Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 22-03-2018
Կոնֆերանս նվիրված «Ֆուտբոլը բարեկամության համար 2018» միջազգային ծրագրին
Ֆուտբոլի զարգացման խոշոր ծրագրի հետ կապված մանրամասները ներկայացվեցին կոնֆերանսի ընթացքում։

Օրեր առաջ Հայաստանը ներկայացրել էր, թե պատանի հայ ֆուտբոլիստներից ով է մասնակցելու «Ֆուտբոլը Բարեկամության համար» միջազգային ծրագրին։ Վիճակահանության արդյունքում պարզ էր դարձել, որ հայաստանյան ներկայացուցիչը պետք է հանդես գա հարձակման գծում։

Ըստ «Ֆուտբոլը Բարեկամության համար» ծրագրի հայաստանյան համակարգող Հրաչյա Ղամբարյանի՝ ընտրությունը կատարվել է մեծաթիվ պատանիներից, քանի որ հնարավորություն էին ստուգելու Ավանի ֆուտբոլի ակադեմիայում մարզվող պատանի հարձակվողների եւ ենթահարձակվողների հմտությունները. «Բազմաթիվ պատանիներ հնարավորություն էին ստացել դրսեւորելու իրենց ունակությունները։ Նախ առանձնացրեցինք 17 պատանի ֆուտբոլիստի, ապա թիվը կրճատվեց՝ հասնելով 7-ի։ Հետագայում հաշվի առնելով մի շարք այլ հանգամանքներ, այդ թվում եւ օտար լեզվի՝ անգլերենի իմացությունը՝ ընտրությունը կանգ առավ Էրիկ Հարությունյանի վրա»։

Պատանի ֆուտբոլիստը մեծ ոգեւորությամբ խոսեց իր ընտրվելու մասին եւ հավելեց, որ հպարտ է Հայաստանը ներկայացնել ծրագրի շրջանակում անցկացվող մրցաշարում։ Պատանի ֆուտբոլիստը նաեւ խոստացավ, որ կփորձի ամեն ինչ անել երկրի անունը բարձր պահելու համար։

Անցած տարի ծրագրի մարզչական թիմում ընդգրկված էր Լեւոն Ղազաբօղլյանը։ Ըստ երիտասարդ մարզչի՝ այն տպավորությունները, որոնք ստացել է ծրագրին մասնակցելիս, անմոռանալի են եղել։

«Դա կարեւոր է ինչպես երիտասարդ մարզիչների, այնպես էլ պատանի ֆուտբոլիստների համար։ Այն պատանիները, որոնք մասնակցել են միջոցառմանը դեռ անցած տարի, վառ տպավորություն եւ կարեւոր փորձ են ստացել։ Պետք է շարունակել օգտվել ծրագրի հնարավորություններից»,- ասաց Լեւոն Ղասաբօղլյանը, ով այսօր արդեն «Ֆուտբոլը Բարեկանության համար» ծրագրի Անդրկովկասի եւ Միջին Ասիայի կազմկոմիտեի անդամ է։

Կոնֆերանսին ներկա էր միջազգային ծրագրի Անդրկովկասի եւ Միջին Ասիայի կազմկոմիտեի ղեկավար Ամինա Կոնուրբաեւան։ Վերջինս հավաստեց, որ նախորդ տարի 21 երկիր միավորվել էր ծրագրի շրջանակում։

«Արդեն վիճակահանություն է անցկացվել։ Ձեւավորվել են բարեկամության 32 թիմեր։ Տեղյակ եմ, որ Հայաստանի մասնակիցն արդեն ընտրված է»,- ասաց Ամինա Կոնուրբաեւան՝ մանրամասնելով, թե ինչպես կազմակերպվելու ծրագիրը. հունիսի 8-ից 15-ը Մոսկվայում նախատեսված է մեծ հավաք, որը կնախորդի ֆուտբոլի Աշխարհի առաջնության մեկնարկին։ Ի տարբերություն նախորդ տարիների, այս անգամ թիմերը կմարզեն երիտասարդ ու պատանի մարզիչները՝ 14-16 տարեկան։

Ըստ Ամինա Կոնուրբաեւայի՝ նախատեսվում է, որ իրադարձությունը կլուսաբանվում ավելի քան 5000 լրագրողների կողմից. «Կունենանք թե՛ արդեն փորձառու լրագրողների մամուլի կենտրոն, թե՛ պատանիների եւ երիտասարդների համար նախատեսված առանձին սրահ»։

Կոնֆերանսի վերջում մասնակիցները ստացան հատուկ թեւնոցներ, որը հաստատում է նրանց ներգրավվածությունը «Ֆուտբոլը Բարեկամության համար» միջազգային ծրագրին։