Նյութը՝ Հովհաննես Կարապետյանի, Լեհաստանում «Երիտասարդական միջոցառումների իրականացման կենտրոնի» կամավոր
Լուսանկարները՝ Հովհաննես Կարապետյանի
Տեղադրվել է 01-05-2018
Բումերանգ
Իմ կամավորական ճանապարհորդության այս նյութի շրջանակում ուզում եմ անդրադառնալ իմ աշխատանքային առօրյային եւ կարծում եմ, որ շատերիդ համար հետաքրքիր կլինի պարզել, թե ինչպես է այն անցնում:

Իմ աշխատանքի վայրը գտնվում է դպրոցում՝ երկարօրյա կենտրոնում, որը լեհերենով կոչվում է świetlica: Աշխատանքս սկսվում է ժամը 13:00-ին եւ ավարտվում 17:00-ին: Ամեն օր սրտի մեծ թրթիռով եւ ոգեւորվածությամբ եմ գնում աշխատանքի, քանի որ գիտեմ, որ աշխատանքային ժամը դեռ չսկսված բոլոր երեխաներն անհամբերությամբ են սպասելու  (Pan) պարոն Հովիկին, որպեսզի նա դուռը բացի, եւ նրանք կարողանան խանդավառությամբ մուտք գործել իրենց հրաշքների աշխարհ: Երբ արդեն փոխվում եմ եւ մի փոքր շունչ քաշում, առաջինը սկսում եմ թեյ պատրաստելու գործողություններով զբաղվել, այնուհետեւ մարկերով սկսում եմ բոլոր բաժակների վրա գրել երեխաների անվանական անունները եւ սպասել, որ թեյը մի քիչ սառչի:

Այդ ընթացքում սկսում ենք կատարել տնային հանձնարարությունները, ինչպես տեսնում եք նկարում: Հավելեմ, որ մեր լեհերենի դասընթացներն արդեն ավարտված են, եւ հիմա բավականին տիրապետում եմ լեզվին, ինչը դյուրացնում է երեխաների հետ հաղորդակցումը եւ օգնում ինձ, որպեսզի կարողանամ առավելագույնս օգնել նրանց տնային հանձնարարությունները կատարելու  ժամանակ: 

Երբ բոլոր հանձնարարությունները կատարված են եւ ստուգված, ժամը 15:00-ի սահմաններում սկսում ենք սննդի ընդմիջումը: Հիմնականում պատրաստում ենք արագ պատրաստվող կերակուրներ (ապուրներ, սենդվիչներ, բուրգերներ, տարբեր կիսաֆաբրիկատներ, թխվածքներ, յոգուրտներ եւ այլն): Երբ ճաշն ավարտված է, անցնում ենք մաքրությանը` մաքրության փոքրիկ աշխատանքի բաժանում կատարելով: Այնուհետեւ գալիս է երեխաների ամենասիրած պահը` խաղեր, զվարճանքներ եւ ազատ ժամ:

Իմ ամենասիրած խաղը, թերեւս, շաշկին է, որն առաջին իսկ օրերից խաղացել եմ երեխաների հետ եւ փորձել սովորեցնել նրանց: Շաշկին, ինչպես եւ շախմատը, շատ մեծ կրթական նշանակություն ունի. այն զարգացնում է ինտելեկտը, մարզում միտքը, կենտրոնացնում ուշադրությունը, սովորեցնում մտածել քայլ անելուց առաջ (7 անգամ չափել, 1 անգամ կտրել) եւ այլ դրական կողմեր: Շատ եմ ուրախանում, երբ ամեն անգամ երեխաներից մի քանիսը մոտենում են ինձ` համեստաբար եւ քաղցրանուշ ձայնով հարցնելով` արդյոք կուզենա՞մ խաղալ իրենց հետ: Արդյունքներն ուղղակի ապշեցուցիչ են. արդեն ոչ-ոքի է վերջանում խաղը, եւ կարծում եմ, որ ամեն ինչ դեռ առջեւում է: 

Յուրաքանչյուր մարդու, ուսուցչի, սովորեցնողի ամենամեծ ձեռքբերումն է տեսնել իր աշխատանքի արդյունքները:

Թեւավոր խոսքն ասում է. «Ինչ-որ տաս, այն էլ հետ կստանաս»: Ես դրանում բազմիցս եմ համոզվել եւ վստահ եմ, որ այն տիեզերական աներկբա ճշմարտություն է: