Նյութը՝ SPRING PR-ընկերության
Լուսանկարները՝ SPRING PR-ընկերության
Տեղադրվել է 25-12-2017
Բացվեց Տավուշի մարզի ամենամեծ արեւային էլեկտրական կայանը
Արեւային էներգետիկայի զարգացումը Հայաստանի էներգետիկ քաղաքականության օրակարգային հարցերից է։ Դեկտեմբերի 22-ին Ենոքավան գյուղում բացվել է ՀՀ Տավուշի մարզի ամենամեծ արեւային էլեկտրակայանը: Բացման պաշտոնական միջոցառման օրվա ընտրությունը պայմանվորված էր էներգետիկների միջազգային տոնով:
Ողջունելով ներկաներին եւ շնորհավորելով էներգետիկներին մասնագիտական տոնի առիթով՝ ՀՀ Էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների փոխնախարար Հայկ Հարությունյանը նշել է. «Արեւային կայանի բացումը առաջընթաց է դեպի էներգետիկ անվտանգություն։ Դա հնարավորություն է օգտագործելու վերականգնվող էներգիայի Հայաստանի մեծ ներուժը եւ ապահովելու մեր  երկրի էներգետիկ անկախությունը: Նույնիսկ եղանակային անբարենպաստ պայմաններում՝ մառախուղի ժամանակ կայանն արտադրում է 147 կՎտ էլեկտրաէներգիա:  Արեւային քարտեզով Տավուշի մարզը նվազ ռեսուրսներով վայր է մեր հանրապետությունում,  քանի որ այն տեղումնառատ եւ խոնավ գոտի է:  Անբարենպաստ է հատկապես  դեկտեմբերը։ Չնայած դրան, կայանը զարմանալի ցուցանիշներ է ապահովել։ Ընդ որում, արդյունքներն արձանագրվել  են մեր տեղական  արեւային վահանակների կիրառմամբ»: 

Ենոքավանում բացված արեւային կայանն ունի 147 կՎտ դրվածքային հզորություն։ Այն կարող է արտադրել տարեկան մինչեւ 208.000 կՎտ ժամ էլեկտրաէներգիա։  Գործարկման արդյուքնում կխնայվի ամսական միջինը 745 հազար դրամ եւ 7.2 տոննայով կնվազեն մթնոլորտ արտանետվող ջերմոցային գազերը: ՀՀ Տավուշի մարզում արեւի ինտենսիվությունը կազմում է ավելի քան 1500 կՎտ ժամ տարեկան 1մ2 մակերեսի վրա, ինչը 1.5 անգամ ավելին է, քան Եվրոպայում։   

ՀՀ Տավուշի մարզի ամենամեծ արեւային էլեկտրական կայանը տեղակայված է Ենոքավան գյուղի «Ապագա Ռեզորթ» ակտիվ հանգստի գոտու տարածքում: 

Կայանը տեղադրվել է Հայաստանում առաջին եւ միակ արեւային վահանակներ արտադրող«Սոլարոն»-ի կողմից, իսկ  ֆինանսավորումը իրականացվել է «ԱԳԲԱ Լիզինգ»-ը KfW վերականգնվող էներգիայի ֆոնդի միջոցով: