Նյութը՝ Հովհաննես Կարապետյանի, Լեհաստանում «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի» կամավոր
Լուսանկարները՝ Հովհաննես Կարապետյանի
Տեղադրվել է 27-12-2017
Սուրբ ծննդյան խորհուրդը Լեհաստանում
Սուրբ ծնունդ՝ Եվրոպայի շատ ու շատ երկրներում եւ հատկապես Լեհաստանում ամենասիրված ու ամենասպասված տոներից մեկը:
Սուրբ ծննդյան տոնակատարությունների մեծ մասը Լեհաստանում տեղի է ունենում դեկտեմբերի 24-ին, եւ թեպետ օրը պաշտոնապես պետական տոն չի համարվում, սակայն շատ լեհերի համար դա ընտանեկան ամենակարեւոր օրերից է: Շատ հաստատություններ իրենց աշխատանքը դադարեցնում են Սուրբ ծննդյան երեկոյից մեկ օր առաջ, եւ բոլորը մեծ ոգեւորությամբ սպասում են Սուրբ ծննդյան ընթրիքին:
 
Ներկայացնեմ Լեհաստանում Սուրբ ծննդյան ավանդույթներն ու սովորույթները, իսկ դուք այդ ընթացքում զուգահեռներ անցկացրեք մեր` Հայաստանում այն տոնելու ավանդույթների եւ սովորույթների հետ:
 
●Սպասելով առաջին աստղի հայտնվելուն: 
Շատ լեհեր սպասում են մինչեւ երկնքում կհայտնվի առաջին աստղը, եւ միայն դրանից հետո կարող են սկսել ընթրիքը: Այս ավանդույթն ասոցացվում է Բեթղեհեմի աստղի հետ, որը, Նոր Կտակարանի համաձայն, ցույց է տվել Քրիստոսի ծծնդյան վայրը: 
 
● Opłatek/ նշխար՝ ալյուրից եւ ջրից պատրաստված անուշաբույր վաֆլի՝ կրոնական պատկերով: 
Սուրբ ծննդյան տոնակատարությանը մասնակցող յուրաքանչյուր մարդ ստանում է մեկը, հետո բաժանում է բոլորին: Դա ուղեկցվում է բարի ցանկությունների փոխանակմամբ եւ տեղի է ունենում ընթրիքի նստելուց առաջ: Այս ավանդույթը կապված է վերջին ընթրիքի ժամանակ հացը բաժանելու հետ:
 
●Խոսել կենդանիների հետ:
Համաձայն հին լեհական ավանդույթի` Սուրբ ծննդյան նախօրեին կենդանիներն օժտվում են խոսելու ունակությամբ` որպես պարգեւ Հիսուսին երկրի վրա ողջունելու համար: Դրա համար շատ երեխաներ փորձում են խոսել կենդանիների, հատկապես ավանակի հետ` ակնկալելով ինչ-որ բառ լսել նրանցից:
 
● Սեղանին դնել մեկ դատարկ ափսե: 
Երբ բոլորն արդեն նստած են սեղանի շուրջ` ճաշակելու համադամ կերակուրները, դուք կարող եք նկատել, որ սեղանին մեկ ափսե ավելի է դրված: Բազմաթիվ լեհեր դեռ շարունակում են սեղանի շուրջ մեկ լրացուցիչ տեղ պահել եւ դատարկ ափսե դնել այն դեպքի համար, եթե որեւէ կարիքավոր մարդ դուռը թակի եւ ապաստան խնդրի: Թեեւ մեր օրերում դա հազվադեպ է պատահում, այնուամենայնիվ ավանդույթը պահանջում է, որ միայնակ անծանոթներին հյուրընկալեն եւ վերաբերվեն որպես ընտանիքի անդամի:
 
● Միս չուտելը:
Լեհաստանում Սուրբ ծնունդը բոլոր բուսակերների երազանքն է: Լեհերը, հին կաթոլիկ ավանդույթները խստիվ պահպանելով, Սուրբ ծննդյան տոնի նախօրեին սովորաբար ձեռնպահ են մնում մսից եւ խմիչքից: Այնուամենայնիվ, գինին եւ ձկնեղենը ընդունելի են, եւ վերջինս առատորեն առանձնանում է ավանդական ճաշատեսակներով:
 
● Սեղանի տակ չոր խոտ դնելու խորհուրդը:
Եթե դուք հանկարծակի ինչ-որ խոտ նկատեք սփռոցի տակ, չկարծեք, թե տան տերերը մաքրությունը լավ չեն արել: Խոտը հատուկ է դրված` հիշեցնելու, որ ըստ Աստվածաշնչի՝ նորածին Հիսուսը դրվեց մսուրի մեջ՝ հանգստանալու համար:
 
● Պատրաստել 12 ուտեստներ: 
Լեհաստանի Սուրբ ծննդյան տոնի ավանդական ճաշը բաղկացած է 12 տեսակներից: Մեկը յուրաքանչյուր տարվա համար է: Ոմանք պնդում են, որ ամեն ոք պետք է փորձի բոլոր ճաշատեսակներից, որպեսզի առաջիկա 12 ամիսների ընթացքում հաջողությունն ուղեկից լինի: 

Լեհական Սուրբ ծննդյան դասական ուտեստներից են կաղամբով եւ սնկով pierogi-ները, ինչպես նաեւ makowiec թխվածքը:

Դե՛, ես արդեն նշեցի Սուրբ ծնունդը, հերթը Ձերն է:

Շնորհավո՛ր Ամանոր եւ Սուրբ ծնունդ: