Նյութը՝ Գայանե Մելիքյանի
Լուսանկարները՝ համացանցից
Տեղադրվել է 11-05-2018
Ֆրանսիայում մեկնարկել է Կաննի 71-րդ կինոփառատոնը
Ֆրանսիայում օրերս կայացել է Կաննի միջազգային կինոփառատոնի բացումը: «Ոսկե արմավենու ճյուղ»-ի համար պայքարելու է ավելի քան 20 ֆիլմ:

Հիմնական մրցույթի ժյուրիի նախագահն է ավստրալիացի դերասանուհի Քեյթ Բլանշետը: Ընդհանուր առմամբ ժյուրիի կազմում ընդգրկվել են 5 կին եւ 4 տղամարդ՝ 5 մայրցամաքներից։



Ինչպես հայտնում է «РИА Новости» գործակալությունը, 2004 թվականից ի վեր փառատոնն առաջին անգամ կբացվի ոչ անգլալեզու կամ ֆրանսալեզու ֆիլմով, այլ իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադիի «Բոլորը գիտեն» իսպանալեզու ֆիլմով: Այդ ֆիլմում հանդես են եկել հայտնի հոլիվուդյան աստղեր Պենելոպա Կրուսը եւ Խավիեր Բարդեմը: Ֆիլմի գլխավոր հերոսուհին՝ Կարոլինան, Արգենտինայի տաք եւ գեղեցիկ մայրաքաղաք Բուենոս Այրեսից մեկնում է Իսպանիա՝ հարազատներին այցելության: Ճանապարհին, սակայն, նա բազմաթիվ արգելքների է հանդիպում: 



«Կաննի պալատի աստիճաններով բարձրանալը հսկայական պատիվ է: Այս փառատոնը առանձնակի դեր է խաղում կինոարվեստի զարգացման մեջ»,- ասել է Կրուսը: 

Սակայն կինոփառատոնի անակնկալներն այդքանով չեն ավարտվում: Լրագրողներին եւ ոլորտի մասնագետներին սպասվում է հարուստ եւ բազմազան ծրագիր: 



Հիմնական մրցույթից զատ՝ փառատոնի չորս այլ բաժիններում ներկայացված են  շուրջ երեք տասնյակ կինոնկարներ: Մրցույթից դուրս կկայանա «Հան Սոլո. աստղային պատերազմներ: Պատմություններ» ֆիլմի պրեմիերան: 



Ինչպես նշում է «Associated Press» գործակալությունը, ինչպես նախորդ տարիներին, այս տարի եւս հոլիվուդյան աստղերը  հայտնվել են հանրության ուշադրության կենտրոնում՝ աչքի ընկնելով իրենց յուրահատուկ, ոճային եւ նրբագեղ տեսքով: 



Նշենք, որ փառատոնի փակման արարողությունը կանցկացվի մայիսի 19-ին, իսկ արդյունքները կամփոփվեն մայիսի 20-ին: