Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ անձնական արխիվից եւ Գագիկ Ավետիսյանի
Տեղադրվել է 29-12-2017
«Խրամատից` հավերժություն». Արցախի հերոս, կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյան
Eritasard.am-ը շարունակում է ներկայացնել «Խրամատից` հավերժություն» հեղինակային շարքը, որը պատմում է ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում զոհված զինծառայողների կյանքի ու սխրանքի մասին:
Այս անգամ ներկայացնում ենք Արցախի հերոս, ԱՀ «Ոսկե արծիվ» եւ ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանների ասպետ, կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանին: 2016 թ.-ի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ 116 մարտական դիրքի անձնակազմը վաշտի հրամանատար, կապիտան Արմենակ Ուրֆանյանի հրամանատարությամբ անառիկ պահեց Մարտակերտի դարպասները: Հրամանատարի եւ զինակից ընկերոջ զոհվելուց հետո 2-րդ հրաձգային դասակի ջոկի հրամանատար, կրտսեր սերժանտ Ռոբերտ Աբաջյանը եւ գնդացրորդ, շարքային Անդրանիկ Զոհրաբյանը մարտը շարունակեցին արդեն դիրք ներխուժած ադրբեջանցիների դեմ: 


 
Ռոբերտը գումարտակի հրամանատարի հետ վերջին անգամ կապ հաստատեց ժամը 06:30-ի սահմաններում՝ հայտնելով, որ միայն ինքն է ողջ մնացել, ունի մեկ՝ վերջին նռնակը, որը պատրաստվում է պայթեցնել, երբ թշնամին կմոտենա: Այնուհետեւ նկատելով իրեն մոտեցող թշնամու գրոհայիններին՝ Ռոբերտ Աբաջյանը ձեռքերը վեր է բարձրացրել՝ տպավորություն ստեղծելով, թե հանձնվում է, ապա պայթեցրել է նռնակը՝ ոչնչացնելով նաեւ թշնամու մի քանի զինյալների:  



Մոնումենտցի Կյաժը

Ռոբերտ Աբաջյանը ծնվել է 1996 թ.-ի նոյեմբերի 16-ին մայրաքաղաքում: Ոսկեմազ, թափանցիկ-երկնագույն աչքերով տղան Ալեքսանդր եւ Աննա Աբաջյանների երկրորդ որդին էր: 



«Հայրս միշտ մտածում էր, որ Ալեքսանդրի որդիներից մեկն իր անունը պետք է կրի: Երբ թոռս ծնվեց, հայրս արդեն հեռացել էր կյանքից, բայց որդիս ու հարսս երեխային նրա անունով կոչելու ցանկություն հայտնեցին: Ես, իհարկե, ողջունեցի նրանց որոշումը: Բնավորության որոշ գծերով Ռոբերտս նմանվեց հորս. բարեկամասեր էր, ընկերասեր…»,- պատմում է Ռոբերտ Աբաջյանի տատը՝ վաստակաշատ ուսուցչուհի Անահիտ Գեւորգյանը: 



Չափազանց կենսուրախ, տարբերվող երեխա էր Ռոբերտը, այնքան շարժուն, կարծես հանգիստ չուներ: Երբ նրան մոտակա խանութ էին ուղարկում, նվազագույնը մեկ ժամ ուշանում էր. ճանապարհին հարեւաններից ում հանդիպեր, պարտադիր պետք է կանգ առներ, զրուցեր, հետաքրքրվեր նրանց որպիսությամբ: 


«Եթե մեր փողոցը մարդաշատ էր, թաղամասի երեխաներն ուրախ աղմկում էին, ուրեմն մեր թոռնիկները տանն են,- հիշում են պապն ու տատը, իսկ Գեւորգ պապը շարունակում է,- դեռ մանկուց Ռոբերտիկը խիստ արտահայտված կազմակերպչական ջիղ ու համոզելու զարմանալի կարողություն ուներ: Նույնիսկ այդ տարիքում չափազանց շրջահայաց էր, հեռատես: Ամեն ինչի մասին նախապես էր մտածում, իսկ մենք հետո էինք հասկանում, որ նա ճիշտ է: Չէր ամաչում, չէր քաշվում: Տնից դուրս էր գալիս, որ տեսնի՝ ով կա փողոցում, որպեսզի բարեւի, զրուցի, հարցուփորձ անի: Բոլորի հետ ընկերանում էր»



«Հարեւանուհիս ոտքի կոտրվածք էր ստացել, գամված էր անկողնուն, Ռոբերտիկը խիստ մտահոգ տոնով ասաց. «Տատի՛, գնանք տեսնենք՝ Մարուս տատիկը ոնց է»: Երբ վերադարձանք,  շարունակեց. «Մարդ չկար, որ Մարուս տատիկը հետը զրուցեր, գնամ, մի քիչ զրուցեմ»,- թոռնիկի մասին հուշերից  ջերմացած՝ պատմում է տատն ու հավելում,-  տղաս 93 համարի երթուղային էր վարում: Ռոբերտս մի օր կանգնել էր մոտակա կանգառում, կանգնեցրել 93 համարի բոլոր երթուղայինները եւ վարորդներին հրավիրել մեր տուն՝ իր տարեդարձին: Տղաս պատմեց, որ բոլորը հերթով մոտեցել են իրեն ու հայտնել, որ մեր տուն են գալու, քանի որ Կյաժն է հրավիրել: Իհարկե, եկան: Ռոբերտի համար որպես նվեր ոսկյա ապարանջան էին բերել, որի վրա մակագրված էր «Կյաժին»»



Ռոբերտին առաջին անգամ հայրն էր անվանել Կյաժ: Այդպես էլ նրան ճանաչեցին որպես Մոնումենտցի Կյաժ: 

«Չափազանց բարեկամասեր էր: Ժամանակ առ ժամանակ գտնում էր Աբաջյան ազգանվամբ որեւէ մեկին ու գալիս, ինձ հարցնում էր, թե բարեկամական կապ ունի՞ արդյոք մեզ հետ,-հիշում է Գեւորգ պապը,- ավտոմեքենաների նկատմամբ մեծ սեր ուներ, անգիր գիտեր բոլոր ավտոմասերը: Եթե որեւէ բան չգիտեր, հարցնում էր ու սովորածը մտապահում: Մեքենա վարելն էլ նրա տարերքն էր: Մի օր մեր տուն հյուր պետք է գար, տան տեղը հեռախոսով բացատրում էինք, չէին հասկանում: Ռոբերտիկը ելքը գտավ. հեռախոսը վերցրեց ու ասաց. «Դուք հենց Շրջանային սպասե՛ք, ես հիմա կգամ ձեզ կբերեմ»: Ու հորեղբորից վերցրեց մեքենայի բանալիները: Ամեն ինչ կաներ, միայն թե ինքը վարեր մեքենան»



«Ընկե՛ր Մովսիսյան, ավելի լավ է՝ Դուք մի քիչ ուշ դասարան մտե՛ք, որ ես չուշանամ»

Ռոբերտը սովորել է Երեւանի համար 147 հիմնական դպրոցում, 5 տարի՝ տատիկի՝ ռուսաց լեզվի ուսուցչուհի Անահիտ Գեւորգյանի դասղեկական դասարանում: Տատը չափազանց խիստ ու հետեւողական էր հատկապես թոռան նկատմամբ: Կյանքի ամենակարեւոր դասերը Ռոբերտը քաղում էր հենց ուսուցչուհի տատից: 


«Եթե իմ թոռը կարգապահ չլիներ, եթե նրա հագուկապը չհամապատասխաներ դպրոցին, ես՝ որպես ուսուցչուհի, ինչպե՞ս կարող էի մյուս աշակերտների սխալները շտկել: Դասից փախչել Ռոբերտը չէր կարող, որովհետեւ ես այնտեղ էի եւ ես չպետք է ամաչեի… Չեմ ասում, թե գերազանց  էր սովորում, սակայն չի եղել այնպիսի դաս, որին նա անպատրաստ ներկայանար: Երբեմն ընդունված կարծիք կա, որ ուսուցիչների երեխաներն արտոնություններ ունեն. մեր պարագայում հակառակն է եղել: Եթե Դուք կարդաք Ռոբերտիս գրած բացիկները, անգամ այնտեղ տատիկի փոխարեն ինձ անունով եւ հայրանունով է դիմել»,-պատմում է տատը:  



Տանը նույնպես ուսուցչուհի էր, երբեմն՝ նույնիսկ ավելի խիստ, քան անհրաժեշտ էր: Ավելի շատ ուսուցչուհի էր, քան տատիկ: Զրուցակիցս շարունակում է հիշել. «Երբ ավագ թոռս՝ Ռուբենը, սկսեց դպրոց հաճախել, հենց առաջին օրն իմ աշակերտներից մեկին խնդրեցի երեխային բերել ինձ մոտ (ես այլ մասնաշենքում էի), որպեսզի իմանար՝ որտեղ է տատիկը եւ դասերի վերջում գար ինձ մոտ՝ միասին տուն գնալու համար: Սակայն տեւական ժամանակ Ռուբենն ամաչում էր մենակ գալ: Երբ սկսեց դպրոց հաճախել Ռոբերտը, կրկին առաջին օրն աշակերտ ուղարկեցի՝ նրան բերելու: Հաջորդ դասամիջոցին տեսնեմ՝ Ռոբերտը կողքիս կանգնած է: Եվ այդպես գրեթե ամեն օր: Զանգը հնչելուց հետո մինչեւ հասնում էր իրենց մասնաշենք, ուշանում էր դասից: Մի օր էլ դասվարը՝ ընկեր Մովսիսյանը, ասել է. «Ռոբե՛րտ ջան, բալի՛կ ջան, չի կարելի ամեն անգամ ուշանալ եւ ինձնից հետո մտնել դասարան»: Ռոբերտը կարմրել է, գլուխը կախել, ուսուցչուհին էլ կարծել է՝ ներողություն պետք է խնդրի ու շարունակել է. «Լավ, ես տատիկիդ հետ կզրուցեմ»: Սակայն Ռոբերտն անմիջապես արձագանքել է. «Չէ՛, տատիկիս հետ ինչո՞ւ եք խոսում, ընկե՛ր Մովսիսյան, ավելի լավ է՝ Դուք մի քիչ ուշ մտե՛ք դասարան, որ ես չուշանամ»



Դասի ժամանակ հանգիստ նստելը փորձություն էր…
 
Հաճախ տեսնելով Ռոբերտի տետրերը՝ ուսուցիչները զարմանում էին: Գրում էր համաչափ, գեղեցիկ ձեռագրով, վերնագրերը՝ կարմիր գրչով առանձնացրած: Դասերի ժամանակ հանգիստ, անշարժ նստելը փորձություն էր նրա համար, բայց պարտաճանաչ էր, պատրաստում էր բոլոր դասերը: 



«15 օրով հեռացրին դպրոցից. կռիվ էր արել, իրեն անկարգ էր պահել եւ պատժվել: Հաջորդ առավոտյան տեսնեմ՝ հավաքում է պայուսակը եւ պատրաստվում հետս դուրս գալ տնից: Ասացի. «Ռոբերտի՛կ ջան, ցավդ տանեմ, ի՞նչ ես անում, մի՛ արի էլի, ես այդքան ուժ ու էներգիա չունեմ»: Պատասխանեց. «Տատի՛կ, դասի չեմ գալիս, պետք է գամ, տետրերս ցույց տամ տնօրենին: Թո՛ղ համոզվեն, որ ես աշխատում եմ եւ իմ գնահատականները ստանում»: Կարծիքներ էր լսել, որ տատիկի շնորհիվ է գնահատական ստանում ու վրդովվել: Ասացի. «Բալա՛, 15 օրն անցնի, կտանես, ցույց կտաս»: Հակադարձեց. «Տատի՛, եթե 15 օր անցնի, կմտածեն՝ այս 15 oրվա ընթացքում եմ գրել»: Հասկացա, որ երեխան ճիշտ է ասում: Հետս եկավ, տետրերը տվեց տնօրենին ու վերադարձավ տուն»



«Ձմե՛ռ պապիկ, եղնիկներիդ կբարեւես…»

Ռոբերտի՝ դպրոցական տարիներին պատրաստած բացիկներն ու նամակները մեծ թիվ են կազմում: Դրանց մեջ առանձնահատուկ է հատկապես 6-րդ դասարանում Ձմեռ պապին ուղղած նամակը, որով «պուլտով, զարյադկայով ֆուռ» է ուզել, անգամ վայրն է մատնացույց արել, թե Ձմեռ պապը որտեղից կարող է այն ձեռք բերել, չլինելու դեպքում այլընտրանք է առաջարկել ու վերջում էլ չի մոռացել բարեւներ փոխանցել եղնիկներին: 



«Ռոբերտից՝ քո սիրելի Կյաժից»
Մայրիկին, տատիկին ուղղած տոնական բացիկներն ինքն է պատրաստել իր ձեռքով: Բառերն էլ այնքա՜ն կենդանի են, այնքա՜ն մանկական: Տողերի մեջ ասես փայլում է փոքրիկ Ռոբերտի՝ երկնքի կապույտն ունեցող աչքերի լույսը, լսվում զրնգուն ծիծաղը: 



«Մա՛մ ջան, թո՛ղ շնորհավոր լինի քո մարտի 8-ը: Ես ցանկանում եմ, որ լինես առողջ, դեղեր չխմես: Ես նաեւ ցանկանում եմ, որ դու պապայի հետ երջանիկ լինես եւ քիչ ջղայնանաս իմ ու Ռուբոյի վրա, հա՞, մամ ջան, եւ պապային կբարեւես: Ռոբերտից՝ քո սիրելի Կյաժից»: 

«Տատի՛կ ջան, ես քեզ շատ եմ սիրում: Դու իմ ամենասիրելի տատիկն ես: Ես երազում եմ, որ դու շատ-շատ փող ունենաս»: 

«Բարեւ, իմ սիրելի՛ տատիկ: Ես քեզ շատ եմ սիրում: Եվ խոստանում եմ, որ լավ սովորեմ: Էն անգամ, որ չսովորեցի, նա ինձ ներեց եւ ասաց՝ մյուս անգամ այդպիսի բան չանես»: 



«Պա՛պ ջան, դիրքեր եմ բարձրանում…»

Երեւանի համար 147 հիմնական դպրոցն ավարտելուց հետո՝ 2012 թ.-ին, Ռոբերտն ընդունվել եւ մինչեւ 2014 թ.-ը սովորել է Երեւանի պետական հենակետային բժշկական քոլեջում, ստացել ատամնատեխնիկի որակավորում, ապա ընդունվել Մայր Թերեզայի անվան բժշկական ինստիտուտ եւ զորակոչվել ԶՈՒ՝ ծառայության անցնելով ՊԲ հյուսիսարեւելյան ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում: Ապրիլյան պատերազմի օրերին 116 մարտական դիրքն առաջիններից մեկն ընդունեց թշնամու լայնածավալ հարձակումը: Եվ Ռոբերտը զինակից ընկերների հետ անմահացավ: 



Ապրիլի 1-ին հոր ծննդյան տարեդարձն էր: Զանգահարեց, շնորհավորեց, ապա ասաց. «Պա՛պ ջան, դիրքեր եմ բարձրանում, հարմար լինի, էլի կզանգեմ»: Երեկոյան զանգահարեց եղբորը, ու բավականին երկար զրուցեցին: Ռուբենն առաջին անգամ կրտսեր եղբորը հորդորեց՝ զգո՛ւյշ կլինես: 

Ընտանիքի անդամներն ապրիլի 2-ի առավոտյան տեղեկացան, որ պատերազմ է սկսվել: Նրանց ասացին, որ Ռոբերտը վիրավոր է եւ գտնվում է զինվորական հոսպիտալներից մեկում: Սկսեցին զանգահարել Արցախի հոսպիտալներ ու քաղաքացիական հիվանդանոցներ: Ռոբերտի մասին ոչ ոք տեղեկություն չուներ…



…Ռոբերտ Աբաջյանի՝ զորամասից բերված անձնական իրերի մեջ տատը մի թուղթ է մատնացույց անում, որի վրա գեղեցիկ, համաչափ ձեռագրով գրել է իր ջոկի զինվորների անունները, իսկ իր՝ ջոկի հրամանատարի անունը գրել է ամենավերեւում՝ կարմիր գրչով, ինչպես դպրոցական տետրերում: 

Թղթերի մեջ նաեւ 2 նամակ կա. մեկը Մարտակերտի շրջանի Վարդան Մինասյանի անվան համար 2 դպրոցի 9-րդ դասարանի աշակերտներն են գրել, մյուսն էլ, հավանաբար, մեկ այլ աշակերտի կողմից է: Նամակների հեղինակները դիմել են անծանոթ զինվորին, անփորձանք ծառայություն մաղթել, խնդրել ու պահանջել հայրենի տուն վերադառնալ, հասնել ծնողներին: Չի նետել, ծալել, խնամքով պահել է նամակները: 



«Ռոբերտն ընտրեց ճիշտ ճանապարհը, ուրիշ կերպ նա չէր կարող վարվել…»

«Ես շատ երկար եմ մտածել, վերլուծել Ռոբերտի արարքը: Որքան էլ ցավալի է, նրա բնավորության գծերը, էությունը, նրա տեսակը ճանաչելով՝ ես գտնում եմ, որ տվյալ իրավիճակում Ռոբերտը ճիշտ է վարվել: Նա երբեք դիրքը չէր թողնի, դա բացառված է: Եթե նռնակը չպայթեցներ, հավանաբար գերի կընկներ: Եթե անգամ գերությունից առողջ վերադառնար, միեւնույնն է, նորմալ կյանքով չէր ապրի, ինքն իրեն չէր ների, չէր հանդուրժի, եթե ասեին, որ Կյաժը գերի է ընկել կամ փախել է դիրքից: Նա հասկացել է, որ սպառված են բոլոր հնարավորությունները, եւ ընտրել է ճիշտ ճանապարհը»,- թոռան՝ Ռոբերտ Աբաջյանի հերոսական արարքն այսպես է մեկնաբանում Գեւորգ Աբաջյանը եւ ամփոփում մեր զրույցը: 


Հ.Գ.: Իսկ ես հարմար բառեր եմ որոնում, որ գրեմ քո մասին. դու պետք է ապրեիր: 13 օր հետո պետք է հանձնեիր հերթափոխդ ու հոգնած իջնեիր դիրքերից, բայց… մնացիր վերեւում՝ չզիջելով քո բաժին բարձունքը: Դու ընտրեցիր քո՛ ճանապարհը՝ թռիչքը, որ վայել է «Ոսկե արծվին», ու բարձրացար վեր… ու հանգրվանեցիր աչքերիդ կապույտն ունեցող երկնքում: