Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Ռոզա Գրիգորյանի
Տեղադրվել է 13-03-2018
Ռեմարկի ստեղծագործությունները բնագրային թարգմանությամբ ներկայացվում են հայ ընթերցողին
Հայտնի գերմանացի գրող, 20-րդ դարի ամենահանրահայտ եւ ընթերցվող հեղինակներից Էրիխ Մարիա Ռեմարկի՝ դասական դարձած ստեղծագործությունները հայերեն թարգմանությամբ ներկայացվում են ընթերցողներին:

Նախաձեռնության հեղինակն «Էդիթ Պրինտ» հրատարակչությունն է, իսկ թարգմանությունները բնագրից՝ գերմաներենից, կատարում է Վանուհի Բաղմանյանը: Նախորդ տարի հայ ընթերցողին ներկայացվեց Ռեմարկի «Երեք ընկեր»-ը, իսկ օրեր առաջ հասանելի դարձավ «Հաղթական կամար»-ը: 

«Թարգմանությունն ինքնին մտավոր բարդ աշխատանք է, վեպի, ինքնակենսագրական վեպի թարգմանությունը՝ կրկնակի, որովհետեւ առավելագույնս պետք է թափանցես հեղինակի ներաշխարհ ու արտաշխարհ, սեփականես դրանք, ամեն նյարդով զգաս նրա ապրումները՝ ուրախությունն ու տխրությունը, խանդավառությունն ու հուսահատությունը: Թարգմանելիս պետք է կենտրոնացած լինես միմիայն թարգմանության վրա, հարակից մտքերը խանգարում են: Էրիխ Մարիա Ռեմարկին հասկանալը դժվար չէ, պարզ է գրում, բայց այդ պարզությունն է, որ դժվարացնում է թարգմանության գործընթացը, որովհետեւ, որքան էլ արտառոց թվա, պարզ տեքստը թարգմանելն ավելի բարդ է, քան դժվարը»,- նշում է Վանուհի Բաղմանյանը: 

Թարգմանիչը փաստում է՝ հայ ընթերցողը յուրահատուկ հնարավորություն ունի նոր թարգմանությունների միջոցով բացահայտելու Ռեմարկին, եթե դեռ չի հասցրել կարդալ նրա գործերից: 

«Ռեմարկն իսկական բացահայտում է, նա յուրաքանչյուր, հատկապես պատերազմ տեսած ընթերցողի ներքին ձայնը հնչեցնողն է: Հայ ընթերցողին Ռեմարկը շատ ավելի հոգեհարազատ է, ըստ իս, քանի որ պատերազմը չսպիացող վերքի պես շարունակում է արնահոսել, ներքին արնահոսություն է արդեն»,- հավելում է Վանուհի Բաղմանյանը: 

Ի դեպ, նշենք, որ առաջիկայում «Էդիթ Պրինտ»  հրատարակչությունն ընթերցողին է ներկայացնելու Ռեմարկի արդեն երրորդ վեպը՝ «Արեւմտյան ռազմաճակատում անփոփոխ է»: 

Նշենք, որ Ռեմարկը ծնվել է Օսանբրյուք քաղաքում: Մոր մահից հետո նրա պատվին փոխել է իր երկրորդ անունը եւ դարձրել Մարիա (գրողի իսկական անունը եղել է Էրիխ Պաուլ Ռեմարկ): 1921 թ. որպես խմբագիր սկսել է աշխատել «Echo Continental» ամսագրում: Հենց այդ շրջանում էլ սկսել է օգտագործել «Erich Maria Remarque» գրական կեղծանունը: Նրա հայտնի ստեղծագործություններից են՝ «Արեւմտյան ռազմաճակատում անփոփոխ է» (1929 թ.), «Երեք ընկեր» (1936 թ.), «Հաղթական կամար» (1945 թ.) եւ այլն: