Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 24-12-2017
Կնոջ առեղծվածային սեւ զգեստը...
Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանում դեկտեմբերի 23-ին տեղի ունեցավ «Կնոջ առեղծվածային սեւ զգեստը» խորագրով ցուցադրությունը:



Ցուցադրությանը ներկայացվել էին Ավետիք Իսահակյանի կնոջ՝ Սոֆիի անձնական իրերը՝ զգեստներ, կոշիկներ, գլխարկներ, պայուսակներ, օծանելիքի սրվակներ, շպարի պարագաներ եւ այլն: Այդ բոլոր իրերը տիկին Սոֆին ձեռք է բերել Փարիզում ապրելու տարիներին: 



Eritasard.am-ի թղթակցի հետ զրույցում Ավետիք Իսահակյանի տուն-թանգարանի ցուցադրությունների կազմակերպման եւ հանրահռչակման բաժնի վարիչ Ռուզաննա Մեսրոպյանը նշեց, որ տուն-թանգարանում պարբերաբար կազմակերպվող ցուցադրությունների նպատակն է հանրահռչակել, թանգարանի այցելուներին ներկայացնել թանգարանի ֆոնդերում պահվող արժեքավոր առարկաները եւ դրանց հետ կապված պատմությունները:



«Այս ցուցադրությունն ինքնին հետաքրքիր է: «Կնոջ առեղծվածային սեւ զգեստը» խորագիրը եւս պատահական չէ ընտրվել: Մենք ցանկացանք այս ցուցադրությամբ ստեղծել ժամանակի եւ սերունդների կապ, երկխոսություն: Այն պարագաները, հագուստները, որոնք պատկանել են տիկին Սոֆիին, շատերի ուշադրությունն են գրավել (օրինակ՝ «ԱՏԵՔՍ» նորաձեւության կենտրոնի ուսանողների եւ մասնագետների): Հատկապես նրանց գրավել է շանելյան ոճով կարված սեւ զգեստը: Կարծում եմ, որ այդպիսով ստացվեց ժամանակի եւ սերունդների երկխոսությունը»,- նշեց Ռուզաննա Մեսրոպյանը:



Այն հարցին, թե արդյոք այցելուներն այսուհետ հնարավորություն կունենան այդ ցուցադրությունը տեսնել, Ռուզաննա Մեսրոպյանը նշեց. «Մենք արդեն մեկ անգամ կազմակերպել ենք նման ցուցադրություն եւ արժանացել այցելուների ջերմ արձագանքներին: Բազմաթիվ այցելուների խնդրանքով որոշեցինք կազմակերպել եւս մեկը: Ինչ խոսք, մեզ համար հաճելի է, երբ մարդիկ հետաքրքրություն են դրսեւորում մեր թանգարանի նկատմամբ»:



«ԱՏԵՔՍ» նորաձեւության կենտրոնի տնօրեն, ոճաբան Կարինե Դոնոյանը մեզ հետ զրույցում փաստեց, որ իրերն ու աքսեսուարները իսկապես հետաքրքիր են, իսկ սեւ զգեստը՝ յուրահատուկ:

Նրա խոսքով՝ այդ իրերը հիմա եւս նորաձեւ են համարվում, ուստի թանգարանի հետ համագործակցությունը կշարունակվի հետագայում, քանի որ իրերն այնքան հիանալի են, որ ոգեշնչման աղբյուր են հանդիսանում: Կարինե Դոնոյանը նաեւ փաստեց, որ սեւ զգեստն այդ պարագայում մի նոր համագործակցության սկիզբ հանդիսացավ:



Նշենք, որ ցուցադրության ժամանակ Կարինե Դոնոյանը խոսեց սեւ զգեստի առանձնահատկությունների մասին եւ նշեց, որ յուրաքանչյուր կին եւ աղջիկ իր պահարանում պետք է ունենա սեւ զգեստ, քանի որ այն յուրահատուկ ձեւով է ընդգծում կանացի հմայքը:

Ցուցադրությունն ուղեկցվեց երգերով, ասմունքով եւ փարիզյան մթնոլորտ ստեղծող երաժշտությամբ: