Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 13-03-2018
Կայացավ «ԵՄ-ն կանանց համար» լուսանկարչական ցուցահանդեսի բացումը
Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը կազմակերպել էր լուսանկարչական ցուցահանդես՝ Կանանց միջազգային օրվան նվիրված:



Ներկայացված էին ֆոտոպատմություններ այն կին շահառուների մասին, ովքեր Եվրոպական միության կողմից աջակցություն են ստացել՝ իրենց բիզնեսները զարգացնելու համար: Ցուցահանդեսի շրջանակում ներկաները ծանոթացան Հայաստանում ԵՄ-ի ֆինանսավորմամբ իրականացվող ծրագրերին՝ ուղղված մարզերում եւ Երեւանում կանանց ձեռնարկատիրության խթանմանը: 



Միջոցառմանը ներկա էր ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ով մասնավորապես նշեց. «Այս գեղեցիկ տոնը Հայաստանում տոնում են մոտ մեկ ամիս՝ մարտի 8-ից ապրիլի 7-ը, իսկ ԵՄ-ում՝ մարտի 8-ից մինչեւ հաջորդ տարվա մարտի 7-ը, քանի որ ԵՄ-ի համար կանանց լիազորումը, կանանց իրավունքները եւ տարբեր հնարավորությունների ստեղծումը մեծ արժեքներ են: Մենք մեծապես համոզված ենք, որ ՀՀ-ում կանանց հզորացնելու, լիազորելու աշխատանքը իսկապես մեծ իմաստ է պարունակում: Համոզված ենք, որ ՀՀ կանանց՝ դեռեւս չբացահայտված ներուժը կարող է մեծապես օգտագործվել երկրի տնտեսության զարգացման համար: Մենք մեծապես նպաստում ենք կանանց ներգրավվածությանն ինչպես քաղաքական, այնպես էլ գործարար ոլորտներում: ՀՀ-ում 25 տարեկանից բարձր կանանց 18 տոկոսն աշխատանք չունի, ուստի հենց այդ պատճառով էլ չափազանց կարեւոր է, որպեսզի կանայք լինեն նախաձեռնող՝ իրենց ուժերով իրենց բիզնեսը ստեղծելու, զարգացնելու համար: Մենք համոզված ենք, որ կանայք կարող են մեծ հաջողությունների հասնել գործարար ոլորտում: Համոզված ենք նաեւ, որ մի շարք կանանց հաջողության պատմությունները ոգեւորիչ խթան կհանդիսանան բոլոր կանանց համար: Գուցե այդ հաջողությունները չկարողանան փոփոխել ամբողջ պատկերը, սակայն  հավատացած ենք, որ նրանք կարող են ստեղծել կրիտիկական զանգված»:



Դեսպանը համոզված է, որ հզոր Հայաստանը հնարավոր է կառուցել հզոր կանանց միջոցով, իսկ հայ կանայք կարող են, ունակ, ուժեղ եւ նվիրված: 



Միջոցառմանը ներկա էին նաեւ կին ձեռնարկատերեր, ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող կամ ԵՄ-ի աջակցությամբ իրականացվող ծրագրերի շահառուներ, ինչպես նաեւ միջազգային եւ տեղական կազմակերպությունների ու ՀԿ-ների ներկայացուցիչներ: 



Ֆոտոպատմություններում ներկայացված էր նաեւ Գեղարքունիքի մարզում գտնվող «Բոհեմ» արվեստանոց-թեյարանի պատմությունը: «Բոհեմ»-ի մասին Erit.am-ը մի շարք հոդվածներ է հրապարակել՝ ստեղծման աշխատանքներից մինչեւ բացում: 



Մեզ հետ զրույցում «Բոհեմ»-ի ներկայացուցիչ Գոհար Մնացականյանը նշեց, որ «Բոհեմ» արվեստանոց-թեյարանը հիմնվել է ԵՄ-ի ենթադրամաշնորհների արդյունքում. «Մենք շատ ուրախ ենք, որ այսօր ներկայացված ենք այս ցուցահանդեսում՝ որպես կանանց բիզնեսի հաջողված պատմություն: Ներկա պահին նպատակ կա առավել զարգացնել «Բոհեմ»-ը՝ մեծացնել տարածքը, խթանել զբոսաշրջությունը, որպեսզի առավել հաճելի լինի թե՛ մեր հայրենակիցների, թե՛ զբոսաշրջիկների համար»: 



Այսպիսով՝ Եվրոպական միությունն ընդլայնում է հայ կանանց հնարավորությունները՝ քաջալերելով բիզնեսում եւ գործարարության ոլորտում նրանց մասնակցությունը։