Նյութը՝ Հասմիկ Գյոզալյանի
Լուսանկարները՝ Հասմիկ Գյոզալյանի և ընտանեկան արխիվից
Տեղադրվել է 30-03-2018
«Խրամատից` հավերժություն». Սասուն Մկրտչյան
Eritasard.am-ը շարունակում է ներկայացնել «Խրամատից` հավերժություն» հեղինակային շարքը, որը պատմում է ծառայողական պարտականությունները կատարելու ընթացքում զոհված զինծառայողների կյանքի ու սխրանքի մասին:

Այս անգամ շարքի հերոսը ՀՀ «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանի ասպետ, պայմանագրային զինծառայող, հատուկ նշանակության ջոկատի հետախույզ-գնդացրորդ, շարքային Սասուն Մկրտչյանն է: 2016 թ.-ի ապրիլի 1-ին հանձնելով հերթափոխը՝ Սասուն Մկրտչյանն Արցախից վերադարձել է Երեւան, սակայն ապրիլի 2-ի լուսաբացին հակառակորդի կողմից մարտական գործողությունների ծավալման մասին լուրն առնելուն պես կրկին մեկնել է Թալիշ: Ապրիլի 2-ի լույս 3-ի գիշերը խիզախաբար մարտնչելով՝ զոհվել է թշնամու կողմից գրավված 170-րդ դիրքի ազատագրման մարտական գործողության ընթացքում: 



ՀՀ նախագահի հրամանագրով՝ Սասուն Մկրտչյանը պարգեւատրվել է «Մարտական խաչ» 1-ին աստիճանի շքանշանով, ԱՀ նախագահի հրամանագրով՝ «Մարտական ծառայություն» մեդալով: Արժանացել է «Հայկյան» հատուկ մրցանակի:

Կյանքը շարունակվում է



Տունը, որտեղ ապրել է Սասուն Մկրտչյանը, մայրաքաղաքում է՝ Բաղրամյան պողոտայից սկիզբ առնող նեղլիկ փողոցներից մեկի վերջնամասում: Թվում է՝ փողոցի ողջ երկայնքով խիտ դասավորված տների մեջ դժվարությամբ կգտնեմ Սասունի տունը, բայց ճանապարհին հանդիպած մարդիկ ճանաչում են մերօրյա հերոսին ու մատնացույց անում ինձ անհրաժեշտ ուղղությունը: 

Սասունից բացի՝ բոլորը տանն են. ծնողները, տատը, քույրը՝ երեխաների հետ: Կապուտաչյա փոքրիկը մորեղբոր զոհվելուց հետո է լույս աշխարհ եկել եւ նրա անունն է կրում: 



Զրուցում ենք: Բոլոր պատմությունները Սասունի մասին են, նրա անվան շուրջ են հյուսվում: Մինչ շունչ են առնում նրա կյանքի դրվագները՝ մանկությունից մինչեւ վերջին՝ հերոսական ակնթարթները, կրտսեր Սասունը վազվզում է տան մի անկյունից մյուսը, ապա թաքնվելով մերթ տատի, մերթ պապի թիկունքում՝ չարաճճի ժպտում: Փոքրիկի թաքուն ժպիտը նկատում ու ժպտում ենք բոլորս՝ տիկին Նարինեն, պարոն Ֆահրադը, տատը, Անին… Ժպտում են. չեմ սխալվել: Կնշանակի՝ կյանքը շարունակվում է: Կրտսեր Սասունն էլ, լույս աշխարհ գալով, վերահաստատել է այդ ճշմարտությունը: 

Էրգրի կարոտով

Սասուն Մկրտչյանի թե՛ հայրական, թե՛ մայրական ապուպապերը գաղթել են Արեւմտյան Հայաստանի Սասուն գավառից: Եկել, հաստատվել են ժայռերի, քարանձավների մեջ՝ ժամանակավոր, մինչեւ հնար լիներ՝ նորից վերադառնային հայրենի Սասուն, սակայն…



Սասունի հոր եւ մոր ընտանիքները բնակվել են Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղում: Տիկին Նարինեն վերհիշում է. «Ես փոքր երեխա էի, բայց արդեն պատկերացում ունեի, թե ով է թուրքը: Ինչպես հայտնի է, խորհրդային տարիներին հայրենասիրական երգերը, ազգային պարերն արգելված էին, սակայն նույնիսկ այդ պայմաններում թե՛ իմ հայրական տանը, թե՛ Սասունի հոր ընտանիքում մշտապես հայրենասիրական երգեր են հնչել, մենք մեծացել ենք կորուսյալ հայրենիքի՝ Սասուն աշխարհի մասին պատմություններ լսելով: Եվ երբ ընտանիք կազմեցինք, բնականաբար, մեր զավակները եւս այդպիսի միջավայրում պիտի մեծանային: Նրանք անընդհատ պիտի լսեին ազատատենչ սասունցիների մասին, մեծանային էրգրի կարոտով»:

Սասունը ծնվել է 1989 թ.-ի հուլիսի 10-ին: Ընտանիքի երկրորդ զավակն էր: Մայրը շարունակում է պատմել. «Դուստրս՝ Անին, 1.5 տարեկան էր, երբ ծնվեց որդիս: Տատիկի ցանկությամբ որդուս անվանեցինք Սասուն: Բոլոր փոքրիկների նման ուրախ, աշխույժ, շարժուն երեխա էր, բայց՝ միշտ մեզ լսող, հասկացող, երբեք անհանգստություն չպատճառող»:
 


«Նրա կողքին ինձ միշտ պաշտպանված ու ապահով էի զգում»

Սասուն Մկրտչյանն ուսանել է Երեւանի Հ. Հայրապետյանի անվան համար 78 դպրոցում: Քույրը՝ Անին, կարոտով է հիշում դպրոցական տարիները. «Եղբայրս ինձնից փոքր էր, եւ ես լուրջ պատասխանատվություն էի ստանձնել՝ դպրոցում ուշադիր լինել Սասունի նկատմամբ: Երբ Սասունն առաջին դասարանում էր սովորում, բոլոր դասամիջոցներին պարտաճանաչ նրա մոտ կանգնած էի, որպեսզի կարողանամ անհրաժեշտության դեպքում պաշտպանել. կարծես Սասունի մեծ եղբայրը լինեի: Հետագայում նա դարձավ իմ պաշտպանը: Գերազանց չէր սովորում, բայց պարտաճանաչ էր: Հետաքրքրությամբ էր սպասում հատկապես անգլերենի դասերին: Ձգտումներ շատ  ուներ»:


 
Անին լռում է մի քանի վայրկյան, ապա շարունակում. «Եղբորս հետ կապված ենք եղել նաեւ հասուն տարիքում: Երբ դուստրս ծնվեց, հաճախ էի թողնում նրա մոտ: Այնքան սրտացավորեն էր երեխային խնամում: Սասունի մեջ ասես 2 տարբեր մարդիկ էին ապրում՝ խաղաղ, պարզ, բարի, միեւնույն ժամանակ՝ չափազանց պատվախնդիր, տղամարդկային, ուժեղ: Նրա կողքին ինձ միշտ պաշտպանված ու ապահով էի զգում»

«…գրեթե չենք զգացել, թե ինչպես են անցել ծառայության 2 տարիները»

Սասունը տասը տարեկան էր, երբ ծնողների որոշմամբ սկսեց հաճախել մուայ թայի պարապմունքների: Բազմաթիվ մրցույթների է մասնակցել, պարգեւատրվել մեդալներով ու պատվոգրերով: Եղել է Մուայ թայ բոքսինգի հայկական ֆեդերացիայի անդամ, ինչպես նաեւ մրցավար եւ մեկնաբան:
 
Ժամկետային զինծառայության է մեկնել 2007 թ.-ին, ծառայել ՀՀ հյուսիսարեւելյան ուղղությամբ մարտական հերթապահություն իրականացնող զորամասերից մեկում:



«Ծառայության մասին երբեք չէր պատմում, ոչինչ չէր ուզում, առհասարակ, պահանջկոտ չէր: Կարելի է ասել՝ գրեթե չենք զգացել, թե ինչպես են անցել ծառայության 2 տարիները: Մի օր զանգահարեց, տեղեկացրեց, որ որոշ ժամանակ չի կարողանալու խոսել մեզ հետ, քանի որ դիրքեր է բարձրանում: Մի քանի օր անց հայտնեց, որ նշագեղձերը վիրահատել են, ինքն արդեն ապաքինվում է ու շուտով կրկին ծառայության վայր է մեկնելու: Վիրահատության մասին մեզ նախապես չէր ասել, որ չանհանգստանանք»,- հիշում է Սասունի մայրը: 

Ծառայությունից հետո՝ 2009 թ.-ին, Սասունն ընդունվել է Երեւանի դատական փորձագիտության եւ հոգեբանության ինստիտուտ, զուգահեռ աշխատել ՀՀ վերաքննիչ դատարանում՝ որպես կարգադրիչ: Ինչպես տիկին Նարինեն է պատմում, Վերաքննիչ դատարանում Սասունը երկար չաշխատեց. «Ցանկություն ուներ ծառայության անցնելու ԶՈՒ խաղաղապահ բրիգադում: Մենք, իհարկե, այնքան էլ կողմ չէինք այդ որոշմանը, բայց չհակադրվեցինք: Իսկ 2014 թ.-ից ծառայության անցավ Հատուկ նշանակության գնդում՝ որպես հետախույզ-գնդացրորդ: Ինձ հանգստացնում էր՝ ասելով. «Մա՛մ ջան, Երեւանում եմ աշխատելու: Ժամը 09:00-ին գնալու եմ աշխատանքի, 17:00-ին վերադառնամ տուն»



«Մա՛մ, ո՜նց էի կարոտել»

2016 թ.-ի ապրիլի 1-ին Սասունը, հանձնելով 15-օրյա հերթափոխը, Արցախից վերադարձել է Երեւան: Ընկերներն ու սիրած աղջիկը՝ Գոհարիկը, ամեն անգամ ճանապարհում ու դիմավորում էին Սասունին: Այդ օրն էլ, ավանդույթի համաձայն, արդեն իրենց տանն էին: Զրուցակիցս վերհիշում է օրվա բոլոր մանրամասները, յուրաքանչյուր րոպեն. «Հայրը գնաց զորամաս՝ Սասունին դիմավորելու, եւ միասին վերադարձան: Չափազանց հոգնած էր, փոշոտ: Տուն մտավ,  ուսապարկը գցեց հատակին ու փաթաթվեց ինձ, համբուրեց… Ասաց՝ «Մա՛մ, ո՜նց էի կարոտել»: Հետո հասկացա՝ այդ օրը ուրիշ տեսակ էր փաթաթվել… Ապա իրեն կարգի բերեց, եկավ հյուրերի մոտ: Նստեցին, զրուցեցին, երեկոյան Գոհարիկին ճանապարհեց իրենց տուն ու շուտ վերադարձավ»:

Սասունն ու Գոհարիկը ապրիլին պետք է նշանադրվեին: Ծնողներն անհամբերությամբ էին սպասում այդ ուրախալի իրադարձությանը: Նշանդրեքի մատանին արդեն պատրաստ էր… 

«Եկավ տուն, երկար զրուցեցինք նշանդրեքի մասին: Ասացի, որ կոնյակն արդեն գնել եմ, հետաքրքրվել եմ, թե ինչպիսի տորթ ենք պատվիրելու: Գնաց քնելու: Առավոտյան ժամը վեցից  սկսեցին անդադար զանգահարել,- շարունակում է տիկին Նարինեն,- ասաց՝ շուտով կվերադառնա ու դուրս եկավ տնից: Որոշ ժամանակ անց զանգահարեց հորը, տեղեկացրեց, որ Արցախ է գնում: Մենք դեռ չգիտեինք, որ պատերազմ է սկսվել: Երբ գնացի աշխատավայր, նկատեցի, որ բոլորն անհանգիստ են, համացանցում լուրեր են կարդում: Ասացին՝ Արցախում կռիվ է: Անմիջապես եկեղեցի գնացի, մոմ վառեցի, հետո զանգահարեցի Սասունին: Ձայնը հանգիստ էր, ասաց. «Մա՛մ ջան, ես գնում եմ, մի քիչ խառն է, հասնեմ, նորից կզանգահարեմ»: Ժամը 13:00-ին արդեն Արցախում էին: Մինչեւ երեկո պարբերաբար զանգահարում էինք: Անընդհատ հանգստացնում էր մեզ՝ ասելով, որ ամեն ինչ լավ է: Վերջին անգամ երեկոյան խոսեցինք: Սասունն ասաց, որ հեռախոսն անջատելու է կապի բացակայության պատճառով ու հենց կարողանա, կզանգահարի: Խնդրեցի. «Տղա՛ս, հենց ճար լինի, զանգահարի՛ր, միայն ասա՝ մա՛մ, ձայնդ լսեմ, ու անջատի՛ր»: Հոր հետ խոսեց, ապա՝ հորեղբոր: Մեզ հետ խոսելուց հետո զանգահարել է Գոհարիկին, ապա հաղորդագրություն  ուղարկել, որ լավ է ու անջատել հեռախոսը»:  



Գիշերը երկարեց: Մկրտչյանների ընտանիքը լուսացրեց հեռուստացույցի առջեւ: Նույն գիշերը Սասունը զինակիցների հետ կատաղի կռիվ էր մղում՝ թշնամու կողմից գրավված դիրքն ազատագրելու համար: Վաղ առավոտից Սասունի հայրը՝ պարոն Ֆահրադը, զանգահարում էր որդուն, սակայն պատասխան չկար: Սասունի ծնողներն ասես վերապրում են տագնապն ու անասելի ցավը. «Իրենց խումբը գրոհի է անցել՝ գրավված դիրքերը հետ վերցնելու համար: Թեժ մարտեր են եղել: Առաջին դիրքը հասցրել են ազատագրել: Երկրորդ դիրքի ազատագրման գրոհի ամենաթեժ պահին Սասունը զայրացել է, համբերությունը կորցրած՝ կանգնել է ամբողջ հասակով ու գնդացրային կրակ բացել հակառակորդի հատուկ ջոկատայինների ուղղությամբ: Նրանց զգալի կորուստներ է պատճառել, սակայն ինքն էլ մահացու վիրավորվել է: Հրամանատարի օգնությամբ մեծ դժվարությամբ նրան իջեցրել են դիրքերից եւ հանձնել բժիշկներին, բայց կյանքը փրկել չի հաջողվել»

Ռազմավարական կարեւոր նշանակություն ունեցող դիրքն անհրաժեշտ էր ամեն գնով հետ բերել: Հակառակորդի հատուկ ջոկատայինները մի քանի անգամ գերազանցում էին մեր տղաներին: Կատաղի, թեժ մարտեր էին, կենաց ու մահու պայքար էր: Ու Սասունի համար ժամանակը ասես կանգ առավ. մոռացավ սիրելի ծնողներին, Գոհարիկին, արար աշխարհը ու… հերոսացավ: 

«Տա՛տ, ժի՛ր եղնիս, մինչեւ գամ»



Կապտականաչ աչքերով, նուրբ դիմագծերով Նինա տատը (Սասունի մայրական տատը) ամբողջ ընթացքում ոչ մի բառ չի արտաբերում, բայց աչքերը մատնում են հոգու խռովքը: Ասում են՝ լսողությունը ծանրացել է, բայց գիտի, զգում է՝ ում մասին ենք խոսում: 84-ամյա տատն ազգությամբ ռուս է: Ծնողները զոհվել են Հայրենական մեծ պատերազմի ժամանակ: Քրոջ հետ հայտնվել է մանկատանը, ապա որդեգրվել են տարբեր ընտանիքների կողմից ու կորցրել իրար: Մինչ օրս Նինա տատին չի հաջողվել քրոջ մասին որեւէ տեղեկություն իմանալ, թեպետ շատ երկար է նրան փնտրել: Եկել է Հայաստան՝ որպես ռուսաց լեզվի ուսուցչուհի: Ապա ընտանիք կազմել: Սասունն ամենասիրելի թոռներից մեկն էր: 

Զրույցն ավարտելով՝ պատրաստվում ենք գնալ Սասունի փառքի անկյուն, բայց Նինա տատը ձեռքս բռնում է, կանգնեցնում ինձ: Աչքերը լցված են, դեմքը հուզմունքից վարդագույն է դարձել: 



«Սասուն… չկա»,- ասում է տատը 

Հետաքրքիր շեշտադրությամբ է խոսում՝ ռուսաց լեզվի, գրական հայերենի ու բարբառներից մեկի խառնուրդով: Լարվում եմ, փորձում հասկանալ: Տատը շարունակում է. «Ասում էր. «Տա՛տ, ժի՛ր եղնիս, մինչեւ գամ»: Գնալուց առաջ էր ասում: Կրնա՞մ մոռանալ, չէ՛: Ինձ հետ շատ կապված էր, կգար, ինձ կօգներ գյուղում: 32 թոռ ու ծոռ ունեմ, Սասուն… չկա (Հեղ.՝ Սասունի նմանը չկա): Ոչ ոք չունի նրա բնավորությունը, շարժուձեւը»

Ծաղիկներ սիրող ու ժպտացող զինվորը…



Ապրիլյան պատերազմի ժամանակ զոհված տղաներից Սասուն Մկրտչյանն առաջինն էր, ում լուսանկարը ես տեսել եմ համացանցում: Սասունի լուսանկարով պատերազմն ինձ համար «դեմք» ստացավ ու ավելի ուժգին ցավեցրեց: 

Օրեր անց համացանցում տարածվեցին նաեւ Սասունի՝ ծաղիկներով լուսանկարները: Դրանք մի քանիսն են՝ ծաղկած ծառի մոտ, դաշտային ծաղիկների փնջով: Դժվար է պատկերացնել, թե որեւէ մեկը կարող է անտարբերությամբ նայել ծաղկեփունջը գրկած ու ժպտացող զինվորին: 

Լուսանկարները հիմա շրջանակի մեջ են՝ Սասունի փառքի անկյունում: Մայրը մատնացույց է անում դրանցից մեկը: Լուսանկարվել է՝ շանը գրկած, վարդագույն ծաղիկներով ծաղկած ծառի մոտ: Մեղմ ժպտում է: 

«Աշխատավայրում պատվոգիր էի ստացել՝ որպես լավագույն աշխատող,- պատմում է մայրը,- շրջանակի մեջ էր: Մի օր վերադարձա տուն, տեսնեմ՝ իր նկարը մեծացրել է, դրել շրջանակի մեջ: Քանի որ շրջանակը մուգ գույն ունի, ազդեց տրամադրությանս վրա: Ծիծաղեց, ասաց. «Մա՛մ, բայց տե՛ս՝ ինչ լավ նկար է, դուրդ չի՞ գալիս»: Հետո նկատեցի, որ հանել է նկարը, նորից պատվոգիրը դրել շրջանակի մեջ: Պատերազմից հետո այնքան երկար փնտրեցի այս նկարը: Ամբողջ տունը տակնուվրա արեցի, ոչ մի տեղ չգտա: Որոշեցի մեկ այլ նկար տեղադրել: Երբ պատվոգիրը հանեցի, տեսա նկարը թողել է դրա տակ: Հիմա նորից լուսանկարն եմ դրել շրջանակի մեջ, ինչպես ինքն էր ուզում»

Ծաղիկների, բնության նկատմամբ յուրահատուկ սեր ուներ: Հատկապես դաշտային ծաղիկներ շատ էր սիրում: 

Մայրը շարունակում է. «Կապվել էր Արցախի սար ու ձորերին: Երբեմն ասում էի. «Դու Երեւանում ես ծնվել, ի՞նչ գործ ունես սարերի, անտառների հետ»: Ասում էր. «Մա՛մ, դու չես հասկանում»»: 

Ծաղկեփնջով լուսանկարը նախապատմություն ունի. դաշտային ծաղիկները Գոհարիկի համար է փնջել, լուսանկարվել, ուղարկել նրան: 

…Ես առանց քեզ չեմ կարող



Սասունի փառքի անկյունում արտասովոր հանգստություն ես գտնում: Մայրը խնամքով դասավորել է որդու շքանշանը, մեդալները, մարզական պարգեւները, լուսանկարները, համազգեստը, անձնական իրերը: Այդտեղ է Գոհարիկի նվիրած մոխրամանը, բաժակը, Սասունի դրամապանակը՝ Գոհարիկի նկարով, որ ապրիլի 1-ին մոռացել էր վերցնել իր հետ: Ու Գոհարիկի նամակը (մեջբերված է հատված նամակից).

«…Երբ խոսում է ցավը, լռում է ամեն ինչ… կանգ է առնում անգամ ժամանակը: Սիրելի՛ս, իմ ժամանակը կանգ է առել ապրիլի 2-ից, երբ ասացիր, որ գնում ես…

…Սասո՛ւնս, ժամանակը կանգ է առել Ղարաբաղի սահմաններին, բայց կյանքիս ուղին շարունակվում է ձգվել դեպի Եռաբլուր՝ առանց ժամանակի: Ճիշտն ասած, ես էլ եմ զարմանում, որ կյանքն ու ժամանակը իրարից բաժան կարող են ապրել… Դե՛, երեւի կարող են, բայց ես առանց քեզ չեմ կարող: 

Խնդրում եմ, հրեշտա՛կս, հավերժ մնա ինձ հետ…»:




«Ես հարգում եմ տղայիս որոշումը»

Տիկին Նարինեն այսպես է ամփոփում մեր զրույցը. «Սասունս, անշուշտ, մտածել է մեր մասին, երբեք չէր ցանկանա մեզ ցավ պատճառել, բայց այդ պահին այդպիսի որոշում է կայացրել: Ես կորցրել եմ ամենաթանկը, բայց երբեք չեմ մեղադրել նրան: Ես հարգում եմ տղայիս որոշումը, եւ դա է ինձ ուժ տալիս՝ ապրելու: Ես ապրում եմ Սասունով, ապրում եմ՝ նրա հիշատակը բարձր պահելու համար»