Նյութը՝ «Երիտասարդների փոխանակում եւ համագործակցություն» ՀԿ-ից
Լուսանկարները՝ «Երիտասարդների փոխանակում եւ համագործակցություն» ՀԿ-ից
Տեղադրվել է 19-02-2018
Հայ, իտալացի, վրացի եւ իսպանացի երիտասարդները քննարկեցին ձեռներեցությունը
Հայ, իտալացի, վրացի եւ իսպանացի երիտասարդները հավաքվել էին Երեւանում «Երիտասարդ ձեռներեցներ» միջազգային համաժողովի շրջանակներում քննարկելու ձեռներեցության հնարավորությունները զբոսաշրջության բնագավառում։

Համաժողովի հիմնական նպատակն էր երիտասարդներին ներկայացնել զբոսաշրջության կարեւորությունը տնտեսական զարգացման եւ աշխատատեղերի ստեղծման տեսանկյունից, ինչպես նաեւ ծանոթացնել նրանց երիտասարդ ձեռներեցների համար զբոսաշրջության ոլորտում առկա լայն հնարավորությունները։

«Զբոսաշրջիկների աճող ցուցանիշները խոսում են այն մասին, որ զբոսաշրջությունը զարգացման մեծ ներուժ ունի մեր երկրում եւ այս ներուժը պետք է կարողանալ այնպես օգտագործել, որ հասարակության բոլոր շերտերը եւ հատկապես երիտասարդները, ովքեր նոր են մտնում աշխատաշուկա, կարողանան սրանից օգտվել։ Այս տեսանկյունից կարեւոր է զբոսաշրջության ոլորտում ձեռներեցության խթանմանն ուղղված միջոցառումների իրականացումը», – նշեց միջոցառման կազմակերպիչ Երիտասարդների փոխանակում եւ համագործակցություն կազմակերպության նախագահ Աննա Պլուզյանը։ 

«Երիտասարդ ձեռներեցներ» միջազգային համաժողովն Եվրոպական Միության Էրասմուս+ ծրագրի շրջանակներում իրականացվող «Երազիր, Հավատա, Իրագործիր» կարողությունների զարգացման մեկամյա ծրագրի մեկնարկային միջոցառումն էր։

Համաժողովի մասնակիցների շարքում էին ՀՀ Զբոսաշրջության Պետական Կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Մեխակ Ապրեսյանը եւ Երեւանի քաղաքապետարանի Զբոսաշրջության բաժնի պետ Գեւորգ Օրբելյանը, ովքեր հանդես եկան ողջույնի խոսքով եւ  ելույթներ ունեցան Հայաստանում զբոսաշրջության առկա վիճակի, ինչպես նաեւ պատմեցին այն միջոցառումների մասին, որոնք իրականցվում են թե Երեւանի, թե Հայաստանի զբոսաշրջային գրավչության բարձրացման նպատակով։ Երիտասարդների համար նմանատիպ միջոցառումների կարեւորության քննարկման համար համաժողովի մասնակիցներին միացավ նաեւ Հայաստանում ԵՄ Պատվիրակության ներկայացուցիչ Կարմեն Գռլիցան։

Սույն ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության աջակցությամբ: