Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Նահապետ Արշակյանի ֆեյսբուքյան էջից
Տեղադրվել է 28-04-2018
23-ամյա իլյուզիոնիստ. «Իմ գաղտնիքն իմ աբստրակտ մտածելակերպն է»
Eritasard.am-ը շարունակում է «Հաջողության գրավականը» խորագիրը կրող շարքը: Այս անգամ խորագրի հյուրը 23-ամյա իլյուզիոնիստ Նահապետ Արշակյանն է:

Պատմում է ինքը՝ Նահապետը: 



Մասնագիտությունների մի ամբողջ շարք եւ դրանց համադրումը մեկում…

Տարիքային տարբեր փուլերում տարբեր ու բազմաբնույթ հետաքրքրություններ եմ ունեցել: Ամեն անգամ, երբ որեւէ ոլորտից անցում էի կատարում մյուսին, մտածում էի վերջ՝ ես այստեղ արդեն հասել եմ մի կետի, երբ պետք է առաջ գնալ, նոր դռներ բացել եւ շարունակել ուսումնասիրել: Ես գիտակցում էի, որ այդ ամենը միայն ի օգուտ ինձ էր լինելու: Սակայն երբ սկսեցի հետաքրքրվել աճպարարությամբ, հասկացա, որ այն ամենով, ինչով մինչ այդ զբաղվել եմ, անմիջական եւ շատ մեծ կապ ունի աճպարարության հետ: Սա այն մասնագիտությունն է, որտեղ անհրաժեշտ է ունենալ ինֆորմացիայի շատ մեծ պաշար, ընդ որում՝ տարբեր տեսակի ինֆորմացիայի։ Կոնկրետ ինձ օգնել է այն հանգամանքը, որ ես իմ կյանքի տարբեր տարիներին, կարելի է ասել, զբաղվել եմ ամեն ինչով՝ խոհարարությամբ, վարսահարդարությամբ, նկարչությամբ, քանդակագործությամբ, ուսումնասիրել էլեկտրամեխանիկա եւ մեխանիկա, տարվել մեծ թենիսով, լողով, բասկետբոլով, կարատեով, ինչպես նաեւ անցել եմ ծրագրավորման բոլոր փուլերով: Ի վերջո, որոշեցի զբաղվել մի բանով, որ իմ ունեցած ողջ ինֆորմացիան, գիտելիքներն ու փորձը կհամախմբեր մի տեղում, եւ դա այն է, ինչով ես հիմա զբաղվում եմ։ Մարդկանց համար կարող է տարօրինակ թվալ, թե ինչու պետք է աճպարարը գաղափար ունենա մազերից, բժշկությունից, ֆիզիկայից, քիմիայից եւ այլն: Սակայն պետք է փաստեմ, որ աճպարարը պետք է ամեն ինչից, ամեն ոլորտից գաղափար ունենա:

Քանդակագործության եւ նկարչության հանդեպ սերը՝ ստեղծագործելու խթան…

Քանդակագործությամբ զբաղվելու տարիներին մի քանի քանդակներ եմ հեղինակել: Այդ ժամանակ մոտ 6 տարեկան էի, երբ հաճախում էի Արաբկիրի Հայորդաց տուն: Քանդակները մնում էին հենց այնտեղ, սակայն դրանցից մեկը՝ «Հիսուս Քրիստոսը՝ մանուկը ձեռքին», հավանել էր կաթողիկոսը: Այդ քանդակը հիմա նրա մոտ է: Եվս մեկ քանդակ՝ «Ֆրանսիայի հեղափոխություն», նվիրել էի Միսակ Մանուշյանի անվան դպրոցին: 

Ինչ կապված է նկարչության հետ, ապա մեր ընտանիքում շատ նկարիչներ կան: Ես ինքս զբաղվել եմ գծանկարչությամբ, գունանկարչությամբ, իսկ հետո՝ անցում կատարել աբստրակտ նկարներին: Ընտանիքում բոլորը հիմնականում աբստրակցիոնիստ են եղել: 



Մեխանիկայի եւ էլեկտրոնիկայի հանդեպ հետաքրքրությունները…

Երեւանի ինֆորմատիկայի պետական քոլեջ ընդունվելը եղել է ոչ թե իմ, այլ ընտանիքիս որոշումը: Սակայն այդ որոշումը եւս պատահական չի եղել: Մանկուց հետաքրքրություն ու սեր ունեցել եմ համակարգչի հանդեպ: Միշտ գնում էի ինտերնետ ակումբ եւ հետաքրքրությամբ հետեւում, թե ինչպես է մասնագետը հավաքում, որեւէ մաս փոխում: Առհասարակ ես միշտ էլեկտրոնիկայի նկատմամբ սեր եմ ունեցել. ինքս քանդել, հավաքել եմ սարքերը, լուծել առկա խնդիրը: Կարող եմ ասել, որ քոլեջ ընդունվելն օգնեց, որպեսզի ես առավել զարգացնեմ իմ գիտելիքները: 

Աճպարարության ոլորտի ընտրություն՝ որպես հիմնական մասնագիտություն…

2012 թ. սկսեցի պարզապես հետաքրքրվել աճպարարությամբ: Աճպարարության մասին գրականությունը կարելի էր գտնել օտար լեզուներով, սակայն փորձեցի թեկուզ դանդաղ եւ փոքր քայլերով ուսումնասիրել, փորձել: Այդ ընթացքում, սակայն, մեկնեցի ծառայության, եւ, բնականաբար, 2 տարվա դադարից հետո մի փոքր դժվար էր նորից մտնել այդ ամենի մեջ: 

«Ռուսական իլյուզիոնիստների ասոցիացիա»-յին անդամակցելու առաջարկ, տեղական եւ միջազգային խոշոր կազմակերպությունների հետ համագործակցություն…

2017 թ.-ի մարտին հրավեր ստացա «Ռուսական իլյուզիոնիստների ասոցիացիա»-յից («Russian Association of Magician»), որտեղ պետք է կայանար 21-րդ միջազգային կոնգրեսը: Ամբողջ աշխարհից հյուրեր եւ աճպարարներ էին ներկա: Ես եւս մասնակցեցի, Հայաստանը պատվով ներկայացրի եւ դարձա «Ռուսական իլյուզիոնիստների ասոցիացիա»-յի անդամ: 

Մի շարք կազմակերպությունների հետ եմ համագործակցել: Մոսկվայում գտնվելու 10 օրերին եւս եղել են համագործակցություններ, որոնց շրջանակում ունեցել եմ 4 մեծ ելույթ: Թե՛ Հայաստանում, թե՛ արտերկրում աշխատում եմ մեծ բրենդների հետ: 



Առաջին ելույթը, զգացողություններն ու մասնագիտության հանդեպ ընտանիքի վերաբերմունքը…

Առաջին ելույթս տպավորվել է նրանով, որ առաջին մի քանի րոպեն պարզապես կանգնել ու նայում էի հանդիսատեսին: Իրականում ո՛չ ես էի հասկանում, թե ինչ է կատարվում, ո՛չ հանդիսատեսը: Սակայն հասկացա, որ վախը պետք է հնարավորինս շուտ հաղթահարել, պատվով ելույթ ունենալ: Թերեւս գուցե դա առաջին ելույթն էր, ու հուզմունքն այդ պատճառով էր շատ: 

Ընտանիքս դեմ էր, որ զբաղվեի աճպարարությամբ, քանի որ նրանց մոտ այն սխալ կարծրատիպն էր, որ աճպարարն անիմատոր կամ ծաղրածու է: Սակայն երբ սկսեցի հաջողություններ գրանցել, ընտանիքս սկսեց հպարտանալ այն արվեստով, որով զբաղվում եմ: Ի վերջո, սա այն մասնագիտությունն է, որն առանձնանում է:

Աճպարարության սեփական գաղտնիքը…

Իմ գաղտնիքն իմ աբստրակտ մտածելակերպն է եւ այն կապերը, որոնք ես ճիշտ եմ օգտագործում: Ես, այս պահին համագործակցելով խոշոր ասոցիացիաների հետ, իրականացնում եմ փորձի փոխանակում, որը մարդկանց նոր հնարքներով զարմացնելու հնարավորություն է տալիս: Ես ինքս կողմնակից եմ նորարարություններին: Մշտապես աշխատում եմ թարմացնել ծրագրերը, քանի որ նոր ծրագրով, նոր հնարքներով ներկայանալը կարեւոր է ոչ միայն հանդիսատեսի, այլեւ ինձ համար:

Բնավորությամբ այնպիսին եմ, որ սիրում եմ ամեն ինչ արագ անել եւ տարբերվել: Եթե ես որոշեի ընտրել որեւէ կոնկրետ ոլորտ եւ շարունակեի զարգանալ այդ ուղղությամբ, ապա շուտ ձանձրանալու եւ հոգնելու էի: Դա էլ կհանգեցներ նրան, որ մի քանի տարի հետո ես պարզապես կկանգնեի մի կետի վրա, որը գուցե չցանկանայի շարունակվեր, այլ կերպ ասած՝ չցանկանայի զբաղվել դրանով: 

Վերջին 5 տարիներս նվիրել եմ միայն աճպարարությանը: Այն ամենից, ինչով զբաղվում էի դրանից առաջ, սկսեցի անջատվել ոչ թե մասնակի, այլ հիմնովին: Ամեն օրս սկսվում է աճպարարության նոր հնարքների մշակմամբ, քանի որ մշտապես նոր գաղափարներ են անհրաժեշտ: Իլյուզիոնիստ լինելը, կարելի է ասել, ոչ թե մասնագիտություն է, այլ ապրելակերպ՝ ամեն ինչում եւ ամեն տեղ:



Արտերկրում գործունեություն ծավալելու առաջարկներ, Հայաստանում աճպարարության ոլորտը զարգացնելու մեծ ցանկություն…

Արտերկրում գործունեություն ծավալելու պլաններ կլինեն, սակայն ոչ հիմա, քանի որ ես առաջնային նպատակ ունեմ. այն է՝ այս արվեստը զարգացնել Հայաստանում: Այո,՛ միջազգային կազմակերպությունների հետ համագործակցությունը շարունակելու, եւ, ավելին, այդ շրջանակը մեծացնելու ցանկություն կա, սակայն Հայաստանից գնալ չեմ ուզում: Այո՛, ես հայրենասեր եմ, սիրում եմ իմ երկիրը, իսկ ամենակարեւորն այն է, որ ես ինձ այստեղ հարմարավետ եմ զգում: Իհարկե, ֆինանսական տեսանկյունից արտերկրում հնարավորություններն առավել լավ են, սակայն ինձ համար հարմարավետությունն ավելի կարեւոր է: 

Թիմն ու թիմային աշխատանքի կարեւորությունը…

Ես այս պահին ունեմ թիմ, որը շատ ակտիվ աշխատում է: Այս տարի մտադիր ենք իրականացնել մեծ շոու ծրագիր, որի հետ կապված աշխատանքներ ենք տանում: Թիմը տարբեր բաժիններից է բաղկացած, եւ յուրաքանչյուր բաժին որոշակի գործառույթ է իրականացնում: Մենք մի շարք տեսանյութեր ենք հրապարակել մեր ֆեյսբուքյան էջում: Նկատում ենք, որ հանրության շրջանում հետաքրքրությունն իսկապես մեծ է: 



Հաջողության գրավականը

Զուտ իմ մտածելակերպը, որը, կարելի է ասել, այս աշխարհի հետ համահունչ չէ: Մարդիկ առավել ռեալ են փորձում աշխարհին նայել, իսկ ես՝ ոչ: Իրականում կարծում եմ, որ յուրաքանչյուր մարդու ուղեղում պետք է լինի Տիեզերք: Ի տարբերություն մյուս մասնագիտությունների, որոնցով զբաղվել եմ, աճպարարությունը միակն է, որն ինձ կարող է ամեն օր զարմացնել: Աճպարարությունը բացառիկ է, չկա աշխարհի չեմպիոն հասկացություն: Որքան էլ ուզում ես զարգանալ, միեւնույնն է, չկա դադար: