժգոհ էին Նեյմարի տրանսֆերից հետո: Բացի դրանից՝ ամռան ընթացքում թիմը չգնեց այն խաղացողներին, որոնց շուրջ լուրջ բանակցություններ էին ընթանում: Լեո Մեսսիի հետ պայմանագրի չորս տարով երկարաձգումը միառժամանակ լռեցրեց շատ քննադատների, որոնք շարունակում են ուշիուշով սպասել Էռնեստո Վալվերդեի թիմի սայթաքումներին:
 
Ներկայումս Մեսսիի պայմանագրի վերաբերյալ մնացած տվյալները դեռեւս անհայտ են՝ ներառյալ աշխատավարձը: Ըստ «Forbes»-ի հաղորդած ինֆորմացիայի՝ պայմանագրով արգենտինացին շաբաթական կստանա 667 հազար ամերիկյան դոլար: Եթե այդ տվյալը հաստատվի, ապա Մեսսին կդառնա աշխարհի ամենաբարձր վարձատրվող մարզիկը: