Նյութը՝ Ռոզա Գրիգորյանի
Լուսանկարները՝ Արմեն Սիմոնյանի
Տեղադրվել է 07-05-2018
Սեւակ Խանաղյանը, «Եվրատեսիլ-2018»-ը եւ մեր պատվիրակի հաղթանակի շանսերը
«Եվրատեսիլ-2018» երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի երգիչ Սեւակ Խանաղյանը։

Հայաստանի ներկայացուցիչը հանդես կգա մրցույթի առաջին կիսաեզրափակչում, որը կանցկացվի մայիսի 8-ին: Սեւակ Խանաղյանը հանդես կգա 16-րդ համարի ներքո՝ կատարելով «Քամի» երգը: Այս մրցույթին Հայաստանն առաջին անգամ է ներկայանալու ամբողջությամբ հայալեզու երգով: Մրցույթի երկրորդ կիսաեզրափակիչը կանցկացվի մայիսի 10-ին, իսկ եզրափակիչը՝ 12-ին:

Մինչ մրցույթի մեկնարկը Eritasard.am-ն առաջարկում է ավելի մոտիկից ծանոթանալ մեր մասնակցին եւ մրցույթում հաղթելու նրա շանսերին: 

Ո՞վ է Սեւակ Խանաղյանը 

Սեւակը ծնվել է Մեծավան գյուղում։ Վաղ տարիքից հետաքրքրվել է երաժշտությամբ։ 7 տարեկանում ընդունվել է երաժշտական դպրոց, ապա ավարտել է Կուրսկի մշակույթի քոլեջը։ Բարձրագույն երաժշտական կրթություն ստացել է Մայմոնիդի անվան Մոսկվայի պետական դասական ակադեմիայում։ Դեռ ուսման տարիներին նա սկսեց իր կոլեկտիվով հանդես գալ տարբեր հարթակներում: 2015-ին Սեւակը դարձավ «Главная сцена» եւ «Голос» հեռուստանախագծերի մասնակից։ Սակայն առավել մեծ ճանաչում եւ հանդիսատեսի սեր նրան բերեց Ուկրաինայի «Х-Factor» մրցույթում տարած հաղթանակը։ Մրցույթի լսումների փուլում նա շահեց ժյուրիի համակրանքը` կատարելով իր հեղինակային «Не молчи» երգը։ Նախագծի ավարտից հետո Սեւակը սկսեց իր անհատական հյուրախաղերի շարքը Ռուսաստանում, Ուկրաինայում եւ Հայաստանում։ 2017-ի սկզբից երաժիշտը թողարկել է 3 նոր տեսահոլովակ՝ արդեն ճանաչում բերած «Когда мы с тобой», «Не молчи» եւ նոր «Мой кислород» երգերի համար։ 2017-ին պայմանագիր է ստորագրել «PAMG» ընկերության հետ` «Հայաստանի ձայնը» հեռուստանախագծի ժյուրիի կազմում հանդես գալու վերաբերյալ։ Տվյալ պահին Սեւակ Խանաղյանն ակտիվ ստեղծագործական կյանք է ծավալում, ձայնագրում է նոր երգեր, արդեն նկարահանված է 2 նոր տեսահոլովակ։ 

Ինչպե՞ս է կատարվել Սեւակի ընտրությունը 
Հայաստանի պատվիրակն այս տարի ընտրվել է «Դեպի Եվրատեսիլ» նախագծի միջոցով` միջազգային ժյուրիի եւ հեռուստադիտողների քվեարկության 50/50 հարաբերակցությամբ։ Սեւակ Խանաղյանը ստացել էր թե՛ ժյուրիի, թե՛ հեռուստադիտողների առավելագույն ձայները։

Սեւակ Խանաղյանի մտքերից

«Երաժշտությամբ սկսել եմ զբաղվել 7 տարեկանից, երբ ստեղների վրա սովորեցի նվագել իմ առաջին մեղեդին»։
«Մանկության ամենավառ հիշողությունս, երբ հայրս ինձ սինթեզատոր նվիրեց»:
«Միշտ հպարտացել եմ իմ ազգային պատկանելությամբ։ Շատ տաղանդավոր ժողովուրդ ենք»:

Խանաղյանը՝ «Եվրատեսիլ-2018»-ին մասնակցելու մասին Eurovision.tv-ին տված հարցազրույցում

«Մեծ սպասելիքներ ունեմ մրցույթից եւ մտածում եմ լավ ելույթի մասին: Փորձում եմ լինել շատ հանգիստ եւ ոչ մի բանի մասին չմտածել: 
…Ամբողջ կյանքում չեմ մտածել այլ մասնագիտություն ընտրելու մասին, որովհետեւ երաժշտությունն իմ կյանքի մասն է: 
...«Քամի» ստեղծագործության մեջ հատկապես սիրում եմ «Դու տուր ինձ թեւեր, որ սավառնեմ դեպի վեր» նախադասությունը»:

Առաջատար լրատվականները՝ Խանաղյանի շանսերի մասին 

Metro.uk-ը գրում է. «Սա իրականում թերագնահատված երգ է, որը լավ է երեւում տեսախցիկի առջեւ: Սկզբում բեմը մշուշոտ է, այնուհետեւ բեմը լուսավորվում է: Երգի անվանումը «Քամի» է, եւ դրանով է պայմանավորված բեմի վրա արհեստական քամու առաջացումը: Վոկալը շատ տեղին է, նա սկզբից մինչեւ վերջ շատ լավ է երգում, կրքով: Եվ դա էլ հաղթահարում է լեզվական պատնեշը: Չէ՞ որ նա երգը կատարում է հայերեն»:

Wiwibloggs-ը՝ մեր պատվիրակի շանսերի մասին

Եվրատեսիլյան ամենահայտնի կայքը գրում է. «Սեւակն իր հետ մրցույթ կբերի կատարման մաքրություն ու ազնվություն։ Նա շքեղ ձայն ունի։ Այս երգը չի հաղթի ու չի լինի լավագույն հնգյակում, բայց կանցնի եզրափակիչ»: