Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 22-03-2018
Հայաստանի հավաքականը սկսել է նախապատրաստական փուլը
Ֆուտբոլի Հայաստանի ազգային ընտրանին նախապատրաստվում է Էստոնիայի եւ Լատվիայի հավաքականների հետ ընկերական հանդիպումներին։

Արթուր Պետրոսյանի գլխավորությամբ այսօր մեկնարկել է ֆուտբոլի ազգային հավաքականի հավաքը՝ նվիրված մոտակա երկու ընկերական հանդիպումներին։ Գլխավոր մարզչի համար մեծ նշանակություն ունի թիմին առաջին անգամ միացած Նորբերտո Բրիասկո Բալեկյանի արագորեն հարմարվելը, ինչպես նաեւ կիսապաշտպան Գեւորգ Ղազարյանի ծանր վնասվածքից հետո առաջին անգամ հավաքական հրավիրվելը։ Եվս մեկ կարեւոր հանգամանք էլ կա. մոտակա 2 ընկերական խաղերին կփորձարկվեն հավաքական հրավիրված դարպասապահները։

Հատկանշական է, որ ակումբային խնդիրների պատճառով հավաքականին չի կարողանա միանալ ազգային ընտրանու մյուս հավանական նորեկը՝ Կոլումբիայում հանդես եկող եզրային պաշտպան Ժոաո Ժորդի Մոնրո Արարատը։ Ակումբը, որտեղ հանդես է գալիս ֆուտբոլիստը, վերջին օրերին «կարեւոր հանդիպումներ պետք է անցկացնի ներքին առաջնությունում», ներկայացված է ՀՖՖ-ի պաշտոնական կայքում որպես հիմնավորում, թե ինչու ֆուտբոլիստը չի միացել հավաքականի նախապատրաստական փուլին։ «Ակումբի ղեկավարությունը խնդրել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիային` թույլ տալ ֆուտբոլիստին չմասնակցել առաջիկա նախապատրաստական հավաքին»,- ասված է ՀՖՖ-ի կողմից տարածված հայտարարության մեջ:

Հաշված րոպեներ առաջ էլ պարզվել է, որ Արաս Օզբիլիսն է վնասվածք ստացել։ Հայաստանի ազգային հավաքականի հերթական մարզման ժամանակ Արաս Օզբիլիսը անակնկալ վնասվել է, սակայն դեռեւս հայտնի չէ, թե ինչքան ժամանակով է շարքից դուրս մնացել ֆուտբոլիստը: «Վնասվածքի լրջության մասին պարզ կդառնա հետազոտությունից հետո»,- ասված է ՀՖՖ-ի կողմից տարածված մեկ այլ հայտարարության մեջ: Արաս Օզբիլիսի փոխարեն Հայաստանի ազգային հավաքականի մարզումներին հրավիրվել է «Փյունիկի» կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը:

Հ.Գ.։ Ֆուտբոլի ազգային հավաքականի նախապատրաստական առաջին օրվա շրջանակում ՀՖՖ-ի կողմից կազմակերպվել է նաեւ հանդիպում Հենրիխ Մխիթարյանի եւ Մ16 տարեկանների թիմի ֆուտբոլիստների հետ։ Հանդիպման մանրամասները ներկայացված են ՀՖՖ-ի կողմից պատրաստված կարճ տեսանյութում։

ՏԵՍԱՆՅՈՒԹ