Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Ռոզա Գրիգորյանի
Տեղադրվել է 11-03-2018
Հանուն կյանքի. դասական երաժշտության երեկո՝ ի աջակցություն հիվանդ փոքրիկի
Արյունաբանական չարորակ հիվանդություն ունեցող երեխաներին աջակցելու նպատակով մարտի 10-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում անցկացվեց դասական երաժշտության երեկո:

Միջոցառմանը հանդես եկավ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբը՝ գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ: Երեկոյի հասույթը տրամադրվելու է «Նվիրի՛ր կյանք» հիմնադրամին՝ աջակցելու 4 տարին դեռեւս չբոլորած Մարկին: 

«Հիմնադրամի հետ վաղուց ենք համագործակցում: Ավելի քան չորս ծրագիր ենք իրականացրել: Մեր նվագախումբը պատրաստակամ է ցույց տալ, որ դասական արվեստն ունի այն ուժը, որի շնորհիվ մարդիկ միավորվում են: Դասական երաժշտությունը պատրաստ է ծառայել այն նպատակներին, որոնք հույժ կարեւոր են»,- միջոցառման մեկնարկին լրագրողների հետ զրույցում նշեց Սերգեյ Սմբատյանը:

Երեկոյի ընթացքում նվագախմբի հետ հանդես եկավ Կատյա Ցուկանովան (ջութակ): Նա ջութակ եւ դաշնամուր է նվագում 5 տարեկանից: 9 տարեկանում ընդունվել է Թագավորական երաժշտական դպրոց: 2012-ից սովորում է պրոֆեսոր Զախար Բրոնի մոտ: Առաջին անգամ համերգով հանդես է եկել ընդամենը 5 տարեկանում: 

Ելույթից առաջ երաժիշտը խոստովանեց, որ շատ հուզված է եւ մեծ սիրով կցանկանար վերադառնալ մեր երկիր: 

Նշենք, որ համերգային երեկոյի ընթացքում հնչեցին Մոցարտի եւ Ռախմանինովի ստեղծագործություններից: 

Բարեգործական այդ ձեռնարկի նախաձեռնողը հենց Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբն էր: