Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 07-04-2018
Ապրիլի 7-ն Ավետման օրն է՝ Մայրության եւ գեղեցկության տոնը
1995 թվականին որոշում կայացվեց ապրիլի 7-ն ընդգրկել ազգային տոնացույցում, իսկ օրը պատահական չէր ընտրված, քանի որ ապրիլի 7-ին Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սբ. Մարիամ Աստվածածնի Ավետման տոնը:

«Ավետել», «ավետիս տալ» նշանակում է բարի լուր հաղորդել: Մարդկությանը հաղորդված մեծագույն ավետիսը Սբ. Կույսին տրված երջանիկ լուրն է` Աստվածորդու մարդեղացման եւ փրկության ուղու բացման ավետումը: 

Քրիստոնեական տոնն ունի նախապատմություն. «Վեցերորդ ամսին Գաբրիել հրեշտակն Աստծու կողմից ուղարկվեց Գալիլիայի մի քաղաք, որի անունը Նազարեթ էր, մի կույսի մոտ, որ նշանված էր Հովսեփ անունով մի մարդու հետ՝ Դավթի տնից։ Եվ այդ կույսի անունը Մարիամ էր։ Եվ հրեշտակը, գալով նրա մոտ, ասաց. «Ուրախացի՛ր, ո՛վ շնորհընկալ, Տերը քեզ հետ է... Մի՛ վախեցիր, Մարիա՛մ, որովհետեւ Աստծուց դու շնորհ գտար։ Եվ ահա դու կհղիանաս եւ կծնես մի որդի եւ նրա անունը Հիսուս կդնես։ Նա մեծ կլինի եւ Բարձրյալի որդի կկոչվի։ …Ու նրա թագավորությունը վախճան չի ունենա»»: 



Մարիամի մայրանալով՝ մարդկանց համար մայրության խորհուրդը նորովի է բացահայտվել, եւ այսօր էլ այն դիտվում է որպես աստվածային հրաշք: 

Առհասարակ Մայր բառը վեհ եւ  սուրբ գաղափար է պարունակում: Իզուր չէ, որ կոչվում է Մայր հայրենիք, մայրենի լեզու…

Նշենք, որ ապրիլի 7-ը Մայրության, գեղեցկության եւ սիրո օրն է: Այս տոնը եզրափակում է Կանանց միամսյակը, որը Հայաստանում նշվում է մարտի 8-ից ապրիլի 7-ն ընկած ժամանակահատվածում: Ապրիլի 7-ին եւս ընդունված է կանանց շնորհավորել, ծաղիկներ եւ նվերներ նվիրել:

Պատկերասրահ՝ 07 ապրիլի 2018 թ.