Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 06-04-2018
Էդգար Կոստանդյանի «Սովորական երկիր»-ն ու սովորական շնորհանդեսը
«Էօն» ակումբում ապրիլի 5-ին «Բուկինիստ» գրախանութների ցանցի նախաձեռնությամբ անցկացվեց գրող, դրամատուրգ Էդգար Կոստանդյանի նոր՝ «Սովորական երկիր» գրքի սովորական շնորհանդեսը:

Կոստանդյանն արժանացել է մի շարք գրական միջազգային մրցանակների, այդ թվում՝ «Եվրոփեն», «Ինտերրայթ»: Նրա պիեսները բեմադրվել են հայկական եւ արտասահմանյան բեմերում: «Որբանոց» բեսթսելերի հեղինակի գրչին են պատկանում նաեւ «Ներեցեք», «Ձմռան վերջին օրը», «Կուկու» գրքերը, որոնք թարգմանվել են տարբեր լեզուներով: Կոստանդյանը հեղինակել է նաեւ հարյուրավոր հրապարակախոսական հոդվածներ, չափածո գործեր, ինչպես նաեւ պատմվածքներ: 

Նրա գրքերն ընկերության, սիրո, մեր երկրի մասին են: «Սովորական երկիր»-ը գիրք է Նարեի սովորական կյանքի, Ժանեթի սովորական ողբերգության, հացադուլ անող Սայլակավորի եւ սովորական մեկի՝ լրագրող Ավոյի մասին: 

«Էդգարը շատ տաղանդավոր մարդ է: Ամենակարեւորը՝ նա գիտի լավ պատմել, ինչը ես գնահատում եմ նրա գրականության մեջ: Էդգարը սյուժե կառուցելու վարպետ է, սկզբից մինչեւ վերջ հասցնում է մարդկանց այն, ինչ ուզում է: Ուզում եմ, որ նրա հաջորդ գործն ավելի լավը լինի»,- շնորհանդեսի ընթացքում նշեց գրող Արմինե Բոյաջյանը: 

Շնորհանդեսի ընթացքում հեղինակն ընթերցասերների համար մակագրեց իր նոր գրքի օրինակները: 

Պատկերասրահ՝ «Սովորական երկիր» գրքի սովորական շնորհանդեսը