Նյութը՝ «Երիտասարդների փոխանակում եւ համագործակցություն» ՀԿ-ից
Լուսանկարները՝ «Երիտասարդների փոխանակում եւ համագործակցություն» ՀԿ-ից
Տեղադրվել է 16-02-2018
Երեւանում կանցկացվի «Երիտասարդ ձեռներեցներ» միջազգային համաժողով
Փետրվարի 17-ին Երեւանի Դայմոնդ Հաուզ հյուրանոցում կանցկացվի «Երիտասարդ Ձեռներեցներ» միջազգային համաժողովը, որին կմասնակցեն Հայաստանից, Իսպանիայից, Վրաստանից, ինչպես նաեւ Իտալիայից ժամանած հյուրեր եւ խոսնակներ։

Համաժողովի հիմնական նպատակն է խթանել ձեռներեցությունը երիտասարդների շրջանում` շեշտադրելով հատկապես զբոսաշրջության ոլորտում առկա հնարավորությունները։ 

Համաժողովը հնարավորություն կտա մասնակից երիտասարդներին բացահայտել ոլորտում առկա բացերը եւ այս ոլորտում ձեռներեցությամբ զբաղվելու հնարավորությունները, քննարկել ոլորտում իրենց ունեցած բիզնես գաղափարները, ինչպես նաեւ լսել զբոսաշրջության ոլորտում հաջողության հասած գործարարների պատմությունները։ 

Բացի երիտասարդներից համաժողովին կմասնակցեն ինչպես Հայաստանում, այնպես էլ այլ երկրներում զբոսաշրջության ոլորտում հաջողությունների հասած գործարարներ, ինչպես նաեւ՝ Հայաստանի զբոսաշրջության ոլորտի պաշտոնատար անձիք։

«Երիտասարդ ձեռներեցներ» միջազգային կոնֆերանսն անցկացվում է Երիտասարդների փոխանակում եւ համագործակցություն հասարակական կազմակերպության կողմից եւ համաֆինանսավորվում է Եվրոպական Միության Էրասմուս+ ծրագրի շրջանակներում։

Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ: