Լուսանկարները՝ Հակոբ Մուրադյանի անձնական արխիվից և համացանցից

Նա աշխատում է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնում, եղել է «Անահիտ» մուլտֆիլմի ստեղծագործական թիմի անդամ:
Ինչի՞ց է սկսվում մուլտֆիլմի պատրաստումը…
Անիմացիայի պատրաստումը սկսվում է գաղափարից, այսինքն՝ եթե դու ունես միտք, դու սկսում ես զարգացնել: Մուլտիպլիկացիան, այսպես ասած, շարժման արվեստ է: Եթե նկարչության դեպքում մեկ պահ ենք նկարում, անիմացիան մի քանի թղթերի հավաքածու է, որոնք, իրար միացնելով, ստանում ենք շարժում: Մուլտ ստեղծելու համար նախեւառաջ պետք է անիմացիային տիրապետես, որովհետեւ այն ինչ-որ ծրագիր չէ: Եթե դու նկարիչ ես, դու կարող ես նկարել գուաշով, մատիտով, յուղաներկով եւ այլն: Նույնն է նաեւ անիմացիայի դեպքում. եթե դու անիմացիա գիտես, անկախ տեսակից՝ կհաջողվի անել: Եթե գաղափար, աշխատասիրություն ու անիմացիոն գիտելիքներ ունես, կարող ես սկսել նկարել:
Գաղափարն ունենալուց հետո ի՞նչ փուլերով է անցնում մուլտը մինչեւ էկրաններին հայտնվելը…
Ինչպես ֆիլմում, այնպես էլ անիմացիայում կան նախարտադրություն, արտադրություն, հետարտադրություն: Նախարտադրությունում գրվում է սցենարը, նկարվում են «storyboard»-երը (նկարների հերթականությունն է, որն օգնում է ֆիլմեր, մուլտֆիլմեր, հոլովակներ պատրաստելիս): Դրանից հետո արվում է «layout», որը տեսարանների մի քանի կադրով նկարագիրն է: Այնուհետեւ սկսում ես մտածել կերպարի մասին: Պետք է լավ ուսումնասիրել, որովհետեւ եթե դու նույնիսկ լավ անիմատոր ես ու շատ մուլտեր ես նկարել, դու ուշադրություն չես դարձրել որոշակի շարժումների վրա, օրինակ՝ ինչպես է թռչունը թռչում, կամ կենդանին վազում: Սկսում ես այդ ամեն ինչն ուսումնասիրել, որովհետեւ անիմացիան ուղղակի կյանք է, որը մենք էկրաններին վերածում ենք շարժման: Ուսումնասիրությունը հանձնում ես թղթին, հավաքում ես ամեն ինչ եւ ստանում վերջնական տեսքը:
Կերպարը համոզիչ ու կենդանի դարձնելու համար ի՞նչ պետք է անել…
Կերպարը պետք է կյանք ունենա, ինչպես դերասանը: Ես անիմացիոն կերպարին շատ եմ համեմատում դերասանի հետ: Հայտնի անիմատոր Գլեն Կինը լավ միտք ունի. նա ասում է, որ անիմատորը նույն դերասանն է՝ ուղղակի մատիտով: Եթե դերասանը թատրոնում կամ ֆիլմում ինքն է խաղում դերը, փոխանցում շարժումներն ու զգացմունքները, ապա անիմատորը դա անում է կերպարների միջոցով: Եթե դու ուզում ես, որ կերպարդ լինի համոզիչ, գրավիչ ու լինի լավ դերասան, դո՛ւ պետք է լինես լավ դերասան:
Հերոսներին ինչպե՞ս ճիշտ «խոսեցնել», խոսքը տեխնիկական մասին է վերաբերում…
Անիմացիայում կա հատուկ բաժին, որը վերաբերում է բերանի շարժումներին ու զգացմունքներին (մեր խոսքն անմիջական կապ ունի մեր էմոցիաների հետ): Բերանի շարժումները ստանում ենք ձայնավորներով եւ մի քանի շարժումներով: Կարեւոր է նաեւ մինչ այդ ասածս. պետք է ուսումնասիրել կյանքը, այսինքն՝ ասել որեւէ բան, տեսնել, թե ինչպես է շարժվում բերանը եւ նույնը փոխանցել կերպարին:
Ինչպե՞ս են ընտրում հնչյունավորողներին…
Կարեւոր է, որ հնչյունավորողը կապ զգա կերպարի հետ եւ կարողանա երկխոսությամբ, զգացմունքներով փոխանցի այդ ամենը:
Մոտավորապես 10 րոպեանոց մուլտֆիլմ ստեղծելու համար ինչքա՞ն ժամանակ է պահանջվում…
Կախված է թիմի մեծությունից ու աշխատասիրությունից: Եթե մենակ պատրաստես լավ որակի 2D մուլտֆիլմ, կխլի երեւի 7-8 ամիս, իսկ թիմով՝ մոտ 3 ամիս:
Քանի՞ նկար է անհրաժեշտ այդ տեւողությամբ անիմացիայի պատրաստման համար…
Կախված է նրանից, թե ինչ տեսարաններ կան: Սովորաբար միջին ստանդարտն անիմացիայում 24-25 կադրն է մեկ վայրկյանում, հետեւաբար՝ 24-25 նկար: Այսպես կարող ենք հաշվել 10 րոպեանոց մուլտֆիլմի կադրերի թիվը:
Ընդհանուր առմամբ քանի՞ մասնագիտության տեր մարդ է անհրաժեշտ մուլտի ստեղծման համար…
Ռեժիսոր, դերասան, անիմատոր, նկարիչ, գեղարվեստական ղեկավար, հնչյունավորողներ, «sound-design»-ով (ձայնային դիզայնով) զբաղվողներ: Երեւի թե այսքանը:
Դասական անիմացիայի եւ նորագույն տեխնոլոգիաներով ստեղծվող եռաչափ մուլտֆիլմերի մրցավազքում ո՞րն է հաղթում…
Չկա հաղթող, որովհետեւ երկուսն էլ կարեւոր են, երկուսն էլ անիմացիայի տեսակ են, ու ամեն մեկն իր տեղն ունի: 2D մուլտֆիլմն անիմացիայի հիմքն է, այն պահանջում է նկարչական գիտելիքներ, ավելի շատ ժամանակ է խլում, քան եռաչափը: 2D անիմացիայում կարելի է փոքր սխալներ թույլ տալ, բայց որպես ոճ ընկալվի ու լավ դիտվի, իսկ 3D-ի դեպքում կա՛մ պետք է շատ լավ անիմացիա անել, կա՛մ ընդհանրապես չանել, որովհետեւ թեթեւ սխալն անգամ զգացվում է:
Կարո՞ղ ենք ասել, որ 21-րդ դարում նկարել չիմացողը կարող է դառնալ մուլտիպլիկատոր…
Կարող է, բայց հանճար լինել անիմացիայում (ժպտում է) առանց նկարել իմանալու դժվար կլինի: 2D անիմացիայում նկարելն օդ ու ջրի պես անհրաժեշտ է, որովհետեւ դու կարծես երկչափ տարածության մեջ ստեղծում ես եռաչափ պատկերներ, որոնք գնում են, գալիս են, շարժվում եւ այլն: Իսկ եռաչափ մուլտֆիլմերում անիմատորը կարող է նկարել չիմանալ, բայց պատրաստի անիմացիա, որովհետեւ այդ դեպքում պատրաստի կերպարին տիկնիկի պես խաղացնել է պետք:
Ձեզ համար ի՞նչն է ամենագրավիչն այս մասնագիտության մեջ…
Երբ սկսեցի անիմացիա պատրաստել, 2-3 շաբաթ նկարեցի կերպարի մի շարժում, որը տեւում էր 3 վայրկյան: Ես հոգնել էի այդ գործընթացից, որովհետեւ այդքան ժամանակ նույն բանն ես նկարում եւ ընդամենը 3 վայրկյանի համար: Սակայն հետո, երբ տեսնում ես, որ քո ուզած կերպարը քո ուզած ձեւով, քո տված բնավորությամբ թղթի վրա վազում, պարում կամ անում է այն, ինչ դու ես ուզել, դա աննկարագրելի զգացում է, ամեն անգամ ստիպում է սիրահարվել այս մասնագիտությանը:
Հետաքրքիր է մուլտֆիլմ նայե՞լը, թե՞ նկարելը…
Երկուսն էլ (ծիծաղում է): Ես անիմատոր եմ դարձել երեւի այն պատճառով, որ ամաչում էի դերասան դառնալ (ծիծաղում է):
Ի՞նչ խորհուրդ կտաք այն մարդկանց, ովքեր ցանկանում են ապագայում այս մասնագիտությամբ զբաղվել…
Անիմացիան մի մասնագիտություն չէ, այլ տարբեր ոլորտների միացություն է: Գրեթե ամեն ինչ կա անիմացիայում՝ նկարչություն, ֆիզիկա, անիմացիա, մաթեմատիկա, կյանք, դերասանություն եւ այլն: Ամեն ինչ կարծես միախառնված լինի մի տեղ, ու դու դրա ստեղծողն ես: Խորհուրդ կտամ երբեք չհանձնվել ու սիրահարվել այս մասնագիտությանը, որովհետեւ այն ստիպում է սիրահարվել իրեն…