Նյութը՝ Հովհաննես Կարապետյանի, Լեհաստանում «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի» կամավոր
Լուսանկարները՝ Հովհաննես Կարապետյանի
Տեղադրվել է 30-03-2018
Մշակութային երկխոսություն
ԵՀԿ-ի (Երիտասարդական համագործակցության կենտրոն) աշխատանքային գործունեության մի մասն են կազմում տարաբնույթ կրթական եւ մշակութային սեմինարները:

Այս անգամ այդպիսի մի սեմինար անցկացվեց արվեստի քոլեջում: Ծովափին շատ մոտ գտնվելով` այն ոգեշնչման իսկական աղբյուր է արվեստը նախընտրող ուսանողների համար: 

Սեմինարի նպատակն էր լեհ երիտասարդությանը ծանոթացնել տարբեր մշակույթների եւ դրանց ներկայացուցիչների հետ, հասկանալ, թե ինչպես են նրանք ընկալում այլ մշակույթները, կոտրել որոշ կարծրատիպեր Ռումինիայի, Իսպանիայի, Իտալիայի, Բելառուսի, Ավստրիայի եւ Հայաստանի մասին, մոտիվացնել մասնակիցներին, որպեսզի առավել համերաշխ եւ հարգալից դառնան տարբեր ծագում ունեցող մարդկանց նկատմամբ:

  • Որտեղի՞ց եմ ես: Մասնակիցները պետք է գուշակեին, թե որ երկրից ենք յուրաքանչյուրս` նայելով միայն մեր արտաքինին, եւ բացատրեին` ինչու են այդպես կարծում: Ցավոք, ոչ ոք այդպես էլ չկռահեց, թե ես որտեղից եմ, բայց տրամադրությունս մի քիչ փոխվեց, երբ դասախոսներից մեկը, մոտ գտնվելով ճիշտ պատասխանին, ասաց, որ Վրաստանից եմ: 

Այնուհետեւ մասնակիցները բաժանվեցին խմբերի եւ քննարկեցին, թե ինչպես են նրանք տեսնում այլ մշակույթները եւ ինչ գիտեն վերը թվարկված երկրների մասին (այդ թվում՝ նաեւ կարծրատիպեր), իսկ մենք պետք է ներկայացնեինք իրականությունը` հիմնվելով մեր փորձի վրա:

Ներկայացնեմ, թե խմբերից մեկն ինչ գիտեր Հայաստանի մասին, իսկ փակագծերում գրված են իմ մեկնաբանությունները:

  • Փոքր երկիր Ասիայում 
  • Մայրաքաղաքը` Երեւան 
  • Գինի (այո՛, մենք լավ գինի ունենք)
  • Տպավորիչ ելույթ Եվրատեսիլում (հաճելի է լսել)
  • Տաք երկիր (ամառը՝ այո՛, ձմեռը՝ ո՛չ)
  • Ուղղափառ եկեղեցի (ո՛չ, առաքելական)
  • Ոչ ծովափնյա երկիր
  • Լեռնային երկիր
  •  Հատուկ ապուր (այո՛, սպասը)
  • Ինչ-որ կոնֆլիկտ ունեն ինչ-որ երկրի հետ
  • Ծիրանն ազգային միրգն է
  • Ջազ երաժշտություն (այնքան էլ համամիտ չեմ)
  • Տղամարդիկ սովորաբար հագնում են սեւ գույնի հագուստ (կա նման միտում)
  • Սուրճ (ո՛չ)
  • Սիրում են համեղ ուտել (կա նման բան)
  • Մարդիկ պունկտուալ են (այնքան էլ համամիտ չեմ)
  • Այնքան էլ հայտնի երկիր չէ (համամիտ եմ)
  • Կուզենայի այցելել  (համեցե՛ք) 

Դե՛, ինչպես տեսնում եք, չնայած որոշ կարծրատիպերի, լեհ երիտասարդությունը բավականին տեղեկացված է Հայաստանի մասին, ինչը ԵՈՒԻ կամավորիս համար հաճելի էր լսելը: