Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 13-03-2018
Երիտասարդ բժիշկները փորձում են մշտական կապ պահել գիտության հետ
«Ուղեղի ճանաչման շաբաթ» նախաձեռնության շրջանակում Երեւանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ուսանողները բազմաթիվ միջոցառումներ են ծրագրել։



Երկրորդ տարին է, ինչ Եվրոպայի նեյրոգիտական ընկերությունների հիմնադրամի (FENS) կողմից հայտարարված «Ուղեղի ճանաչման շաբաթ» («Brain Awareness Week») նախաձեռնությունը ներգրավում է նաեւ Հայաստանին ու հայ երիտասարդությանը։ Երեւանի պետական բժշկական համալսարանի ուսանողական գիտական ընկերությունը մարտի 12-ին մեկնարկած շաբաթվա ընթացքում բազմաթիվ միջոցառումներ է ծրագրել։ Առաջին դասախոսությունը կարդաց ԱՄՆ Ջորջ Վաշինգտոնի համալսարանի պրոֆեսոր Զարուհի Կարաբեկյանը։



«Բժիշկները երբեք չպետք է հեռանան գիտությունից։ Արտերկրում անգամ պահանջ կա, որ եթե դու կլինիկական գործունեություն ես իրականացնում, զուգահեռ պարտադիր պետք է նաեւ գիտության հետ կապը չկորցնես։ Հայաստանում այդպես չէ, ինչը միանշանակ դրական երեւույթ չէ։ Այսօր եւս մեկ անգամ պետք է ընդգծեմ, որ երիտասարդ բժիշկները կամ ուսանողները պետք է ներգրավվեն գիտության մեջ եւ գործունեություն ծավալեն նաեւ այդ ոլորտում»,- ասաց պրոֆեսոր Զարուհի Կարաբեկյանը, ով ուսանողներին ներկայացրեց, թե վերջին տարիներին որքան են կարեւորվում ուղեղին նվիրված նեյրոնագիտական հետազոտությունները։



Ավելի վաղ ելույթ էր ունեցել նաեւ ԵՊԲՀ գիտության գծով պրոռեկտոր Կոնստանտին Ենկոյանը, ով եւս ընդգծել էր, որ համաշխարհային գիտությունը վերջին տարիներին մեծ ուշադրություն է դարձնում ուղեղին նվիրված հետազոտություններին. «Մեկնարկած «Ուղեղի ճանաչման շաբաթ» նախաձեռնությունը կարեւոր եւ համաշխարհային առաքելություն ունի։ Պետք է հասկանանք, որ նպատակը ոչ միայն մասնագետներին ներգրավվելն է, այլեւ շարքային քաղաքացիներին իրազեկելը ուղեղի եւ այս տարի ընտրված թեմային համապատասխան գլխուղեղային կաթվածների վերաբերյալ»։



Իրազեկման միջոցառումների շրջանակում մարտի 13-ին ԵՊԲՀ ուսանողներն այց են կատարելու հանրակրթական դպրոցներ։ Ինչպես աշխարհի մի շարք երկրներում, այնպես էլ Հայաստանում անցկացվող այս կարեւոր միջոցառման առաջնային նպատակն է ուղեղը ճանաչելի դարձնել բոլորի համար, քանի որ թեման բավականին արդիական է համաշխարհային գիտության բնագավառում:



ԵՊԲՀ-ում անցկացվող միջոցառումների կազմակերպմանը մասնակցում են ոչ միայն հայ, այլեւ օտարերկրացի ապագա բժիշկներ ու երիտասարդ հետազոտողներ։ Միջոցառումների գլխավոր կազմակերպիչը համալսարանական ուսանողական գիտական ընկերությունն է եւ ուսանողական խորհրդարանը:



«Brain Awareness Week»-ը մշտապես անցկացվում է մարտին։ Այն միջոցառումների շղթա է, որի նպատակն է հանրության լայն շերտերին ծանոթացնել ուղեղի կառուցվածքաֆունկցիոնալ յուրահատկություններին եւ նեյրոգիտության ոլորտի բազմատեսակ հետազոտություններին: Հայաստանում միջոցառումներ կանցկացվեն մարտի 12-ից 18-ը։ Կազմակերպիչները միավորվել են՝ «ուսումնասիրելու օրգանիզմի ամենակարգապահ ու առեղծվածային օրգանի աշխատանքը»: