Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 13-04-2018
Հանդիպում Արտավազդ Փելեշյանի հետ
Հայկական ազգային կինոակադեմիան Արտավազդ Փելեշյանի կինոյի սիրահարներին բացառիկ իրադարձության մասնակցելու հնարավորություն ընձեռեց։
Ապրիլի 12-ին «Մոսկվա» կինոթատրոնում ցուցադրվեց մեծանուն կինոռեժիսորի ամբողջական ֆիլմոգրաֆիան:

Ցուցադրվեցին «Լեռնային պարեկ», «Մարդկանց երկիրը», «Սկիզբը», «Մենք» եւ մի շարք ֆիլմեր, իսկ ահա ցուցադրությունից հետո մեծանուն ռեժիսորը հանդիպեց իր արվեստը սիրող եւ գնահատող հանդիսատեսի հետ։ Նա սիրով եւ իրեն բնորոշ հանգստությամբ պատասխանեց հանդիսատեսի եւ լրագրողների հարցերին:

Գրեթե շատերն են տեղյակ, որ լեգենդար ռեժիսորը չի սիրում լուսանկարվել եւ հայտնվել մամուլում եւ իհարկե պատասխանել լրագրողների հարցերին, ուստի առաջին հարցը, որը հետաքրքրում էր ներկաներին, այն էր, թե ինչու տարիներ շարունակ ռեժիսորը չի մասնակցել սոցիալական միջոցառումներին եւ չի շփվել հասարակության եւ մամուլի հետ։

Ռեժիսորի պատասխանը չի ուշանում․ «Այո՛, երկար ժամանակ է, ինչ հասարակության ուշադրությունից հեռու եմ ինձ պահում եւ արդեն հասցրել եմ կարոտել այդ շփմանը»։ Ի դեպ, լրագրողներից եւ հասարակական դիտակետից հեռու մնալը միակ բան չէ։ Երկար տարիներ է, ինչ ռեժիսորը լուռ զբաղվում է ստեղծագործական գործունեությամբ, ինչի արդյունքում նա չի հետեւել, թե ինչ է կատարվում հայկական կինոմատոգրաֆիայի աշխարհում։

Հանդիպման ընթացքում եղան նաեւ բացահայտումներ․ հանդիսատեսի խնդրանքով Փելեշյանն առաջին անգամ բացահայտեց այն գաղտնիքը, թե ում հուղարկավորությունն է  նկարահանվել «Մենք» ֆիլմում։ Պարզվում է՝ ֆիլմի հիմնական պատմությունը հայտնի հայ դերասան Վահրամ Փափազյանի  հուղարկավորությունն է, սակայն օգտագործվել են նաեւ հայ բանաստեղծ Ավետիք Իսահակյանի եւ դերասան Հրաչյա Ներսիսյանի հուղարկավորության արխիվային կադրերը: 

Ռեժիսորը որպես իր համար սիրելի ֆիլմ առանձնացրեց «Կյանքը»՝ չմանրամասնելով պատճառները։

Համաշխարհային կինոյի վարպետը ներկաներին պատմեց նաեւ հայ կինոյի հսկա Սերգեյ Փարաջանովի հետ իր ընկերության մասին՝ նշելով, որ վերջինիս շատ է հարգել նրա վարպետության համար․ «Նա միաժամանակ ե՛ւ նկարիչ է, ե՛ւ կինեմատոգրաֆիստ, բայց մի բան հաստատ է. նա տարբեր մշակույթներն ընկալում է պատկերավորման միջոցով, որի շնորհիվ էլ կարողանում է համադրել դրանք եւ ստեղծել օրգանիկ ստեղծագործություններ»։

Հիշեցնենք, որ այս տարվա փետրվարին ՀՀ ժողովրդական արտիստ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արտավազդ Փելեշյանը նշեց ծննդյան 80-ամյակը, ուստի  ֆիլմերի ցուցադրությունը նվիրված էր ռեժիսորի հոբելյանին։