Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 11-02-2018
Հենրիխ Մխիթարյանի դժգույն խաղը հյուսիսլոնդոնյան դերբիում՝ հիասթափեցնող ու տխուր
Անգլիական «Արսենալում» Հայաստանի ազգային հավաքականի ավագը երրորդ խաղում ոչնչով աչքի չընկավ՝ փոխարինվելով ընդմիջումից հետո։
Անգլիայի «Պրեմիեր լիգայի» 27-րդ տուրում Լոնդոնի «Արսենալը» հյուրընկալվելիս նվազագույն հաշվով պարտվեց քաղաքային դերբիում իր գլխավոր մրցակցին՝ «Տոտենհեմին»։ Զինագործների մեկնարկային կազմում խաղադաշտ էր դուրս եկել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը: Հայ ֆուտբոլիստը ամբողջ խաղի ընթացքում օգտակար ու արդյունավետ գործողություններով աչքի չընկավ եւ փոխարինվեց 65-րդ րոպեին, երբ «Տոտենհեմը» արդեն խփել էր հաղթական գնդակը։

Պահեստայինների նստարանին ունենալով ոչ պակաս բարձրակարգ ֆուտբոլիստներ՝ «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը Հենրիխ Մխիթարյանի փոխարեն խաղադաշտ դուրս բերեց իր հայրենակցին՝ Ալեքսանդր Լյակազետին։ Ի դեպ, վերջինս, ի հակադրություն Հայաստանի ազգային հավաքականի ավագի, որոշակի ակտիվություն ու սրություն մտցրեց «զինագործների» խաղում։



Ի դեպ, հյուսիսլոնդոնյան դերբին դարձավ անգլիական «Պրեմիեր լիգայի» պատմության ամենից հաճախելի հանդիպումը։ Լեգենդար «Ուեմբլի» ստադիոնում խաղին ներկա էին ավելի քան 83 hազար երկրպագուներ (83,222): Նախկին ռեկորդը գրանցվել էր ընդամենը օրեր առաջ՝ փետրվարի 1-ին, երբ «Տոտենհեմը» սեփական հարկի տակ ընդունել էր «Մանչեսթեր Յունայթեդին»։ Խաղին ներկա էին 81,978 հանդիսական։

Կարելի է վստահ ասել՝ իսկապես վաղ է խոսել Հենրիխ Մխիթարյանի՝ «Արսենալի» խաղաոճին արագ հարմարվելու մասին, չնայած նախորդ տուրում «Էվերթոնի» հետ հաղթական խաղից հետո (հայ կիսապաշտպանը դարձել էր 3 գոլային փոխանցման հեղինակ) եղան պնդումներ, թե ամեն ինչ չափազանց արագ կլինի մարզչի վստահությունը վայելող ֆուտբոլիստի համար։ Արսեն Վենգերը, հասկանալով, որ «զինագործներին» հարձակման գծում սրություն է անհրաժեշտ, որոշեց ոչ թե փոխել խաղը ձախողած Ջեկ Ուիլշերին, այլ գրեթե ոչնչով աչքի չընկնող Հենրիխ Մխիթարյանին։

Հայ ֆուտբոլսիտի փոխարեն խաղադաշտ դուրս եկած Ալեքսանդր Լյակազետը, թերեւս, որոշակի ակտիվություն մտցրեց։ Ֆրանսիացին խաղի վերջին վայրկյաններին անգամ կարող էր գնդակն ուղարկել Ուգո Լյորիսի պաշտպանած դրասպանը եւ հերոսանալ, սակայն չստացվեց։ Սա, սակայն, ամենեւին էլ Հենրիխ Մխիթարյանի թիմի օգտին չէր. հաղթանակից հետո «Տոտենհեմը» արդեն 52 միավորով 3-րդն է, իսկ «Արսենալը» դեռեւս 6-րդ տեղում է՝ ունենալով 45 միավոր:



Վերլուծելով Հենրիխ Մխիթարյանի խաղը WhoScored կայքի միջոցով՝ կարելի է վստահորե ասել՝ Հայաստանի ազգային հավաքականը ֆուտբոլիստը պետք է հնարավորինս կայունացնի ելույթները։ Խաղադաշտում անցկացրած 65 րոպեների ընթացքում հայ կիսապաշտպանը 37 հպվեց գնդակին ու կատարեց ընդամենը 25 փոխանցում 80 տոկոս ճշգրտությամբ։ Իր դեբյուտային խաղում Հենրիխ Մխիթարյանը դաշտում անցկացրեց ընդամենը 31 րոպե՝ երկրորդ կեսում փոխարինման դուրս գալով։ Այդ քիչ ժամանակում «Արսենալի» նորեկին հաջողվել էր կատարել 32 փոխանցում՝ 84,4 տոկոս ճշգրտությամբ։ Ի դեպ, այդ խաղում եւս «Արսենալը» պարտվեց (մրցակիցը «Սուոնսի Սիթին» էր, որը հաղթեց 3-1 հաշվով՝ երկու գնդակը խփելով Հենրիխ Մխիթարյանի խաղադաշտում հայտնվելուց հետո)։ Միայն այս թվերը նշելը բավարար կլինի պատկերացնելու համար, թե ինչպիսին էր հայ ֆուտբոլիստի մրցելույթը։

Եվս մեկ համեմատություն. այս անգամ անդրադառնանք «Էվերթոնի» հետ խաղին։ Հայաստանի ազգային հավաքականի ավագը խաղադաշտում անցկացրեց 90 րոպե, կատարեց նաեւ 3 գոլային փոխանցում, ընդ որում՝ ամբողջ խաղի ընթացքում նրա փոխանցումների թիվը կազմում է 42` 78,6 տոկոս ճշգրտությամբ։



Հյուսիսլոնդոնյան դերբիում Հենրիխ Մխիթարյանի մրցելույթը WhoScored-ում գնահատվել է խիստ ցածր՝ 6,26: Իհարկե, ավելի վատ գնահատականներ էլ ունի Հայաստանի ազգային հավաքականի ֆուտբոլիստը, սակայն նախորդ տուրում՝ «Էվերթոնի» դեմ նրա ցուցադրած գրավիչ խաղը բերել էր 9,91 գնահատականի։ Այսպիսի անդունդ պրոֆեսիոնալ բարձրակարգ ֆուտբոլիստների մոտ չպետք է լինի։

Ամենից ցավալին այն է, որ Հենրիխ Մխիթարյանի վատ մրցելույթը առաջացրել է նաեւ բազմաթիվ երկրպագուների դժգոհությունը։ «Արսենալի» երկրպագուները եւս ցույց են տալիս, որ իրենց միայն հաղթանակներ են ակնկալում եւ հաջող մրցելույթներ։ Twitter միկրոբլոգում անգլիացիները #Mkhi հեշթեգով խիստ քննադատության էին ենթարկում Հայաստանի ազգային հավաքականի ավագի մրցելույթը քաղաքային ամենասկզբունքային մրցավեճում։