Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Դիանա Մարտիրոսյանի անձնական արխիվից
Տեղադրվել է 28-03-2018
Դիանա Անդրոմեդա. «Ես պարզապես երազում եմ…»
Eritasard.am-ը շարունակում է «Հաջողության գրավականը» խորագիրը կրող էջում ներկայացնել այն երիտասարդներին, ովքեր իրենց աշխատասիրության շնորհիվ մի շարք հաջողություններ են գրանցել: Այս անգամ մեր խորագրի հյուրը 24-ամյա Դիանա Անդրոմեդա Մարտիրոսյանն է, ում մասնագիտական կողմնորոշվածությունն այնքան բազմաբնույթ է, որ դժվար է կռահել ճիշտ մասնագիտությունը:

Պատմում է ինքը՝ Դիանան:

Մասնագիտության ընտրության հստակ որոշում, դրդապատճառներ...

Մասնագիտությանս ընտրության հարցում մի փոքր երկընտրանք կար, քանի որ ցանկանում էի ընդունվել կա՛մ Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտ, կա՛մ Երեւանի պետական բժշկական համալսարան, ընդ որում՝ դպրոցում սովորելու վերջին տարում արդեն պարապում էի՝ երկու համալսարաններ դիմելու համար: Սակայն այնպես դասավորվեց, որ ընդունվեցի եւ ավարտեցի Երեւանի թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի երաժշտական, դերասանական ֆակուլտետը՝ ստանալով երաժշտական թատրոնի դերասանուհու մասնագիտություն: Չնայած որոշումս հստակ էր, սակայն բժշկության ոլորտի հետ կապը չխզեցի, փոխարենը փորձեցի ուսումնասիրել բժշկական գրքեր, հանրագիտարաններ: Սակայն, անկեղծ ասած, ցանկություն ունեմ ընդունվելու նաեւ ԵՊԲՀ, բայց՝ տարիներ անց՝ մոտ 35 տարեկանում: Մինչ այդ բազմաթիվ պլաններ ունեմ, որոնք պետք է իրականություն դարձնեմ: 



Ընտանիքի վերաբերմունքը մասնագիտության հարցում եւ ոլորտի կտրուկ փոփոխության որոշում…

Ծնողներիս վերաբերմունքը բնական եմ համարում, քանի որ յուրաքանչյուր ծնող կարծիք արտահայտելու եւ ուղղություն ցույց տալու իրավունք ունի: Մայրս սատարել է մասնագիտական կողմնորոշման հարցում, քանի որ կարծում է, որ յուրաքանչյուր մարդ անձամբ պետք է ընտրի այն ճանապարհը, որն ինքն է ցանկանում: Հայրիկիս առումով մի փոքր հակառակ պատկերն էր. նա կտրականապես դեմ էր: Սակայն ես փորձեցի նաեւ կատարել հայրիկիս ցանկությունը եւ ընդունվել Հայ-ռուսական /Սլավոնական/ համալսարանի տնտեսագիտության եւ տուրիզմի բաժին: Նշեմ, որ ընդունելությունս շատ պատահական եղավ: 

Ճամփորդելու անհագ ցանկություն, հայրենիքի հանդեպ անսահման սեր…

Ճամփորդությունն այն է, ինչ ես կշարունակեմ իմ ամբողջ կյանքի ընթացքում՝ անկախ հանգամանքներից: Եղել եմ ավելի քան 33 երկրում: Յուրաքանչյուր երկրի մթնոլորտն ու գույնը այսօր կրում եմ իմ մեջ, յուրաքանչյուր երկիր ինձ համար յուրահատուկ եւ առանձնահատուկ է: Ճամփորդությունները եւս օգնում են ստեղծագործելու առումով. կարծես ոգեշնչման աղբյուր լինեն: Ընդ որում՝ տպավորված եմ օվկիանոսային ճանապարհորդություններիցս: Գիտե՞ք, սակայն մեկ բան կարող եմ հստակ ասել, որ Հայաստանն ուրիշ հմայք ունի: Հայաստանի ձգողական ուժը մշտապես զգում եմ եւ հասկանում, որ երբեք եւ ոչ մի դեպքում այլ երկրում չեմ կարող ապրել: Ես սիրում եմ Հայաստանը: 



Ստեղծագործելու ձիրք եւ գրքերի հրատարակում…

Սկսել եմ ստեղծագործել դեռ 4-րդ դասարանից: Ճիշտ է, եղավ մի ժամանակահատված, որ դադարեցի գրել, սակայն 15 տարեկանից կրկին սկսեցի: Առավել լուրջ սկսեցի գրել 19 տարեկանից: Արդեն գրելաոճս ամբողջովին այլ էր: Գուցե դա պայմանավորված էր առավել գիտակից ու հասուն դառնալու հետ: Որոշեցի ստեղծագործություններս ցույց տալ բանաստեղծ, հրապարակախոս Հակոբ Սրապյանին: Վերջինս խորհուրդ տվեց գիրք հրատարակել: Անկեղծ ասած, երբեք չէի կարող պատկերացնել, որ հնարավոր է այդպիսի խորհուրդ ստանամ: Նա պարզապես ասաց. «Դու պարտավոր ես գրել, հավաքել մի գրքի չափ բանաստեղծություններ եւ տպագրել…»: Երբ առաջին գիրքս տպագրվեց, նա ասաց. «Դու չես կարող կանգ առնել, իմացի՛ր, որ ճանապարհ ունես անցնելու…»: Ես ինքս հասկացա, որ ամեն բանաստեղծություն ինքնաբերաբար է ծնվում, իսկ ես չեմ կարողանում կանգ առնել: Հասկանում եմ, որ չեմ կարող ապրել առանց գրելու:



«Երկինքը՝ բիբերում» եւ «Կապույտ խնձորի միգամածություն»…

Գրքերի վերնագրերը՝ «Երկինքը՝ բիբերում» եւ «Կապույտ խնձորի միգամածություն», կանխորոշված չեն եղել: Դրանք պարզապես ծնվել են: Բնականաբար, ես վերնագրերի ներքո տեսնում եմ հստակ ենթատեքստ: Յուրաքանչյուրս, երբ նայում ենք երկնքին, պարզապես երկինք ենք տեսնում, բայց երբ նայում ենք երկնքին՝ մարդկանց աչքերի արտացոլանքում, ապա յուրաքանչյուրի աչքերում մեկ ուրիշ երկինք է: «Կապույտ խնձորի միգամածություն» վերնագիրը շատերը կապում են կարմիր խնձորի հետ, սակայն դա բացարձակապես կապ չունի դրա հետ: Կապույտը 6-րդ քաղաքակրթության, այսպես ասած. ուրիշ էակների գույնն է: Անգամ ինդիգո երեխաների մոտ աուրան կապույտ է: Խնձորն անմահության եւ մեղքի խորհրդանիշն է՝ պտուղների պտուղը, որից սկսվել եւ գուցե ավարտվի ամեն ինչ՝ բիբլիական առումով: Միգամածությունն էլ այն տարածքն է, որտեղ պետք է ապրեն կապույտ խնձորները՝ ուրիշ էակները: Այս գրքերը 5 տարվա աշխատանքի արդյունք են: Հաջորդիվ եւս կան գրքերի հետ կապված պլաններ: Մի պիես ունեմ՝ «Ադամական լուսաբաց», որը համեմվելու է միստիկ ժանրի բանաստեղծություններով: Կլինի նաեւ գիրք երեխաների համար, որտեղ կզետեղեմ բանաստեղծություններ եւ հեքիաթներ: Այդ երկու գրքերի շնորհանդեսները միանգամից անելու ցանկություն ունեմ:



Երաժշտության հանդեպ սերն ու պլանները… 

Իրականում ես կյանքում ամենաշատը սիրում եմ երգել: 2005-2007 թթ. սովորել եմ Երեւանի Երգի պետական թատրոնի մեներգի բաժնում: Առավել վաղ հասակից երգել եմ Թաթուլ Ալթունյանի անվան երգչախմբում: Մինչեւ հիմա պրոֆեսիոնալ վոկալով եմ զբաղվում, կիթառի առումով ինքնուս եմ, սակայն նպատակներ կան, որպեսզի կիթառը եւս պրոֆեսիոնալ մակարդակի հասցնեմ: Դաշնամուր եւս նվագում եմ, իսկ վերջին շրջանում հետաքրքրություն եմ տածում թմբուկի նկատմամբ: Կարելի է ասել՝ դա լիցքաթափման աղբյուր է: Նպատակ ունեմ ունենալ խումբ՝ ալտերնատիվ ժանրի, որը կներառի ալտերնատիվ ռոքը եւ հոգեւոր երաժշտությունը: Հոգեւոր երաժշտությունն ինձ համար լրիվ այլ հարթության վրա է՝ այլ աշխարհ, այլ հույզեր: 



Անդրոմեդա մականվան ընտրությունը…

Միշտ նշում եմ, որ Անդրոմեդան այն պատճառով չէ, որ ես հունական արմատներ ունեմ: Ո՛չ… Երբ ուսումնասիրում էի աստղագիտություն, որը եւս շատ եմ սիրում, տեսա մի դրվագ, որը նկարել էր ՆԱՍԱ-ն, երբ Անդրոմեդան մոտենում է Ծիր Կաթինին եւ բախվում: Սակայն այնպես չէ, որ անունիցս հրաժարվում եմ, ո՛չ, իհարկե: Սիրում եմ, երբ ինձ հիշում են որպես Դիանա Անդրոմեդա: 

Ազատ ժամանակի տնօրինում, սիրելի զբաղմունք…

Ազատ ժամանակն իմ անձնական տիրույթն է, երբ ես կարողանում եմ ուղղակի միայն երազել: Ես երազում եմ միշտ: Համարում եմ, որ գոյություն ունի միայն ներկա, չկա ո՛չ անցյալ, ո՛չ ապագա, ոչինչ չի դառնում ապագա եւ ներկա: Ես ներկան չեմ հասկանում այնպես, ինչպես շատ մարդիկ: Ինձ համար ներկան հենց ներկան է, որը չի դառնում անցյալ եւ ապագա: Ժամանակի գործոնին եւս չեմ հավատում, չեմ հավատում ծերացմանը եւ փորձում եմ պարզապես ապրել: 

Սիրում եմ լողով զբաղվել, սիրում եմ մեծ եւ փոքր թենիս: Պարը եւս ես համարում եմ սպորտաձեւ: Շատ եմ սիրում հատկապես ժամանակակից բալետը՝ ապրումներով ու հույզերով լի: Էքստրիմի սիրահար եմ նաեւ եւ վերջերս հաղթահարեցի Արագածի հյուսիսային գագաթը: 

Լինզաների գովազդի հերոսուհի…

Գովազդում նկարվելը եւս պատահական էր: Ընկերներիցս մեկն առաջարկեց որպես մոդել հանդես գալ լինզաների գովազդում: Ես մեծ հաճույքով համաձայնեցի: Գիտեի, որ ներկայացնում եմ որակյալ արտադրանք, գիտեի, որ համագործակցում եմ գիտակ եւ պրոֆեսիոնալ մարդկանց հետ: Եղել են գովազդային առաջարկներ, որոնք մերժել եմ, սակայն դերասանուհու համար միշտ հաճելի է գովազդում նկարահանվելու առաջարկներ ստանալը:



«Հաջողության գրավականը»

Երազելն ու երազանքը, որի հետեւից պետք է գնալ: Առհասարակ կարծում եմ, որ երազանքը նպատակից շատ քիչ է տարբերվում: Մենք ենք փորձում տարբերակում եւ բաժանում սահմանել: Նպատակը պարզապես այն է, ինչ երազել ես եւ փորձում ես նյութականացնել: Կարծում եմ՝ նպատակը մարմինն է, իսկ երազանքը՝ հոգին: Ես պարզապես երազում եմ…