Նյութը՝
Լուսանկարները՝ Էմմա Մաթեւոսյանի
Տեղադրվել է 01-04-2018
Շնորհավոր Սուրբ Զատիկ
Այսօր Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Հարության տոնը:

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաեւ Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից եւ վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Սբ. եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից եւ մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից եւ դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը եւ Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: 

Սուրբ Զատկի տոնը գալիս է դեռեւս նախաքրիստոնեական ավանդույթից, բայց այն ժամանակի ընթացքում փոփոխությունների է ենթարկվել: Զատկի խորհուրդը պահպանվել է մինչ օրս: Այն խորհրդանշում է գարնան զարթոնքը, հարությունը: Սուրբ Զատիկը հայերը դիմավորում են ընտանեկան միջավայրում՝ ջերմության ու սիրո ներքո: Տոնն ունի իր խորհրդանշական կերակուրները՝ ներկված ձու, չամիչով եւ բրնձով փլավ, ձուկ, կանաչիներ ու գինի: Ձվերը ներկում են սոխի կճեպով, որը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի արյունը:

Սբ. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Սբ. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում է տոնական Սբ. Պատարագ: 

Սբ. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:

Պատկերասրահ՝ Սուրբ Զատիկը Նորավան թաղամասում

Պատկերասրահ՝ Սբ. Հարության տոնի Սբ. Պատարագը