Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 26-02-2018
Հայաստանի բասկետբոլի հավաքականը առավելության հասավ Ալբանիայի նկատմամբ
«Միկա» մարզահամալիր եկած երկրպագուների բուռն աջակցությամբ Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը տնային խաղում մեծ առավելություն ուներ մրցակցի նկատմամբ։

Եվրոպայի 2021 թ.-ի առաջնության նախընտրական փուլում Հայաստանի բասկետբոլի ազգային հավաքականը «Միկա» մարզահամալիրում 84:65 հաշվով պարտության մատնեց Ալբանիային: Սա Հայաստանի հավաքականի երկրորդ հաղթանակն էր կայացած երեք խաղերում։ Արդյունքը հույս է ներշնչում պայքարելու Եվրոպայի առաջնության ընտրական փուլ անցնելու համար։

Չնայած առաջին քառորդում Ալբանիայի հավաքականը մի պահ անգամ 7 միավորի առավելություն ստացավ՝ հաղթելով 18-11 հաշվով, սակայն Նիկշա Բավցեւիչի ցուցումները օգնեցին Հայաստանի հավաքականի բասկետբոլիստներին անընդմեջ 9 միավոր վաստակել եւ առաջ անցնել մրցակցից։ Երկրորդ քառորդում Հայաստանի հավաքականը մեծ առավելություն ձեռք բերեց եւ մեծ ընդմիջման գնաց բացահայտ հաղթողի կարգավիճակում։

Ակումբային կարիերան չզոհելու համար Հայաստանի հավաքականին չմիացած Ռայան Բոթրայթի բացակայությամբ առաջատարի դերն իր ուսերին վերցրեց Ալան Հեսսը։ Ամբողջ խաղի ընթացքում նա լավագույնն էր եւ վաստակեց 21 միավոր։ Թիմակցի հաջողություններից ոգեւորված էր խաղում նաեւ Անդրանիկ Չրաբաշը։ Ամբողջ խաղի ընթացքում նա վաստակեց 18 միավոր, որից 12 միավոր միայն առաջ խաղակես ընթացքում։

Թե՛ սեփական, թե՛ մրցակցի օղակի տակ տիրակալի կարգավիճակ ուներ 2,12մ հասակ ունեցող Լյուկ Ֆիշերը։ Հայաստանի հավաքալանի կենտրոնականը ռեկորդային՝ 18 անդրադարձի տիրեց, բացի այդ վաստակեց 16 միավոր։

Արագադ Աբրամյան, որ գործում էր Ռայան Բոթրայթի դիրքում ուղղակի հիանալի հանդիպում անցկացրեց։ Նա 15 միավոր վաստակեց, 10 անգամ տիրեց օղակից հետ մղված գնդակին, 5 անգամ էլ արդյունավետ փոխանցում կատարեց։ Սա թույլ տվեց Հայաստանին վստահ լինել մրցակցի նկատմամբ տոնած հաղթանակում։

Հաղթանակից հետո Հայաստանի հավաքականի գլխավոր մարզիչ Նիկշա Բավցեւիչը չմոռացավ շնորհակալություն հայտնել երկրպագուներին. «Սա ամենալավ աջակցությունն է, որ ստացել է թիմը մարզասերների կողմից։ Չէինք կարող այդպիսի աջակցության ժամանակ ոչ մոտիվացված գործել։ Թիմի խաղացողներն էլ շնորհակալական խոսքերի են արժանի։ Խաղալով առանց մի քանի կարեւոր խաղացողների՝ մենք կարողացանք թիմում առկա լավ մթնոլորտի շնորհիվ հաղթանակ տոնել եւ կշարունակենք պայքարը։ Հունիսին իմ տրամադրության տակ կլինեն բոլոր ուժեղագույն բասկետբոլիստները եւ Հայաստանի հավաքականը կենաց ու մահու պայքար կմղի Դանիայի հավաքականի հետ՝ խմբից դուրս գալու ուղեգրի համար պայքարում»։

Հատկանշական է, որ Ալբանիայի հետ խաղում Հայաստանի հավաքականը գրեթե կրկնակի գերազանցեց մրցակցին օղակից հետ մղված գնդակներին տիրելու առումով՝ 46-28: Ինչ խոսք, մնում է փաստել, որ հաղթանակը իրական հույս է տալիս նվաճելու ընտրական փուլի ուղեգիր։ Այս պահին Հայաստանի ընտրանին գլխավորում է B խմբի մրցաշարային աղյուսակը: Մեր թիմը հաջորդ հանդիպումը կանցկացնի հունիսի 28-ին՝ հյուրընկալվելով Դանիային։