Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 22-03-2018
Հայաստանի 2017 թ.-ի լավագույն ֆուտբոլիստները ստացան իրենց պարգեւները
Ակումբային մակարդակում ունեցած գերծանրաբեռնվածությունը մինչեւ այսօր թույլ չէր տվել ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի խաղացողներին ստանալ իրենց մրցանակները։



Դեռեւս 2017 թ.-ի դեկտեմբերի 22-ին հայտնի էր, որ Հայաստանի 2017 թ.-ի լավագույն ֆուտբոլիստը Հենրիխ Մխիթարյանն է, որը մրցանակը ստանում էր 8-րդ անգամ եւ, հատկանշական է, 7-րդ տարին անընդմեջ։ Անցած տարվա ընթացքում անգլիական «Մանչեսթեր Յունայթեդում» հանդես եկած ֆուտբոլիստը զգալիորեն առաջ էր անցել երկրորդ եւ երրորդ տեղը զբաղեցրած հարձակվող Տիգրան Բարսեղյանից եւ պաշտպան Վարազդատ Հարոյանից։



Իրենց ակումբներում ունեցած գերծանրաբեռնված գրաֆիկի պատճառով Հայաստանի ազգային ընտրանու անդամներն այդպես էլ չէին կարողացել ստանալ իրենց մրցանակները, որոնք այսօր նրանց հանձնեց Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանը։ Իրենք՝ մրցանակակիրները չէին թաքցնում իրենց ուրախությունը, որ կատարված աշխատանքը, նվիրումը ֆուտբոլին գնահատվել է իրենց օգտին քվեարկած ձայների տեսքով։



2017 թ.-ի տարվա լավագույն ֆուտբոլիստ Հենրիխ Մխիթարյանը նույն տարում նաեւ ընդգրկվել էր Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկներ»-ի կազմում, ինչը յուրօրինակ ավելացում էր նրա՝ «Մանչեսթեր Յունայթեդի» կազմում անցած տարի նվաճած թիմային պարգեւներին։



«Միշտ էլ հաճելի է լինել առաջինը։ Չեմ ժխտի, կասեմ, որ այսօր էլ շատ մեծ հաճույքով ստացա այդ պարգեւը, եւ կփորձեմ հաջորդ տարիների ընթացքում էլ լինել առաջինը»,- ասաց 7-րդ տարին անընդմեջ լավագույնի կոչմանն արժանացած ֆուտբոլիստը՝ հավելելով, որ այդ մրցակցության ցանկացած պարագայում մշտապես հարգանք ունի թիմակիցների հանդեպ։



Խոսելով հայ պատանի ֆուտբոլիստների համար ընդօրինակելի կերպար, հերոս լինելու մասին՝ Հայաստանի ազգային հավաքականը նշեց, որ տարիներ առաջ ինքն էր այդ պատանիներից մեկը. «Ես էլ եմ եղել մանուկ։ Ես էլ գիտեմ՝ ինչ է այդ զգացողությունը։ Ես էլ եմ ունեցել գլխավոր հերոսներ, ես էլ եմ ուզել նմանվել ինչ որ ֆուտբոլիստի կամ հերոսի։ Շատ մեծ պատիվ է։ Նշանակում է ինչ-որ մի բանի հասել ես, ինչ-որ մի բան արել ես այս երկրի համար, այն մարդկանց համար, ովքեր քեզ հետեւում են։ Լինել մանուկների հերոսը շատ ուրախալի է»։



Երկրորդ տեղը զբաղեցրած Տիգրան Բարսեղյանը մրցանակաբաշխության ժամանակ նշեց, որ ինքը կփորձի իր ուժերի ներածին չափով պայքարել ընթացիկ տարվա լավագույն ֆուտբոլիստի կոչման համար, չնայած հարձակվողն ընդունեց, որ այս պահին Հենրիխ Մխիթարյանը հավաքականի ոչ միայն ավագն է, առավել փորձառուն, այլեւ իսկական առաջատարը։ Նույն կարիծիքին էր նաեւ երրորդ տեղը զբաղեցրած Վարազդատ Հարոյանը։ Ազգային հավաքականի պաշտպանի խոսքով՝ լավագույնը լինելու համար շատ բան կախված է ակումբում ամբողջ մրցաշրջանի ընթացքում ունեցած ելույթներից։



Միջոցառումից հետո լրագրողները հնարավորություն ստացան իրենց հարցերն ուղղել ֆուտբոլիստներին: «ԵՐԻՏԱՍԱՐԴ»-ին հաջողվել է առանձին հարցազրույց ունենալ թե՛ Տիգրան Բարսեղյանի, թե՛ Վարազդատ Հարոյանի հետ։ Դրանք կտեղադրվեն կայքում ավելի ուշ։

Պատկերասրահ՝ Պարգեւատրվեցին 2017 թ.-ի լավագույն ֆուտբոլիստները