Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 13-03-2018
«Եկել եմ, որ գնամ». ֆիլմ 104-ամյա Սաթենիկ տատիկի մասին
«Եկել եմ, որ գնամ»… Ահա այսպես է կոչվում Արուս Հակոբյանի ֆիլմը: Ֆիլմ, որը պատմում է 104-ամյա Սաթենիկ տատիկի մասին, ով փորձում է կյանք տալ իր հին տանը, որն անբնակ է արդեն 20 տարի:

Նա միակն է, որ հոգ է տանում հին ու դատարկված տան մասին, որտեղ ապրել է շուրջ 80 տարի: Նրա բոլոր հիշողությունները կապված են այդ վայրի հետ: Սաթենիկը գիտի տան յուրաքանչյուր առարկայի, ամեն քարի պատմությունը: Սակայն այսօր ամեն ինչ անշնչանում է հարազատ վայրում, բայց նա ցանկանում է մահանալ այնտեղ:



Ֆիլմը ցույց է տալիս, թե իր հարազատ գյուղից եւ տնից տեղափոխվելուց հետո ինչ զգացողություններ եւ ապրումներ ունի տարեց կինը: Այն ներկայացնում է նաեւ, թե որքան հարազատ են նրան այդ վայրերն ու առարկաները: Սաթենիկը 7 որդի ունի: Թեեւ նա հասկանում է, որ իր տղաներից, թոռներից եւ ծոռներից ոչ մեկը չի վերադառնալու եւ ապրելու դատարկվող գյուղի այդ հին, փոքր տանը, այդուհանդերձ հոգու խորքում 104-ամյա տատը հույս ունի, որ նրանցից գոնե մեկը հոգ կտանի գյուղի տան մասին: Սաթենիկը վերադարձել է տուն՝ վերջին անգամ հրաժեշտ տալու համար:

Ֆիլմը նկարահանվել է Մեծ Բրիտանիայի կառավարության Հակամարտությունների, կայունության եւ անվտանգության հիմնադրամի ֆինանսավորմամբ:



Մարտի 13-ին «Մեդիա կենտրոնում» տեղի ունեցավ ֆիլմի ցուցադրությունը, որին հաջորդեց նաեւ քննարկումը: Բանախոսներն էին ֆիլմի հեղինակ Արուս Հակոբյանը, կինոռեժիսոր Արեն Մալաքյանը եւ կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը: 

Արուս Հակոբյանն անկեղծացավ՝ նշելով, որ ֆիլմի հերոսուհին իր տատիկն է, իսկ ֆիլմի սյուժեն ավելի քան կապված է իրենց հետ: 



«Ֆիլմը նկարահանվել է Գորիսի Սվարանց գյուղում, որը մեր հարազատ գյուղն է: Մշտապես խոսում ենք արտագաղթի մասին. մարդիկ լքում են իրենց հարազատ տները: Այդ գյուղը եւս բացառություն չէ: Շատ քիչ ընտանիքներ են մնացել գյուղում, իսկ երբեմնի 200 աշակերտ ունեցող դպրոցում այսօր մոտ 10-ն են մնացել: Մարդիկ հեռանում են սոցիալական պայմանների պատճառով: Երբ ֆիլմի գաղափարը ծագեց, ես հասկացա, որ ավելի վառ օրինակ քան տատիկս է, երեւի չկա: Սակայն պետք է փաստեմ, որ ամեն 3-րդ հայը նման պատմություն ունեցել է»,- նշեց Արուս Հակոբյանը:

Ռեժիսոր Ալեն Մալաքյանը, սակայն, հակադարձեց ֆիլմի հեղինակին եւ փաստեց, որ ֆիլմն ամենեւին էլ արտագաղթի մասին չէ, այլ ներկայացված է մի շատ հետաքրքիր կյանքի պատմություն․ «Ֆիլմում ժամանակն ակտիվ ընթանում է, սակայն մարդու համար այն կանգ է առել: Ինչ խոսք, հետաքրքիր մոտեցում է ցուցաբերվել: Ես շատ կուզեմ, որպեսզի այս պատմությունն ունենա շարունակություն, որը կարտացոլի տատիկի ապրած տարվա եղանակները՝ ձմեռ, գարուն, ամառ, աշուն»:



Կինոքննադատ Րաֆֆի Մովսիսյանը ֆիլմի գաղափարական առումով համակարծիք էր Ալեն Մալաքյանի հետ: Կինոքննադատի խոսքով՝ թեման հարազատ է, իսկ ֆիլմի մեթոդը իրավիճակային է, ինչն առավել հետաքրքիր է դարձնում ֆիլմը: 

Նշենք, որ 7 տարի է, ինչ ֆիլմի հեղինակ Արուս Հակոբյանը զբաղվում է մուլտիմեդիա լրագրությամբ եւ այժմ աշխատում է «Ազատություն» ռադիոկայանում՝ որպես լրագրող։ Դա հեղինակի 3-րդ ֆիլմն է՝ «Երբ ես 4 տարեկան էի», «Գասպարին» վավերագրական ֆիլմերից հետո: