Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 05-05-2018
«Վիզուալ էֆեկտների կարեւորությունը ժամանակակից մեդիայում». վարպետության դաս
Հայկական բարեգործական ընդհանուր միությունում մայիսի 4-ին կայացավ «Վիզուալ էֆեկտների կարեւորությունը ժամանակակից մեդիայում» վարպետության դասը, որը վարում էր տեսաէֆեկտների եւ համակարգչային գրաֆիկայի մասնագետ Դարիուշ Դերախշանին (ԱՄՆ):

Վարպետության դասն անցկացվեց ԱՄՆ դեսպանատան հովանու ներքո ընթացող «Ամերիկյան ֆիլմերի ցուցաշար» ծրագրի շրջանակում՝ «Ֆորում» թատրոնի հետ համատեղ:



Դարիուշ Դերախշանին վկայականներ հանձնեց դասընթացին մասնակցած երիտասարդներին եւ նշեց, որ իր համար հաճելի է տեսնել երիտասարդների, ովքեր հետաքրքրված են անիմացիաներով եւ էֆեկտներով: 

«Վիզուալ էֆեկտների կարեւորությունը ժամանակակից մեդիայում» վարպետության դասի շրջանակում նա անդրադարձավ մի շարք մասնագիտական հարցերի, ինչպես նաեւ խորհուրդներ տվեց ապագա ռեժիսորներին, անիմատորներին, համակարգչային գրաֆիկայի մասնագետներին:



«Վիզուալ էֆեկտները պետք է նպաստեն պատմությանը: Եթե կա պատկեր, ապա այն արդեն պատմություն է: Տեսնելով որեւէ հայտնի նկարչի նկար՝ մեր հայացքն անցնում է ամբողջ պատկերով, եւ մենք սկսում ենք նկարում փնտրել նրա պատմությունը: Էֆեկտները պետք է լինեն ֆիլմերի անբաժան մասը, քանի որ դրանք նպաստում են հերոսների կերպարների եւ պատմությունների ներկայացմանը: Պետք է հիշել, որ ֆիլմի հիմքում պատմությունն է, քանի որ առանց լավ պատմության ֆիլմը լսարանին չի հետաքրքրի»,- նշեց մասնագետը եւ հավելեց, որ կինոարտադրողները պետք է հաշվի առնեն այդ ամենը: 



Խոսելով լսարանի հետաքրքրությունների մասին՝ նա կարեւորեց լսարանի եւ ֆիլմի հերոսների միջեւ կապը. այն է՝ լսարանը պետք է զգա ֆիլմը: Մեծ կարեւորություն են ներկայացնում նաեւ հերոսների կերպարները, մասնավորապես դրանց՝ վիզուալ առումով ներկայացնելը: Ըստ մասնագետի՝ հերոսներին չպետք է տարանջատել՝ բացասականի եւ դրականի, քանի որ բոլոր կերպարներն էլ առանցքային դեր են կատարում ֆիլմում: 

«Շատերը մտածում են, որ ռեժիսորն ու դիզայները, յուրաքանչյուրը պետք է իր գործը կատարի, սակայն իրականում լավ ֆիլմ ստանալու համար անհրաժեշտ է համատեղ համագործակցություն»,- նշեց Դարիուշ Դերախշանին:



Նրա խոսքով՝ ֆիլմերի ընկալումներն աշխարհի տարբեր ծայրերում տարբեր են, սակայն եթե կան լավ գաղափար ու լավ պատմություն, ապա այն հաջողություն կունենա աշխարհում:

Հանդիպման ընթացքում ներկաները մի շարք կարեւոր եւ ուսուցողական օրինակներ տեսնելու, ինչպես նաեւ իրենց հետաքրքրող հարցերը հղելու հնարավորություն ունեցան: