Նյութը՝ Հ. Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 06-04-2018
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը մնաց առանց գլխավոր մարզչի
Գրեթե մեկուկեսամյա աշխատանքից հետո Արթուր Պետրոսյանը հրաժարական է ներկայացրել, որն ընդունվել է ՀՖՖ ղեկավարության կողմից։

Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի նախագահ Ռուբեն Հայրապետյանի եւ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի միջեւ այսօր հանդիպում է կայացել։ Քննարկվել են Հայաստանի ազգային հավաքականի վերջերս կայացած մրցելույթները:

Ըստ ՀՖՖ պաշտոնական կայքի տարածած հաղորդագրության՝ քննարկման արդյունքում Արթուր Պետրոսյանը ներկայացրել է իր դիրքորոշումը եւ հիմնավորումները ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Ազգերի Լիգայի մրցաշարին նախապատրաստվելու համար քիչ ժամանակ է մնացել, իսկ թե ինչու են ազգային հավաքականին փոփոխություններ անհրաժեշտ, դժվար չէ հասկանալ։ Այդ փոփոխությունների առաջին նախադրյալը եղել է գլխավոր մարզչի՝ Արթուր Պետրոսյանի հրաժարականը։ Մասնագետը հրաժարական է ներկայացրել, որն ընդունվել է ՀՖՖ նախագահի՝ Ռուբեն Հայրապետյանի կողմից:

Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը եւ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանը փոխադարձ շնորհակալություն են հայտնել համատեղ աշխատանքի համար: Իսկ նոր գլխավոր մարզչի անունը հայտնի կդառնա մոտ օրերս: