Նյութը՝ Հարություն Ծատրյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 03-05-2018
Արթուր Ալեքսանյանն ու Մաքսիմ Մանուկյանը՝ Եվրոպայի ուժեղագույն ըմբիշներ
Ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում հայ ուժեղագույն ըմբիշները հաստատեցին, որ իրենք շարունակում են լավագույնը լինել՝ հռչակվելով Եվրոպայի չեմպիոն:

Հունահռոմեական ըմբշամարտի 2016 թ.-ի օլիմպիական չեմպիոն, աշխարհի եռակի չեմպիոն Արթուր Ալեքսանյանը չորրորդ անգամ դարձավ Եվրոպայի չեմպիոն: 97 կգ քաշային կարգում Հայաստանը ներկայացնող ըմբիշը եզրափակչում 7։0 հաշվով հաղթեց Սերբիայի ներկայացուցիչ Միխեիլ Կաջայային: Մրցաշարում օլիմպիական չեմպիոնը պայքարը սկսել էր 1/8 եզրափակչից, որտեղ ընդամենը 1 րոպե 40 վայրկյանում հաղթեց Իսրայելը ներկայացնող հայ ըմբիշ Ռոբերտ Ավանեսյանին: Քառորդ եզրափակչում Արթուր Ալեքսանյանը 8։0 հաշվով հաղթեց հույն մրցակցին: Աշխարհի եռակի չեմպիոնը կիսաեզրափակչում էլ 10-0 հաշվով առավելության հասավ ֆինն Էլիաս Կուսմանենի նկատմամբ:

Աշխարհի չեմպիոն Մաքսիմ Մանուկյանն էլ դարձավ Եվրոպայի չեմպիոն: Հունահռոմեական ոճի հայ ըմբիշը եզրափակչում 9։0 հաշվով վստահ հաղթանակ տոնեց բելառուս Վիկտար Սասունոսկիի նկատմամբ: 82 կգ քաշային Մաքսիմ Մանուկյանը մրցաշարում պայքարը սկսել էր 1/8 եզրափակիչ փուլից, որտեղ մաքուր հաղթանակ էր տարել խորվաթ մրցակցի նկատմամբ: Քառորդ եզրափակիչ փուլում էլ հայ մարզիկը 5:2 հաշվով պարտության մատնեց բուլղարացի Դանիել Ալեքսանդրովին: Կիսաեզրափակչում էլ Մաքսիմ Մանուկյանը չափազանց վստահ հաղթանակ տարավ Լասլո Սաբոյի նկատմամբ:

Մեդալակիր դարձավ նաեւ 67 կգ քաշային Կարեն Ասլանյանը։ Նա բրոնզե մեդալի համար գոտեմարտեց լեհ Դավիդ Կարեցինսկիի հետ եւ հաղթեց 7:2 հաշվով: Ի դեպ, հենց նա առաջին մեդալը բերեց Հայաստանին Եվրոպայի առաջնությունում: Ավելի վաղ սփոփիչ գոտեմարտում Կարեն Ասլանյանը 5:3 հաշվով հաղթել էր նաեւ ադրբեջանցի Էլման Մուխտարովին:

Հ.Գ.։ Ռուսաստանի Կասպիյսկ քաղաքը հյուրընկալել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունը։ Կարեւոր մրցաշարը մեկնարկել է ապրիլի 30-ին եւ շարունակվելու է մինչեւ մայիսի 6-ը։