Նյութը՝
Լուսանկարները՝
Տեղադրվել է 15-02-2018
Պատանիներն այսուհետ կարող են ստանալ մասնագիտական պատասխան՝ իրենց հուզող հարցերին
Պատանեկությունը փոփոխությունների, արտաքին եւ ներքին ընդվզումների, ինքնակայացման եւ հետաքրքրասիրության ամենաբուռն շրջանն է: Այս փուլում է, որ դեռահասների շրջանում առաջանում են առողջության, սիրո, հարաբերությունների ու սեռական վարքագծի վերաբերյալ բազում հարցեր:

Տեխնոլոգիաների զարգացման եւ համացանցի ընդլայնման շնորհիվ այսօր դեռահասները կարող են գտնել իրենց հուզող գրեթե ցանկացած հարցի պատասխան. սակայն որքանո՞վ է հավաստի կամ մատչելի տրամադրվող տեղեկատվությունը:  

Teenslive.am-ը դեռահասների եւ երիտասարդների համար հատուկ ստեղծված առաջին հայալեզու տեղեկատվական հարթակն է, որի նպատակն է իրազեկել նրանց առողջ ապրելակերպի, համացանցի, սիրո, հարաբերությունների եւ բազմաթիվ այլ կարեւոր հարցերի վերաբերյալ: 

Այս ինտերակտիվ հարթակի շնորհանդեսը տեղի ունեցավ ս.թ. փետրվարի 14-ին: Միջոցառմանը ներկա էին պատանիներ ու երիտասարդներ, ծնողներ, «Արաբկիր» բժշկական համալիրի Երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի բժիշկներ, Կրթության եւ գիտության նախարարության ներկայացուցիչներ եւ այլ մասնակիցներ: Շնորհանդեսն ուղեկցվեց հետաքրքիր վիկտորինաներով ու վիճակախաղով:

Teenslive.am հարթակի միջոցով դեռահասները կարող են ստանալ հավաստի եւ հանրամատչելի տեղեկատվություն իրենց հուզող թեմաների վերաբերյալ, ինչպես նաեւ անանուն հարցեր ուղղել եւ ստանալ դրանց պատասխանները փորձառու բժիշկների եւ հոգեբանների կողմից:

«Այս տարի մենք անցկացրել են առողջ ապրելակերպի դասերը` օգտվելով Teenslive.am կայքի նյութերից: Ավելի հետաքրքիր անցավ, երեխաներն էլ նշեցին, որ կարողացան մի քանի հարցեր ուղղել մասնագետներին եւ ստացալ պատասխաններ: Երբեմն երեխաները կաշկանդվում են քննարկել ուսուցիչների հետ սեռական դաստիարակությանն առնչվող հարցեր»,- նշեց Ն.Ստեփանյանի 71 հիմնական դպրոցի ֆիզկուլտուրայի ուսուցչուհի Սոֆի Ալեքսանյանը: 

«Այսօր ավելի հետաքրքիր են անցնում այն դասերը, որտեղ օգտագործվում են նորարար տեխնոլոգիաներ: Դեռահասները կարդում են բժիշկների եւ հոգեբանների կողմից պատրաստված նյութերը, դասի ժամանակ մենք դա քննարկում ենք»,- նշեց «Հերացի» ավագ դպրոցի սոցիալական մանկավարժ Հրանուշ Վարդանյանը:  

Teenslive.am կայքը երաշխավորել է ՀՀ կրթության եւ գիտության նախարարությունը՝ դպրոցներում «Առողջ ապրելակերպ» դասաժամերին որպես լրացուցիչ նյութ օգտագործելու համար: Teenslive.am հարթակը մշակել են «Արաբկիր» բժշկական համալիր-Երեխաների եւ դեռահասների առողջության ինստիտուտի (Արաբկիր ԲՀ-ԵԴԱԻ) մասնագետները, ԿՏՏԻ ՅՈՒՆԵՍԿՕ-ի հետ համագործակցությամբ, ՅՈՒԷՆԷՅԴՍ տեխնիկական օգնության տարածաշրջանային ծրագրի շրջանակներում: 

Հավելյալ տեղեկատվության համար դիմել teenslive@arabkirmc.am