Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ Հարություն Ծատրյանի
Տեղադրվել է 28-03-2018
Հավատա՞լ Արթուր Պետրոսյանին ու սպասե՞լ ֆուտբոլի ազգային ընտրանու հաջողություններին
«Հանրապետական» մարզադաշտում ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականը չկարողացավ հաղթանակ տոնել Լիտվայի ազգային ընտրանու նկատմամբ՝ 0-1 հաշվով պարտություն կրելով։

Փորձարկումներ, մարտավարական նոր սխեմաներ, տակտիկական մշակումներ, ֆուտբոլիստների խաղամակարդակ, խաղային պրակտիկայի բացակայություն ակումբներում.... Այս ամենի մասին խոսել են ֆուտբոլի Հայաստանի ազգային հավաքականի գրեթե բոլոր մարզիչները։ Ամեն անգամ, երբ պարտություն է տեղի ունենում կամ հավաքական հրավիրված ֆուտբոլիստները ցույց չեն տալիս այն ամենը, ինչ իրենցից սպասում են մարզչական շտաբն ու երկրպագուները, գալիս է զուտ արդարացումների ժամանակը, որը երբեք չի ավարտվելու։ Այո՛, դժվար է հավատալ, որ կգա մի պահ, երբ պարտություններից հետո մարզիչները չեն փորձի արդարացումներ գտնել, որքան էլ իրենց ներկայացրած իրավիճակը փորձում են արդարացում չորակել։

Հայաստանի եւ Լիտվայի ազգային հավաքականների միջեւ ընկերական հանդիպումը վաղաժամ հաղթանակի մասին խոսելու ոչ օբյեկտիվ հնարավորություն էր տվել երկրպագուներին, որոնք էլ «Հանրապետական» մարզադաշտ էին եկել ոչ այնքան Հենրիխ Մխիթարյանին տեսնելու, որքան ազգային հավաքականի 2018 թ.-ի առաջին հաղթանակը վայելելու։ Մրցակից Լիտվայի ազգային ընտրանին իր հավակնություններով եւ ՖԻՖԱ-ի վարկանշային աղյուսակում զբաղեցրած դիրքի շնորհիվ թույլ էր տվել վաղաժամ եզրահանգումներ կատարել։ Բայց ֆուտբոլը անկանխատեսելի է։

Հայաստանի ազգային հավաքականի հետ դիմակայությունից առաջ լիտվացիները դեռ օրեր առաջ 0-4 հաշվով պարտվել էին Վրաստանի ազգային թիմին։ Այն, որ Հայաստանի ազգային ընտրանին ոչ-ոքի էր խաղացել Էստոնիայի ազգային հավաքականի հետ, կարծես թե հոգեբանորեն պետք է շատ ավելի դրական ազդեր հայ ֆուտբոլիստների վրա, քան այն հոգեվիճակը, որն ունեին Լիտվայի հավաքականի ֆուտբոլիստները երեւանյան խաղից առաջ։ Սրանք զուտ ենթադրություններ են...

Հանդիպմանը մեկնարկում Հայաստանի ազգային հավաքականը չսկսեց այնպես, ինչպես պետք է սկսեր։ Այդ մասին արդեն խաղից հետո ասաց գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը. «Տեսել էինք, թե Վրաստանի հավաքականը ինչպիսի ագրեսիվությամբ եւ ակտիվությամբ էր սկսել լիտվացիների հետ տնային խաղը։ Դա արդյունք էր տվել։ Մենք եւս պետք է այդպես խաղայինք»։

Չցուցաբերելով «գործին պատշաճ» վերաբերմունք՝ հայ ֆուտբոլիստները ստիպված էին առաջին խաղակեսից հետո արդեն գլխիկոր հեռանալ խաղադաշտից։ 45-րդ րոպեին Լիտվայի ազգային թիմին հաջողվեց գոլային գրոհ կազմակերպել։ Կոմբինացիոն եւ գրագետ գրոհը եզրափակեց Օվիդիուս Վերբիսկասը։

Երկրորդ խաղակեսում Արթուր Պետրոսյանը խաղադաշտ դուրս բերեց բոլոր հնարավոր ուժերին, որոնք կարող էին ինչ-որ տեղ փոխել հանդիպման ընթացքը, սակայն... Այսպիսի խաղերում միշտ էլ մի բան չի ստացվում։ Ո՛չ հավաքականի հնաբնակները, ո՛չ էլ նորամուտ նշած ֆուտբոլիստները չկարողացան հավասարեցնել հանդիպման հաշիվը։ Արդյունքում Հայաստանի ազգային ընտրանին առաջին տնային պարտությունը կրեց լիտվացիներից։ Նախկինում Լիտվային հավաքականին միայն Վիլնյուսում էր հաջողվել առավելության հասնել Հայաստանի ընտրանու նկատմամբ։

Լիտվացիների հետ խաղը ապացուցեց, որ Հայաստանի ազգային հավաքականում կան խնդիրներ, եւ դրանք անհապաղ լուծման կարիք ունեն։ Գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ նշեց, որ իր համար էլ հիասթափեցնող արդյունք է, սակայն նախորդ երկու խաղերը կազմակերպվել էին փորձարկումների համար. «Կարող եմ ասել, որ ավարտեցինք փորձարկումները։ Սրանք ստուգողական հանդիպումներ էին։ Մայիս-հունիսին կփորձենք արդեն նախապատրաստվել Ազգերի լիգային։ Այսպիսի խաղերը մեզ անհրաժեշտ են, որպեսզի թիմի մոտ մշակվի խաղային ձեռագիր ու հստակ մարտավարություն, նորեկները կարողանան դրսեւորել ու տպավորություն թողնել։ Արդյունքը կարեւոր չէ ստուգողական խաղերում»։

Բելառուսի եւ Կիպրոսի հավաքականների նկատմամբ ընկերական խաղերում տոնած հաղթանակը 2017 թ.-ին այդպես էլ մնում է ցուցանիշ, որը պետք է կրկնել։ Գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը վստահ է, որ իր թիմը ունակ է հաղթանակների. չարժե վաղաժամ անհանգստանալ. «Մենք Ազգերի լիգայում ուրիշ ֆուտբոլ ենք խաղալու։ Այնպիսի խաղը, ինչպիսին տեսել եք Բելառուսի եւ Կիպրոսի հավաքականների հետ, կլինի հետագա հաղթանակների գրավականը»։

Մինչեւ մայիս-հունիս դեռ երկու ամիս ժամանակ կա։ Այս ընթացքում կորոշվի, թե արդյոք ազգային թիմը կունենա մրցակիցներ ընկերական խաղերի համար։ Ժխտական պատասխանը կարծես թե այս պահին քննարկման խնդիր չէ, առավելապես հետաքրքրում է, թե որ երկրների ազգային թիմերը կլինեն մրցակից Հայաստանի ազգային հավաքականին։ Բացի այդ՝ որոշ ֆուտբոլիստներ, ովքեր այս պահին խաղային պրակտիկայի պակաս ունեն, կարող են հավելյալ խաղաժամանակ ստանալ իրենց ակումբներում եւ բարելավել մարզավիճակը։ Մնում է ակնկալել, որ այս պարտության եւ թիմի իրական խաղային ձեռագրի ակնհայտ բացակայության պայմաններում հնարավոր կլինի հաջողության հասնել Ազգերի լիգայում, որտեղ անհասկանալիորեն միակ իրական մրցակից է համարվում Մակեդոնիայի հավաքականը, մինչդեռ Հայաստանի ազգային հավաքականի ցույց տված արդյունքներբ այսօր մեծապես չեն էլ տարբերվում Ջիբրալթարի կամ Լիխտեյնշտեյնի հավաքականների ցուցաբերած արդյունքներից։

Ֆուտբոլում, կարծես, դեռ արդյունքն է ամփոփում թիմի հաջողությունը...

Պատկերասրահ՝ Հայաստան-Լիտվա (0:1)