Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 15-03-2018
Sue's. «Խաղալիքները մեծ էներգիա են պարունակում»
Սյուզաննա Սահակյանը 21 տարեկան է։ Տիկնիկներին եւ խաղալիքներին կյանք տվող աղջիկը սովորում է ԵԳՊԱ-ի Գյումրու մասնաճյուղում՝ գրաֆիկայի բաժնի չորրորդ կուրսում։ Այսօր Սյուզաննան հայտնի է որպես «Sue's» բրենդի հիմնադիր։
- Սյուզաննա՛, կհիշե՞ք առաջին խաղալիքը կամ աշխատանքը, որը դարձավ ճակատագրական։

- Իհարկե, ուսոցողական տեսահոլովակից եմ պատրաստել. տխուր հայացքով հաջողության նապաստակն էր։ Այդ շրջանակում դա զարմանալի եւ հաճելի զբաղմունք էր, եւ անգամ մտածել չէի կարող, որ այդ զբաղմունքը հետագայում իր ուրույն տեղը կգտնի իմ կյանքում։

- Այսօր շատերն են ներկայանում նմանօրինակ ձեռագործ աշխատանքներով, սակայն Դուք կարծես թե պատվերների պակաս չունեք: Ըստ Ձեզ՝ որ՞ն է Ձեր աշխատանքների հաջողության գրավականը։

- Ես կարծում եմ, որ իմ հաջողության գրավականն այն է, որ տիկնիկներին, խաղալիքներին կյանք տալուն երբեք չեմ  վերաբերել որպես գումար վաստակելու միջոց։ Յուրաքանչյուր խաղալիքի անհատական մոտեցում եմ ցուցաբերում, յուրաքանչյուրին յուրահատկություն եւ սեր եմ տալիս եւ ինքս էլ անհամբեր սկսում եմ սպասել խաղալիքի վերջնական տարբերակին։

- Ձեռքի աշխատանքները որքանո՞վ են Ձեզ համար աշխատանք, որքանո՞վ հոբբի, եւ արդյո՞ք այն կարող է համարվել ապրուստի միջոց։

- Իրականում այս զբաղմունքն ինձ համար ե՛ւ հոբբի է, ե՛ւ աշխատանք, ե՛ւ, ինչու չէ, գումար վաստակելու միջոց։ 21-րդ դարում դժվար է գտնել այնպիսի աշխատանք, որը 21 տարեկան աղջկա համար կլինի սիրված, չհոգնեցնող, ինչպես նաեւ գումար վաստակելու միջոց, ուստի անչափ ուրախ եմ, որ այս հոբբին աշխատանքի տեսքով իմ կյանքում տեղ է գտել։

- Ձեր աշխատանքները հայտնի են նաեւ Ռուսաստանում: Հետաքրքիր է՝ պատվերներ հիմնականում որտեղի՞ց եք ստանում։

- Անխոս, հիմնական պատվերները Հայաստանից են, բայց ուրախ եմ, որ իմ կյանքում հանդիպել եմ նաեւ բարի մարդկանց, ովքեր աջակցեցին այլ երկրներում իմ աշխատանքների ներկայացմանը։ Հենց այդ մարդկանց շնորհիվ իմ ձեռագործ աշխատանքները հայտնվեցին նաեւ Ռուսաստանում, Գերմանիայում, Ֆրանսիայում, Շվեդիայում։ Իրոք, հաճելի է պատվերներ ունենալ այլ երկրներից, եւ հաճելի է, երբ օտարերկրացիները նույնպես գնահատում են աշխատանքդ։

- Այսօր ունեք Ձեր բրենդը: Ե՞րբ հասունացավ այդ պատասխանատու պահը, եւ որքանո՞վ է այն սիրվել հանրության կողմից։

- Այո՛, շուրջ մեկ տարի է, ինչ ներկայանում եմ իմ բրենդով՝ «Sue's»-ով։ Իհարկե, սկզբում կար մտավախություն, որ հնարավոր է՝ այն չսիրվի եւ չընդունվի հանրության կողմից, սակայն, ի վերջո, որոշեցի ռիսկի գնալ եւ ստեղծել «Sue's»-ն։ Ուրախ եմ եւ հպարտ այդ բրենդով եւ այսօր հստակ կարող եմ ասել, որ այն սիրվեց եւ գնահատվեց։

- Կերպարային տիկնիկներն այսօր շատ սիրված են: Հետաքրքիր է՝ հելյունով եւ թելով հնարավո՞ր է ապահովել կերպարային նմանությունը։

- Այո՛, նմանակ տիկնիկները կարճ ժամանակահատվածում բավականին սիրվեցին հանրության կողմից, ուստի պահանջարկն էլ բավականին մեծ է։ Նմանակ տիկնիկների պատվերների պակաս չունեմ։ Փորձում եմ տիկնիկներին նմանեցնել պատվիրված կերպարներին՝ սկսած հագուստից, աքսեսուարներից  մինչեւ ամենափոքր դետալները: Սակայն չեմ կարող չնշել, որ հելյունով եւ թելով դիմագծերի նմանություն ստանալը բավականին դժվար է, բայց աչքերի գույնով, մասերի ձեւով եւ այլ դետալներով փորձում եմ անել հնարավորինը, որպեսզի ստանամ պատվիրված նմանակ տիկնիկին։

- Եթե փորձեք առանձնացնել Ձեր աշխատանքները, ապա ո՞ր հատկանիշով դա կանեիք:

- Յուրահատկությունը։ Յուրաքանչյուր խաղալիքին տրվում է առանձին կերպար, առանձին բնավորություն՝ լինի կերպարային տիկնիկ, թե պարզապես կենդանի։ Եթե անգամ նույն տիկնիկից երկրորդը ստանալու մեծ ցանկություն ունենամ, միեւնույնն է, չեմ կարող։

- Կարծում եմ՝ անգամ պատվերների դեպքում դժվար է հրաժեշտ տալ այն կերպարներին, որոնց կյանք եք տվել։

- Նրանցից յուրաքանչյուրն ինձ համար թանկ է, քանի որ նրանց հետ ապրում եմ, սեր, կյանք տալիս, ուստի բաժանումն իրոք դժվարին է լինում։

- Ձեր խնդրանքն այն պատվիրատուներին, որոնց տներում հայտնվում են Ձեր պատրաստած խաղալիքները։

- Ես կցանկանամ, որ պատվիրատուները սիրեն այդ խաղալիքները, քանի որ ինքս նրանց համար շատ սիրով եմ պատրաստում դրանք։ Ամենակարեւորն էլ այն է, որ նրանք այդ խաղալիքները պահեն իրենց կողքին՝ որպես թալիսման, քանի որ խաղալիքները մեծ էներգիա են պարունակում։