Լուսանկարները՝ Գեղարեգ» կրթամշակութային ԵՀԿ-ից

Տեսակցությունը կազմակերպվել էր Գավառի քաղաքապետարանի ծախսերով: Արցախի Հանրապետություն էին մեկնել 22 զինծառայողների ծնողներ: Տեսակցություն էր կազմակերպվել նաեւ Պաշտպանության բանակում ծառայող Գավառի մանկատան սանի հետ: Յուրաքանչյուր զինծառայող Գավառի քաղաքապետի կողմից ստացավ սնունդ եւ հիգիենայի պարագաներ պարունակող փաթեթներ:
Տեսակցությունը տեւեց ավելի քան 7 ժամ: «Ամիսներ շարունակ մենք հնարավորություն չունեինք տեսնելու մեր զավակներին: Գավառի քաղաքապետարանի եւ «Գեղարեգի» շնորհիվ մենք կարողացանք առնել մեր կարոտը, նաեւ տեսնել Արցախ աշխարհը, անձամբ համոզվել, որ մեր երեխաները ոչ միայն ապահով ձեռքերում են, այլեւ կոփված են հոգով ու մարմնով, դարձել են հայրենիքի հուսալի պաշտպաններ»,- նշեցին զինծառայողների ծնողներն ու հարազատները:
«Տեսակցության կազմակերպման համար մեզ մեծ աջակցություն ցուցաբերեց ՀՀ պաշտպանության նախարարությունը եւ Պաշտպանության բանակի հրամանատարությունը՝ իրարից մեծ հեռավորությամբ գտնվող զորամասերից երեք վայրեր տեղափոխելով Գավառի տարածքի զինծառայողներին: Ծնողների հետ զինվորներին տեսակցության էին եկել տատիկներ, պապիկներ, եղբայրներ ու քույրեր: Զինվորները խոստովանում էին, որ ծնողների ու հարազատների հետ հանդիպումը իսկական նվեր էր իրենց համար»,- նշեց «Գեղարեգ» ԿՄԵ ՀԿ նախագահ Գրիգոր Դաշտոյանը:
Գավառի քաղաքապետ Գուրգեն Մարտիրոսյանի հավաստմամբ՝ նմանօրինակ այցերի կազմակերպումը կկրի մշտական ու շարունակական բնույթ: