Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ Լուսի Սարգսյանի
Տեղադրվել է 12-03-2018
Լեւոն Արոնյանը ոչ-ոքի արդյունքներով մեկնարկեց
Գրոսմայստեր Լեւոն Արոնյանը մասնակցում է շախմատի աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին, որը մեկնարկել է Բեռլինում անցած հանգստյան օրերին։

Թե աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարին ով կհաղթի, ամենից շատը հետաքրքրում է շախմատի թագակրին՝ Մագնուս Կառլսենին։ Արդեն 5 տարի է, ինչ նովեգացի շախմատիստը պահպանում է աշխարհում լավագույնի տիտղոսը՝ թույլ չտալով մրցակիցներին մոտ կանգնել իրեն։

Այս առումով Հավակնորդների մրցաշարի արդյունքներով որոշվում է, թե որ շախմատիստը կարող է ձեռնոց նետել Մագնուս Կառլսենին եւ վերջինիս հետ վիճարկել լավագույնի կոչումը։ Մրցաշարի առաջին տուրում Լեւոն Արոնյանը հանդես էր գալիս սպիտակ խաղաքարերով, սակայն դա օգուտ չտվեց. հայ գրոսմայստերը ոչ-ոքի խաղաց Չինաստանը ներկայացնող Դին Լիրենի հետ։ Չնայած Լեւոն Արոնյանը ուներ որոշակի առավելություն, սակայն ռիսկի գործոնը մեծ էր հետագայում դիրքը կորցնելու առումով։ Արդյունքում՝ հայ գրոսմայստերը որոշեց 22-րդ քայլին հաշտություն կնքնել։

Մրցաշարի երկրորդ տուրում Լեւոն Արոնյանը ուժերը չափեց Շաքրիյար Մամեդյարովի հետ։ Հայ գրոսմայստերը խաղում էր սեւերով եւ կարողացավ ոչ-ոքի ավարտել պարտիան։ 24-րդ քայլում երկու կողմերին ձեռնտու արդյունք գրանցվեց։ Մրցաշարի առաջին տուրում, ի տարբերություն Լեւոն Արոնյանի Շաքրիար Մամեդյարովը հաղթել էր մրցակցին՝ Սերգեյ Կարյակինին:

Երկու տուրերից հետո Լեւոն Արոնյանը ունի մեկ միավոր։