Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 28-12-2017
Եվգենի Կիսին․ երբ կատարողի հետ բեմում նաեւ հանդիսատեսն էր
Կոմիտասի «Կռունկ»-ն աշխարհի ամենահայտնի բեմեր բարձրացրած դաշնակահար Եվգենի Կիսինը Հայաստանում է: Նա մասնակցում է «Երեւանյան հեռանկարներ» փառատոնին:
Երեւանյան ունկնդիրը երեկ հնարավորություն ունեցավ ունկնդրելու Կիսինի հեքիաթային կատարումները: Ի դեպ, նկարահանող ֆոտո եւ տեսախցիկների աղմուկը համերգի սկզբում հավանաբար նյարդայնացրեց նրբազգաց երաժշտին, ով առաջին ստեղծագործության կատարումից հետո գնաց կուլիսներ այնքան ժամանակ, մինչ կազմակերպիչները դուրս կհրավիրեին ֆոտոլրագրողներին եւ օպերատորներին։

Հարկ է նշել, որ 100-ից ավելի հանդիսատես բեմում էր վայելում երեկոն. Օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում անգամ ազատ աստիճան հնարավոր չէր գտնել։
 
Կիսինը վերադարձավ բեմ. այս անգամ բացարձակ լռության պայմաններում աշխարհահռչակ դաշնակահարը լեփ-լեցուն դահլիճին պարուրեց հնչյունների կախարդական հեքիաթով։

Երեկոյի ընթացքում դաշնակահարը կատարեց Բեթհովենի, Պրոկոֆեւի, Շոպենի, Լիստի ստեղծագործություններից։

Կիսինին գնահատում են ոչ միայն տաղանդի, վարպետության, հրաշալի կատարումների համար, այլեւ սիրում են որպես հայ ժողովրդի բարեկամի: Կիսինը վստահեցրել է՝ որքան ապրում է ու կա՝ կայցելի Հայաստան: Ի դեպ, դաշնակահարը Երեւանում է կնոջ՝ կիսով չափ հայ Կարինե Արզումանովայի հետ: Նրա մայրը նույնպես հայուհի է: