Նյութը՝ Մարիամ Հովունու
Լուսանկարները՝ Մարիամ Հովունու
Տեղադրվել է 20-04-2018
Սպորտային պար՝ գեղեցիկ եւ թանկ հաճույք
Օրեր առաջ Երեւանում կայացավ Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայի՝ «Յունիվերսալ» պարային ստուդիայի գավաթի առաջնությունը։



Շուրջ 400 երեխաներ ներկայացան սպորտային պարաձեւում։



Երկրորդ անգամ անցկացված առաջնությանը մասնակցում էին ոչ միայն Հայաստանի սպորտային պարերի ֆեդերացիայում ներգրավված ակումբները: Ինչպես մեզ հետ զրույցում նշեցին կազմակերպիչները, այս տարի առաջին անգամ համագործակցում են Պարի եւ սպորտային պարերի համահայկական խորհրդի հետ։



«Բազմաթիվ աղջիկներ են հաճախում սպորտային պարերի, սակայն տղաների թիվն անհամեմատ քիչ է, ինչի պատճառը հայերիս մենթալիտետն է»,- մեզ հետ զրույցում նշեց «Յունիվերսալ» պարային ստուդիայի գեղարվեստական ղեկավարներից Գեորգի Բաբայանը։



Եվ, իրոք, մրցաշարին հիմնականում մասնակցում էին աղջիկները, իսկ զույգերով հանդես եկան ընդամենը մի քանիսը։



Ինչպես նշում են մասնագետները, Հայաստանում սպորտային պարերն արագ զարգացում կարող են ունենալ միայն ֆինանսավորման առկայությամբ եւ իհարկե լավագույն մասնագետներ հրավիրելու, սեմինար դասընթացներ անցկացնելու, սպորտաձեւը մասսայականացնելու միջոցով։ 



Ի դեպ, քիչ  չեն նաեւ միջազգային մրցույթները, որոնց մասնակցում են հայ սպորտային պարողները: «Ամեն շաբաթ եւ կիրակի օրերին տարբեր երկրներում իրականացվում են սպորտային պարերի մի շարք միջոցառումներ, որտեղ կարելի է տանել երեխային, որպեսզի նա մասնակցի, սակայն յուրաքանչյուր մրցաշար կապված է մասնակցության վճարի, տոմսի, կեցության հետ, ուստի սպորտային պարը բավականին թանկ հաճույք է»,- նշում է Գեորգի Բաբայանը։